62 տարի առաջ այս օրը անգլիական «Մանչեստեր Յունայթեդը» վերադառնում էր հայրենիք Եվրոպական Չեմպիոնների գավաթի խաղարկությունից:
«Բասբիի մանուկների» թռիչքը մնաց անավարտ…
1958թ. փետրվարի 6-ին Մյունեխնի օդանավակայանում վթարի ենթարկվեց «Մանչեստեր Յունայթեդի» ինքնաթիռը: Airspeed AS.57 Ambassador ինքնաթիռը, որը պատկանում էր Բրիտանական ավիաուղիներին, կատարում էր Բելգրադ – Մյունխեն – Մանչեստեր թռիչքը:
Ինքնաթիռը վայրէջք էր կատարել Մյունխենում, որտեղ պետք է վառելիք լիցքավորեր ու շարունակեր թռիչքը դեպի Մանչեստեր: Օդաչուն ինքաթիռը վերեւ բարձրացնելու երկու անհաջող փորձերից հետո հայտնեց անձնակազմին, որ ինքնաթիռի հետ կապված խնդիրներ կան, սակայն թիմի ղեկավարի հորդորով կատարվեց նաեւ երրորդ փորձը:
62 տարի առաջ այս օրը Մյունխենում թաց ձյուն էր տեղում: Օդաչուն ստիպված կատարեց նաեւ թռիչքի երրորդ փորձը, որն ունեցավ ողբերգական ավարտ: Պատճառները երկուսն էին` ինքնաթիռի անսարքությունն ու մյունխենյան թաց ձյունը:
Վթարի հետեւանքով զոհվեցին 23-ը, իսկ 19 հոգի ստացան տարբեր աստիճանի վնասվածքներ: Զոհվածներից 8-ը թիմի ֆուտբոլիստներ էին, իսկ 3-ը` աշխատակիցներ:
Մանչեստերյան ակումբի դարպասապահ Հարի Գրեգը այդ սարսափելի օրվա իսկական հերոսն էր:Նա այրվող ինքաթիռից կարողացավ դուրս բերել մեկ երեխայի, ինչպես նաեւ Մեթ Բասբիին ու Բոբի Չարլտոնին:
1958 թվականի փետրվարի 6-ից տարիներ անց «Յունայթեդը» սկսեց վերելք ապրել Գրեգի, Չարլտոնի, Բասբիի եւ նրա օգնական Ջեյմի Մերֆիի շնորհիվ:
«Մանչեստեր Յունայթեդը»` Սըր Բասբիի գլխավորությամբ, 1968-ին նվաճեց Եվրոպական Չեմպիոնների գավաթը: Լեգենդար թիմից կային երկուսը` Բոբի Չարլտոնը եւ Ֆոուլքսը:
ArmLur.am-ը առաջարկում է դիտել «Մյունխենյան ողբերգություն» ֆիլմը, որտեղ մանրամասն ներկայացված է այն ամենը, ինչը վերաբերում է ինքնաթիռի կործանմանն ու այդ «Մանչեստեր Յունայթեդին»:
Էդմոն Մարտիրոսյան