Այսօր մեկնակում է Ազգային ժողովի հերթական նստաշրջանը: Երեկ տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստ, որի ժամանակ էլ հաստատվել է այսօր մեկնարկելիք նստաշրջանի օրակարգը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, ի տարբերություն մյուս դեպքերի, երեկ ԱԺ խորհրդի նիստը բավական կարճ է տեւել՝ մոտ չորս րոպե, եւ նիստի ժամանակ անգամ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն է զարմացել, որ այդքան հեշտ հնարավոր եղավ հաստատել օրակարգը: Տեղեկացանք, որ օրակարգում ընդգրկված է 20 հարց, որոնց մեծ մասը քննարկվելու է առաջին ընթերցմամբ: Եվ միայն նախագծերից 7-ն են, որ անցնելու են երկրորդ ընթերցում:
Հետաքրքիր է, որ այսօր մեկնարկող նիստերի օրակարգում ընդգրկված է նաեւ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ներկայացրած բազմաչարչար «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին»օրենքի նախագծերի փաթեթը: Ծխախոտի դեմ պայքարի մասին ծրագիրն ու նախագծի կազմումն առողջապահության նախարարը սկսել էր շատ վաղուց՝իր պաշտոնին նշանակվելուց քիչ անց: Սակայն մինչեւօրս նախարարին այդպես էլ չի հաջողվել խորհրդարանում ունենալ լիակատար վստահություն եւ օրենքի նախագիծն անցկացնել առանց միջադեպերի: Բանն այն է, որ յուրաքանչյուր անգամ մշտական հանձնաժողովներում այս հարցի քննարկումը վերածվում էր պայքարի հենց իշխանական պատգամավորների եւ նախարարի միջեւ: Ի վերջո, ստացվեց նախագիծն ընդունել առաջին ընթերցմամբ, եւ, ահա, այս նստաշրջանի օրակարգում նաեւ նախագծի երկրորդ ընթերցումն է:
Նկատենք, որ նախագծում կատարվել են բազմաթիվ փոփոխություններ այն տարածքների եւ հեռավորությունների առումով, որտեղ այսուհետ արգելվելու է ծխելը: Օրինակ՝ եթե սկզբնական տարբերակում առկա էր մանկապատանեկան մարզական կազմակերպությունների շենքներից եւ դրանց շենքերի մուտքերից ուղիղ գծով 5 մետր հեռավորության վրա սահմանումը, ապա այժմ հեռավորությունից առաջ նշվում է մինչեւ բառը: Բացի այդ, նախագծում թողնվել է միայն փակ տարածք հասկացությունը, եւ այլեւս առկա չէ կիսափակ բնորոշումը. այլ խմբագրական փոփոխություններ եւս արվել են:
Բացի կառավարության կողմից ներկայացված նախագծերից, այս նստաշրջանումմեծ թիվ են կազմում նաեւ պատգամավորների կողմից ներկայացված նախագծերը: Օրինակ՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության մի քանի պատգամավորներ առաջարկում են փոփոխություն կատարել «Տեղական ինքնակառավարման մարմնի» մասին օրենքում եւ,ըստ էության, կանոնակարգել նվիրատվությունների ոլորտը: Մասնավորապես, նրանք ցանկանում են ամրագրել, որօրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկը գերազանցող նվիրատվության կամ նվիրաբերության ստացման դեպքում համայնքի ղեկավարը դրանց վերաբերյալ տեղեկատվությունը ոչուշ, քան ստանալուց հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, հրապարակում է համայնքապետարանում փակցնելու, ինչպես նաեւ այն սահմանված կարգով համայնքի պաշտոնական համացանցային կայքում (առկայության դեպքում) զետեղելու միջոցով:
Հետաքրքիր է, որ պատգամավորներ Մխիթար Հայրապետյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Հարություն Բաբայանը համատեղ ներկայացրել էին «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծ, որի վերաբերյալ վերապահումներ ուներ ՀՀ կառավարությունը, եւ որի քննարկումը խորհրդարանի մշտական հանձնաժողովում բավականին բուռն է ընթացել: Մասնավորապես, նրանք առաջարկում են օրենքում ամրագրել մի դրույթ, համաձայն որի՝«Միջնակարգ կրթությունը պետական ուսումնական հաստատություններում անվճար է, իսկ հիմնական կրթության հիմքով նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնառելու դեպքում անվճար կրթությունը կազմակերպվում է մրցութային հիմունքներով»:
«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում էլ փոփոխություն են առաջարկում ԲՀԿ-ական պատգամավորներ Արթուր Դալլաքյանն ու Արտյոմ Ծառուկյանը: Նրանք առաջարկում են ամրագրել, որ դեկտեմբերի 1-ից մինչեւ մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում վարորդները պարտադիր վերազինվեն ձմեռային անվադողերով, ինչպես նաեւ վարելու ընթացքում միացված լինեն մոտակա լուսային լապտերները:
Նաիրա Հովհաննիսյան