Իրենց համար դրականը մեծ ավտոն է, լավ ֆենով արված սանրվածք, մեկ էլ չինական կուրտկա. Փաշինյանը՝ Վանեցյանի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը նախօրեին հանդիպում է ունեցել տպագիր մամուլի խմբագիրների հետ, որի ժամանակ հայտարարել է իր՝ քաղաքականություն մտնելու եւ կուսակցություն ստեղծելու մասին: Վանեցյանը հայտարարել է, որ առաջիկայում հանդես է գալու ավելի մեծ ասուլիսով, որտեղ կտրվեն բոլոր այն հարցերի պատասխանները, որոնք մինչեւ այժմ հանրության համար անհասկանալի են մնացել:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցերի շուրջ զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանի հետ՝ պարզելու համար, թե իրենք ինչպես են վերաբերվում իրենց նախկին թիմակցի քաղաքական գործունեության սկսման հայտարարությանը:

-Պարո՛ն Փաշինյան, արդեն հստակ է, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը քաղաքական գործունեությամբ է զբաղվելու, որի մասին հանդես է եկել հայտարարությամբ: Ինչպե՞ս է այդ ամենին վերաբերվում իշխանական խմբակցությունը, արդյոք այդ ամենը անհանգստացնո՞ւմ է իշխանություններին:

-ՀՀ-ում ցանկացած ոք իրավունք ունի զբաղվել քաղաքականությամբ, ես դրանում որեւէ արտառոց բան չեմ տեսնում եւ նաեւ ուրախ եմ, որ մենք հեղափոխությունից հետո Վանեցյան Արթուրին հնարավորություն տվեցինք, որպեսզի հանրությունը, առհասարակ, ճանաչի, թե ով է Վանեցյան Արթուրը:

-Բայց Ձեր իշխանությունը հակառակորդ է Արթուր Վանեցյանին համարում, ու, կարծես թե, իրենք լինելու են լուրջ ընդդիմություն իշխանություններին: Դուք այդպես չե՞ք կարծում:

-Հայաստանին, առհասարակ, ընդդիմություն պետք է, մեզ՝ որպես իշխանության, ընդդիմություն պետք է, բայց ով կարող է դառնալ ընդդիմություն, ով չէ, կյանքը ցույց կտա, եւ ՀՀ-ում նախկինների շրջապատներում առավոտից իրիկուն ժամանակ անցկացնող մարդիկ չեն կարող քաղաքական դաշտում հաջողություններ ունենալ եւ ոչ թե այն պատճառով որ իշխանությունը չի ուզում, այլ այն պատճառով, որ հասարակությունը մերժել է նախկիններին, նախկինների առհասարակ արժեհամակարգը, գործունեությունը, վարվելակերպը, մտածելակերպը: Իսկ ժամանակի ընթացքում կտեսնենք՝ ով հաջողություն կունենա, ով՝ չէ:

Արթուր Վանեցյանի եւ, առհասարակ, ընդդիմադիր գործիչների հետ կապված՝ թո՛ւյլ տվեք՝ կանխատեսումներ չանեմ, որովհետեւ այս պահին, ամեն դեպքում, կարծում եմ, որ ՀՀ-ում ընդդիմություն կա, խորհրդարանում գոնե երկու ընդդիմադիր ուժեր կան:

-Պարո՛ն Փաշինյան, Արթուր Վանեցյանը հանդիպման ժամանակ հայտարարել է նաեւ, որ ինքը ժամանակին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմացությամբ հանդիպում է ունեցել Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ: Դուք տեղյա՞կ եք, թե վարչապետը ինչի համար է Վանեցյանին «գործուղել» Մինասյանի մոտ հանդիպման: Նպատակը ո՞րն է եղել:

-Ուրեմն մարդը, առհասարակ, որը կարող է Ձեզ հետ խոսել մի բան, հետո գնալ ուրիշի հետ խոսել մի այլ բան, հետո երրորդ տեղ մի այլ բան եւ հարվածել Ձեզ մեջքից, այդ մարդու ասածները ես որեւէ ձեւ չեմ մեկնաբանի: Անկախ անձից՝ ազգային անվտանգության տնօրենի պաշտոնը ստանձնած մարդը, երբ որ հայտարարություն է անում, այդ հայտարարությունը որոշակիորեն է ընդունվում: Տեսեք, Դուք արդեն պնդում եք, Դուք չեք հարցնում՝ նման բան եղել է, թե չէ, Դուք ասում եք՝ եղել է, ու խնդրում եք մանրամասներ:

Իսկ ո՞վ է Ձեզ ասել, որ նման բան ընդհանրապես եղել է: Ես կրկնում եմ, որ այն մարդիկ, ովքեր մեջքից հարվածել գիտեն, ամեն ինչի ընդունակ են, ու այդ մարդկանցից պետք է հեռու մնալ կիլոմետրերով, որովհետեւ իրենք իրենց կյանքում որեւէ տեղ որեւէ բարիք չեն կարող ստեղծել եւ որեւիցէ դրական բան, բացի փողից, իրենք չեն տեսնում: Իրենց համար դրականը փողն է, մեծ ավտո, լավ ֆենով արված սանրվածք, բրասլետ, մեկ էլ չինական կուրտկա: Ներողություն, բայց դա տեսակ է, ու ես այդ տեսակներին չեմ մեկնաբանում, ժամանակը ափսոս է:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս