ՀԱՐՑ. Գույքահարկի կիսամյակային հաշվարկ ե՞րբ պետք է ներկայացնել: Ընդհանրապես, գույքահարկի վճարման ժամկետ ե՞րբ է սահմանված:
Սուսաննա Ջիլավյան (39 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Անհրաժեշտ է ղեկավարվել «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի դրույթներով, համաձայն որի` գույքահարկ վճարող կազմակերպությունները հարկային մարմնի հաստատած ձեւով գույքահարկի կիսամյակային հաշվարկը մինչեւ հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը (ներառյալ) սահմանված եղանակներով ներկայացնում են`
1) հարկվող օբյեկտ համարվող շինությունների մասով` շինության գտնվելու վայրի գույքահարկ վճարողներին հաշվառող մարմին (համայնք),
2) հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցների մասով` իրենց գտնվելու վայրի գույքահարկ վճարողներին հաշվառող մարմին (համայնք):
Միաժամանակ հայտնում ենք, որ«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի դրույթներով՝
1. կազմակերպությունները գույքահարկի հաշվարկված գումարները,նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով, համապատասխան բյուջե են վճարում յուրաքանչյուր կիսամյակ` մինչեւ տվյալ կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:
2. Ֆիզիկական անձինք գույքահարկի տարեկան գումարը,նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով, համապատասխան բյուջե են վճարում մինչեւ հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ՝ բացառությամբ ֆիզիկական անձանց տարեկան տեխնիկական զննության ենթակա փոխադրամիջոցների համար գույքահարկի գծով հարկային պարտավորությունների, որոնք ամբողջությամբ կատարում են մինչեւ փոխադրամիջոցների` տվյալ տարվա տեխնիկական զննության ներկայացնելը:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ ֆիզիկական անձինք տարեկան տեխնիկական զննության ենթակա փոխադրամիջոցների համար գույքահարկի գծով հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարում են մինչեւ փոխադրամիջոցների` տվյալ տարվա տեխնիկական զննության ներկայացնելը:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:
Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: