ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Իմ քայլը» տապալեց սեփական նախագիծը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ չընդունվեց Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում էր դադարեցնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ անդամների պաշտոնավարումը: Նախագիծը չընդունվեց 36 դեմ և 87 ձեռնպահ ձայներով:

Մինչ քվեարկությունը, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ «Իմ քայլը» խմբակցությունը ձենպահ կքվեարկի նախագծին: «ՍԴ շուրջ ստեղծված ճգնաժամի լուծումը պետք է տրվի հանրաքվեի միջոցով: «Իմ քայլը» խմբակցությունը ձեռնպահ կքվեարկի այս անգամ»,- ասաց Սիմոնյանը:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ու խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանը հայտարարել էին, որ իրենց խմբակցությունը ցանկանում է Սահմանադրության փոփոխությունների հարցը դնել համաժողովրդական հանրաքվեի: «Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով: Հետևաբար, Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է իրավունք ունենա արդյունավետ կերպով իրացնել իր իրավունքները: Ասվածը վերաբերում է նաև հանրաքվեի միջոցով իր ձայնը լսելի դարձնելուն: Առաջնային մանդատ ունեցող իշխանության մարմինների լիազորությունների դադարեցման հարցը հանրաքվեի առարկա դարձնելը կարող է էապես նվազեցնել անհարկի լարվածությունը, և երկրի հետ պահել անցանկալի ցնցումներից»,- նշել էր Մակունցը:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծով առաջարկվում է 1995 թվականի հուլիսի 5-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով, 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ. «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների պաշտոնավարումը դադարում է: Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Կառավարությունը, Հանրապետության նախագահը եւ դատավորների ընդհանուր ժողովը:

Սույն հոդվածի 1-ին մասի հիման վրա մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների լիազորությունները համարվում են դադարած, իսկ առաջացած թափուր տեղերը համալրելու ժամկետները եւ այլ մանրամասները սահմանվում են Սահմանադրական դատարանի մասին օրենքով նախատեսված կարգով: Նշված կարգը նախատեսող սահմանադրական օրենքի փոփոխություններն ընդունվում են եւ ուժի մեջ են մտնում սույն հոդվածի ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում»,- նշված է նախագծում:




Լրահոս