ՖՈՏՈ․ «Ռոման» Մխիթարյանի փոխարեն կարող է ձեռք բերել այլ ֆուտբոլիստի․ օրվա թոփ 5 տրանսֆերները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ազգային հավաքաանի ավագ եւ առաջատար Հենրիխ Մխիթարյանի ապագան իտալական «Ռոմայի» կազմում շարունակում է մնալ անորոշ։ Հռոմեական ակումբը մեր ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքի բարձր լինելու պատճառով կարող է թիմ հրավիրել այլ ֆուտբոլիստի։ ArmLur.am-ը առաջարկում է ծանոթանալ օրվա տրանսֆերային անցուդարձին (գլխավոր 5-ին անդրադարձել ենք ավելի մանրամասն)։

Ջեյդոն Սանչոն պատրաստ է տեղափոխվել «Մանչեստեր Յունայթեդ»

Գերմանական «Բորուսիա Դորտմունդի» երիտասարդ ֆուտբոլիստ Ժեյդոն Սանչոն պատրաստ է տեղափոխվել անգլիական «Մանչեստեր Յունայթեդ», հաղորդում է The Athletic-ը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ 20-ամյա անգլիացին «Կարմիր Սատանաների» կազմում կկրի 7 համարի մարզաշապիկը, որը ժամանակին կրել են այնպիսի լեգենդար ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Կրիշտիանու Ռոնալդուն, Ջորջ Բեսթը, Էրիկ Կանտոնան եւ Դեյվիդ Բեքհեմը։ Ըստ աղբյուրի՝ Սանչոն մանչեստերյան ակումբում կվաստակի շաբաթական 400 հազար ֆունտ ստերլինգ։ Հիշեցնենք, որ Ջեյդոն Սանչոն 2017 թվականին է «Մանչեստեր Սիթիից» տեղափոխվել «Բորուսիա Դորտմունդ» 7,84 մլն եվրոյի դիմաց։ Անգլիացին ընթացիկ մրցաշրջանում «մեղուների» կազմում մասնակցել է 35 հանդիպման ՝ դառնալով 17 գոլի եւ 19 գոլային փոխանցման հեղինակ։ Հիշեցնենք, որ Սանչոյի ծառայություններով է հետաքրքրված նաեւ Լոնդոնի «Չելսին»։

Ջեյդոնը «Մանչեստեր Յունայթեդի» գլխավոր նպատակն է առաջիկա տրանսֆերային պատուհանի համար։ Ուլե Գունար Սուլշերը իր թիմում է ցանկանում տեսնել նաեւ «Աստոն Վիլլայի» կիսապաշտպան Ջեք Գրիլիշին ու «Լեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Ջեյմս Մեդիսոնին։

ՊՍԺ-ում վստահ են, որ կկարողանան թիմում պահել Նեյմարին

Ֆրանսիական ՊՍԺ-ի ղեկավարությունը վստահ է, որ թիմի բրազիլացի հարձակվող Նեյմարը առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում չի լքի թիմը, տեղեկացնում է Mundo Deportivo-ն։ Ըստ աղբյուրի՝ փարիզյան թիմում կարծում են, որ կորոնավիրուսի պանդեմիայի առաջացրած ճգնաժամի պատճառով ոչ մի ակումբ չի կարողանա վճարել Նեյմարի համար պահանջվող գումարը։

Այս պահին բրազիլացու տրանսֆերային արժեքը գնահատվում է 128մլն եվրո, բայց այդ գումարն էլ շատ քիչ է, որի դիմաց ՊՍԺ-ն պատրաստ կլինի բաժանվել Նեյմարից։ Հարձակվողի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնան», ով ըստ տարածված լուրերի, պատրաստ է հանուն Նեյմարի Ֆրանսիայի չեմպիոնին զիջել Անտուան Գրիզմանին կամ Ֆելիպե Կոուտինյոյին։ Հիշեցնենք, որ Նեյմարը 2017 թվականին է «Բարսելոնայից» տեղափոխվել ՊՍԺ 222մլն եվրոյի դիմաց։ Տրանսֆերային այս ռեկորդը դեռեւս չի գերազանցվել։

Նեյմարի եւ ՊՍԺ-ի միջեւ գործող պայմանագիրը լրանում է 2022 թվականի հունիսի 30-ին։ Հարձակվողը Ֆրանսիայի մայրաքաղաքը ներկայացնող թիմի կազմում ընթացիկ մրցաշրջանի բոլոր մրցաշարերում մասնակցել է 22 հանդիպման ՝ դառնալով 18 գոլի եւ 10 գոլային փոխանցման հեղինակ։

Նոյերն ու «Բավարիան» նոր պայմանագրի շուրջ համաձայնության գալ չեն կարողանում

Մյունխենի «Բավարիայի» գերմանացի դարպասապահ Մանուել Նոյերը չի կարողանում համաձայնության գալ ակումբի ղեկավարության հետ պայմանագիրը երկարաձգելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է Bild-ը։ Ըստ աղբյուրի՝ Նոյերը մյունխենյան թիմից պահանջում է աշխատավարձի բարձրացում։ Դարպասապահը նոր պայմանագրով տարեկան ցանկանում է ստանալ ավելին քան 20մլն եվրո։ Նշվում է, որ ֆուտբոլիստը նաեւ ցանկանում է, որ նոր պայմանագիրը ուժի մեջ լինի մինչեւ 2025 թվականի ամառը, որն էլ մյունխենյան ակումբի ղեկավարության սրտով չէ։

Ակումբը ցանկանում է 34-ամյա դարպասապահի հետ պայմանագիրը երկարաձգել մինչեւ 2023 թվականի ամառը։ Մանուել Նոյերը ընթացիկ մրցաշրջանի բոլոր մրցաշարերում «Բավարիայի» կազմում մասնակցել է 37 հանդիպման՝ բաց թողնելով 38 գնդակ։
Հիշեցնենք, որ գերմանացի դարպասապահի ծառայություններով է հետաքրքրված Լոնդոնի «Չելսին»։

«Չելսին» կարող է վաճառել Նգոլո Կանտեի տրանսֆերը

Լոնդոնի «Չելսիի» ֆրանսիացի կիսապաշտպան Նգոլո Կանտեն առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացում կարող է փոխել ակումբային գրանցումը, հաղորդում է 90min-ը։ Ըստ աղբյուրի՝ Կանտեի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են ֆրանսիական ՊՍԺ-ն եւ Մադրիդի «Ռեալը»։ Կանտեն առաջվա նման կարեւոր դեր ունի լոնդոնյան թիմում, սակայն ակումբը ցանկանում է զգալի գումար աշխատել ՝ վաճառելով իր առաջատարներից մեկին։ Նշվում է, որ Կանտեի հաջորդ ամենահավանական կանգառը Մադրիդի «Ռեալն» է, քանի որ «Արքայական ակումբի» գլխավոր մարզիչը Կանտեի հայրենակից Զինեդին Զիդանն է։ Բացի Զիդանից՝ մադրիդյան ակումբում են նաեւ ֆրանսիացիներ Ռաֆայել Վարանը, Կարիմ Բենզեման եւ Ֆերլան Մենդին։

Հիշեցնենք, որ Կանտեն 2016 թվականին է «Լեսթեր Սիթիից» տեղափոխվել «Ազնվականների» ճամբար։
Հավելենք, որ Կանտեն Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում դարձել է 3 գոլի հեղինակ։
Կանտեի պայմանագիրը անգլիական ակումբի հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։

«Ռոման» հնարավոր է Մխիթարյանի փոխարեն ձեռք բերի Պեդրոյին

Իտալական «Ռոման» ցանկանում է ձեռք բերել անգլիական «Չելսիի» իսպանացի ֆուտբոլիստ Պեդրո Ռոդրիգեսի տրանսֆերը։ Ինչպես տեղեկացնում է The Mirror-ը ՝ հռոմեական ակումբը արդեն առաջարկ է կատարել ֆուտբոլիստին։ Պեդրոյի եւ լոնդոնյան թիմի միջեւ գործող պայմանագիրը լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։ Նշվում է, որ ֆուտբոլիստը չի ցանկանում մնալ անգլիական թիմում եւ կփոխի ակումբային գրանցումը։ Պեդրոն այլ ակումբ կտեղափոխվի ազատ գործակալի կարգավիճակով։

Ավելի վաղ իտալական պարբերականները հաղորդում էին, որ «Ռոման» ցանկանում է ձեռք բերել Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի ամբողջական տրանսֆերը, սակայն այդ հարցում բախվել է լուրջ խնդրի։ Լոնդոնի «Արսենալի» ղեկավարությունը մեր ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց պահանջում է 18մլն եվրո, որը, սակայն «Ռոման» վճարել չի ցանկանում։ Դա է պատճառը, որ իտալական ակումբը հայացքը ուղղել է Պեդրոյի կողմը։
Հավելենք, որ Իտալիայի մայրաքաղաքը ներկայացնող ակումբը հետաքրքրված է նաեւ անգլիական «Էվերտոնի» բրազիլացի ֆուտբոլիստ Բերնարդով։

Հիշեցնենք նաեւ, որ Հենրիխ Մխիթարյանը այժմ «Ռոմայի» գույներն է պաշտպանում միայն վարձակալական հիմունքներով։ Մեր ընտրանու ավագը Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում դարձել է 6 գոլի եւ 3 գոլային փոխանցման հեղինակ։

ԱՅԼ ՏՐԱՆՖԵՐԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ՝

Թուրինի «Յուվենտուսը» ցանկանում է պայմանագիր առաջարկել «Ռոմայի» ֆուտբոլիստ Բրայան Կրիստանտեին։

Մադրիդի «Ռեալը» ու կատալոնական «Բարսելոնան» կատաղի պայքար են մղում «Սան Պաուլուի» երտասարդ ֆուտբոլիստ Իգոր Գոմեսի համար։

Ֆրանսիացի ֆուտբոլիստ Կինգսլի Կոմանը կարող է հեռանալ Մյունխենի «Բավարիայից»։

«Տոտենհեմը» ցանկանում է ձեռք բերել «Վալենսիայի» կիսապաշտպան Ժոֆրեյ Կոնդոգբիայի տրանսֆերը։ Ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբի վրա կարող է արժենալ 26մլն եվրո։

«Լեյպցիգի» պաշտպան Դայե Ուպամեկանոն հայտնվել է Մադրիդի «Ռեալի» տեսադաշտում։

ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանիի մայրը ակնարկել է այն մասին, որ իր որդին կարող է կարիերան շարունակել «Ատլետիկո Մադրիդում»։ Ավելի վաղ Կավանիի մտերիմ ընկերը, ով նաեւ ուրուգվայական «Պենյարոլի» ավագն է, ասել էր, որ Էդինսոնը կտեղափոխվի «Պենյարոլ»։

«Ռեալը» հետաքրքրված է Լիոնի «Օլիմպիկի» երիտասարդ կիսապաշտպան Հուսեմ Աուարի տրանսֆերով։

Թուրքական «Բեշիկթաշը» ցանկանում է վարձակալել «Արսենալի» կիսպաշտպան Մոհամեդ Էլնենիին։

Քրիս Սմոլինգը կվերադառնա «Մանչեստեր Յունայթեդ»։ Նրա «Ռոմա» տեղափոխությունը կարող է չկայանալ։

Մադրիդի «Ռեալը» շարունակում է մտածել «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի մասին։

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս