Մարդիկ, ովքեր պետք է լավ իմանային այդ շենքի արժեքը, արհամարհել են. ճարտարապետը՝ Հայպետհրատի շենքի քանդման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի խումբ ճարտարապետների վրդովեցրել են Հայպետհրատի շենքում կատարվող շինարարական աշխատանքները: Ճարտարապետների պնդմամբ շենքը ոչ թե վերանորոգում, այլ հիմնովին վերակառուցում են:

Նշենք, որ Մշակույթի նախարարության ենթակայության «Հայաստանի ազգային գրապալատ» ՊՈԱԿ-ին ամրացված 971 քմ ընդհանուր մակերեսով տարածքը անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով կամրացվի Երևանի մնջախաղի պետական թատրոնին։

Ի դեպ, այս առթիվ ստեղծվել է նաև «Փրկենք տպարանի շենքը» նախաձեռնող խումբ, որը փետրվարի 5-ին հայտարարություն է տարածել, որով պահանջում է անմիջապես դադարեցնել Հայպետհրատի շենքի տարածքում «ՀՀ օրենսդրության կոպիտ ոտնահարմամբ իրականացվող աշխատանքն ու ամենասեղմ ժամկետներում սկսել մասնագիտական քննարկում՝ ապահովելով հանրային և մասնագիտական երկխոսության պատշաճ պայմաններ»։

Շենքում աշխատանքների դադարեցման պահանջն անտեսելու պարագայում նախաձեռնող խումբը զգուշացնում է, որ ստիպված կլինի դիմել «պայքարի այլ միջոցների և մեթոդների»:

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանի հետ, որը ևս հավանություն չի տվել այդ նախագծին:

«Շենքը հաստատ չեն քանդի: Այսօր հաճախ չհաստատված նախագծեր են գովազդում, որը Երևանի քաղաքապետարանի, Գլխավոր ճարտարապետի գործառույթն է: Մինչև նախագիծը չտեսնեմ, ոչինչ չեմ կարող ասել: Ամենամեծ ավերածությունը կատարվել է խորհրդային տարիներին, այն մարդիկ, ովքեր պետք է լավ իմանային այդ շենքի արժեքը, արհամարհել են»,-ասաց ճարտարապետը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս