«Ի՞նչ համագործակցություն՝ դու 4-րդ տեղում ես, իսկ ես՝ առաջին, որոշողը ե՛ս պիտի լինեմ». Մասիս Մայիլյանն ու Սամվել Բաբայանը լարված զրույց են ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ 2 օր առաջ Արցախում տեղի է ունեցել փակ հանդիպում նախագահի հավանական թեկնածու, Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի և Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի միջև: Արցախում կայանալիք ընտրություններին դեռ ամիսուկես ժամանակ կա, բայց արդեն պաշտոնների բաշխում է սկսվել:

ArmLur.am-ի աղբյուրները հայտնում են, որ հանդիպումը տեղի է ունեցել Մասիս Մայիլյանի նախաձեռնությամբ՝ քննարկելու Սամվել Բաբայանի կողմից իրեն աջակցելու հնարավորության հարցը: Հանդիպումից հետո կողմերն իրենց թիմակիցներին որոշակի մանրամասներ են հայտնել ընթացքից:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Մայիլյանի կողմից իրեն սատարելու եւ հնարավոր համագործակցության առաջարկից Բաբայանը պոռթկացել է, մոտավորապես այսպիսի հիմնավորմամբ, թե ի՞նչ համագործակցություն՝ դու 4-րդ տեղում ես, իսկ ես առաջին հորիզոնականում եմ, իմ ռեյտինգը բարձր է, դու մաքսիմում իմ մոտ նախագահ աշխատես, ես եմ քեզ նշանակելու նախագահ:

Մասիս Մայիլյանը լարված զրույցի արդյունքում Սամվել Բաբայանին խոստացել է իր ընտրվելու դեպքում նշանակել լայն լիազորություններով պետնախարար, որին Բաբայանը արձագանքել է, թե մոռացել ես, կարծես, թե Արկադիկի ժամանակ ոնց էր. ես էի սաղ որոշում, քեզ էլ նշանակելու եմ նախագահ, բայց որոշողը ե՛ս պիտի լինեմ:

Լուրեր կան, որ հանդիպումից հետո Մայիլյանի թիմում տիրում է համատարած հիասթափություն, իրենց պատկերացրած Մայիլյանն ավելի սկզբունքային պիտի լիներ, ոչ թե գլուխը կախեր Բաբայանի մոտ՝ որոշումների ղեկը նրան հանձնելով: ArmLur.am-ին լուրեր հասան, որ Մայիլյան-Բաբայան տանդեմին հնարավոր է միանան նաև Հայկ Խանումյանը և Ռուսլան Իսրաելյանը:

Հավելենք, որ վերջինս արդեն առաջադրվել է որպես նախագահի թեկնածու:




Լրահոս