200-ամյա շենքի քանդման հետքերով. ինչ է կառուցվելու, և ինչ սխալ հաշվարկներ է արել պետությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի՝ փետրվարի 7-ի հրապարակմանը՝ «Երևանում հյուրանոցի կառուցման համար 200-ամյա շենք են քանդում. ինչ կապ ունի դրա հետ ՀՀԿ-ական նախկին պաշտոնյան» վերտառությամբ, արձագանքել է Լեո 54 հասցեում հյուրանոց կառուցող «ԿԱՄ Դիվելոփմենթ» ընկերությունը:

«ԼԵՈ 54 հասցեի՝ նախկին «Հիդրոմետ»-ի շենքը «ԿԱՄ Դիվելոփմենթ» ընկերությունը գնել է Հայաստանից՝ պետության կողմից որոշված գնով: Ընդ որում, ընկերության վրա դրված է եղել նաեւ 500 մլն դրամի ներդրում կատարելու պարտականություն, որն արդեն կատարվել է:

Սակայն պարզվել է, որ անհրաժեշտ ներդրման չափը 1-1.2 մլրդ դրամ է, քանի որ վաճառքի ժամանակ սխալ հաշվարկ է կատարվել: Մեր ընկերությունը վնասներ է կրելու, սակայն բողոք չունենք այդ առումով, քանի որ այն, ինչ կառուցվելու է, կառուցվելու է մեր քաղաքում, աշխատատեղեր են ստեղծվելու, միջավայրն է զարգանալու»,- նշված է ընկերության՝ ArmLur.am-ին ներկայացված պարզաբանման մեջ:

Պարզվում է, որ ընկերությունը նախատեսում է շենքը վերակառուցել՝ այն դարձնելով բարձրակարգ հյուրանոց, եւ ստեղծել 50-55 նոր աշխատատեղ:

«Այս նախագծում որեւէ քաղաքական դեմքեր չկան: Արման Սահակյան չկա, հանրապետականներ չկան, այլ կուսաւցություններից չկան, առհասարակ որեւէ մեկը չկա: Սա հայկական բիզնեսմենների կողմից, սեփական փողերով, առանց գրանտների, առանց այլ երկրների վարկերի իրականացվող ծրագիր է»,- նշված է պարզաբանման մեջ:

Ի դեպ, նշենք, որ մեր հրապարակումից հետո Արման Սահակյանը ևս պարզաբանել և վստահեցրել է. «Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ որևէ առնչություն չունեմ վերոնշյալ տարածքի հետ»:




Լրահոս