ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԸ ԿՃԱՆԱՉԻ՞ ՀԱՐԳԵԼԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, արդեն տեւական ժամանակ է՝ մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Բաղդասարյանը նպատակ ուներ միառժամանակ փաստաբանական գործունեությամբ զբաղվել այնտեղ: Այդ առիթով ամենօրյա ռեժիմով փորձում էր հանդիպում ունենալ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ, որպեսզի բացակաները «հարգելի» համարվեին:

Երեկ այս հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է իմքայլական պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի հետ՝ պարզելու համար, թե որքանով են ճշմարիտ այս տեղեկությունները:
-Պարո՛ն Բաղդասարյան, Դուք ԱՄՆ ի՞նչ նպատակով էիք մեկնել, պաշտոնակա՞ն այց էր:
-Այո, մեկնել էի ԱՄՆ, չէ, պետական-պաշտոնական այց չէր, անձնական բնույթի այց էր:
-Մեր տեղեկությունների համաձայն՝ Դուք ԱՄՆ-ում փաստաբանական գործունեությամբ եք ցանկացել զբաղվել, որի համար էլ այնտեղ եք մեկնել: Կա՞ իրականում նման բան:
-Չէ, ես փաստաբանական գործունեությամբ իրավունք չունեմ զբաղվելու, հաստատ փաստաբանական գործունեությամբ չեմ զբաղվել:
-Այսինքն՝ այնտեղ դատական պրոցեսի չե՞ք մասնակցել:
-Դատական պրոցեսի մասնակցել եմ, բայց ոչ փաստաբանի կարգավիճակում, այլ վկայի կարգավիճակում:
-Իսկ ի՞նչ դատական գործ էր. եթե հնարավոր է, մանրամասնեք, խնդրում եմ:
-Մենք այնտեղ մի դատավարություն ունենք, Էդմոն Խուդյանի գործն է, արբիտրաժային դատավարություն է, ես վկա եմ: Այսքան, այլ բան չկա ասելու:
-Դուք նորի՞ց պետք է մեկնեք ԱՄՆ: Մենք տեղեկություններ ունենք, որ դիմել եք ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, քանի որ երկար ժամանակով պետք է բացակայեք խորհրդարանի աշխատանքներից, մոտ երեք ամիս ԱՄՆ-ում պետք է լինեք:
-Չէ, մի դրվագով էր, որտեղ ես վկա էի, նախկինում է եղել, ու ինձ որպես վկա էին հրավիրել դատավարությանը մասնակցելու համար: Արարատ Միրզոյանին նման գրություն չեմ գրել:
-Բայց Ձեր՝ խորհրդարանի աշխատանքներից բացակայելը խորհրդարանի ղեկավարը հարգելի՞ է համարել: Դուք դիմե՞լ եք ԱԺ նախագահին այդ հարցում:
-Դե ցանկացած դեպքում, երբ դու դատավարական պրոցեսում ինչ-որ կարգավիճակում ես հանդես գալիս, դատարանն էլ հրավիրում է ցուցմունք տալու, ես կարծում եմ, որ գործատուն դա պետք է համարի հարգելի: Չգիտեմ, այլ տեղեկություն չունեմ՝ այդ հարցի հետ կապված:
-Պարո՛ն Բաղդասարյան, Դուք ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ եք, որի ներկայացուցիչ, ձեր խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը նոր նախագիծ է ներկայացրել «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու մասին: Դուք ի՞նչ դիրքորոշում ունեք այս հարցում, կիսո՞ւմ եք Ձեր խմբակցության պատգամավորի առաջադրած դիրքորոշումը:
-Ես ամիսներ առաջ խոսել եմ, ասել եմ, որ որեւէ խոչընդոտ չկա 213 հոդվածում Սահմանադրության անցումային դրույթները, որը վերաբերում է ՍԴ նախագահի լիազորությունները երկարացնելուն…, կատարել փոփոխություն եւ համապատասխանեցնել այդ լիազորությունները գործող Սահմանադրությանը: Այսինքն՝ անցումային դրույթներով չէր կարելի ժամանակին կարգավորել մի իրավիճակ, որը անցումային փուլին չէր վերաբերում: Պետք է այդ հոդվածը փոփոխվի, որը պետք է ընտրվի ՍԴ դատավորների կողմից, ոչ թե ԱԺ-ի. այսօր մենք ունենք այդ իրավիճակը: Ես սա եմ առաջարկում, բայց այս պահին այս նախագիծը չկա, ես ասում եմ, որ պետք է 213 հոդվածում կատարվի փոփոխություն. այն անօրինական լիազորությունները, որը տրվել է նախորդ իշխանության կողմից կոնկրետ սուբյեկտներին, այդ անօրինական լիազորությունները ուժը կորցրած ճանաչեն: Սա իմ դիրքորոշումն է:
-Իսկ չե՞ք համարում, որ Վահագն Հովակիմյանի առաջարկած նախագծով հնարավոր կլինի այդ հարցերը կարգավորել:
-Վահագն Հովակիմյանի հետ կապված որեւէ բան չեմ կարող ասել, սա է իմ մոտեցումը, մնացածը ճշտեք Հովակիմյանից, այս պահին ես համարում եմ, որ ճիշտը այդ փոփոխությունը կատարելն է նշված հոդվածում: Ձեւակերպումները իրենից հարցրեք, շատ մանրուքներ կան այդտեղ, որ ես դեռեւս չեմ ընկալել:

 

 

 

 

ԻՄՔԱՅԼԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՍԱՆ ԴԻԼԻՋԱՆ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այս օրերին խառը ու լարված իրավիճակ է թե՛ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում, թե՛ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստերում: Ըստ մեր տեղեկությունների՝ իշխանության ներկայացուցիչները գրեթե ամենօրյա ռեժիմով քննարկում են ՍԴ-ի շուրջ ստեղծված անորոշ վիճակը, ու թե առաջիկայում կոնկրետ ինչ քայլեր պետք է իրականացնել, ինչի մասին բարձրաձայնել ու ինչի մասին լռել:

Ըստ մեր տեղեկությունների՝ դա է եղել պատճառը, որ իշխող խմբակցության ղեկավարությունը որոշել է երեք օրով խմբակցության անդամներով մեկնել Դիլիջան: Նրանք նպատակ ունեն մշակել իրենց 2020 թվականի ռազմավարությունը ու ի մի բերել անելիքները, քանի որ վերջին ժամանակահատվածում խմբակցության անդամների դիրքորոշումները սկսել են միմյանցից տարբերվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Աժ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի գլխավորությամբ են ընթանում քննարկումները: Իմքայլականները սեղանի շուրջ քննարկում ու դիրքորոշում են ներկայացնում, միմյանց կարծիքները հավաքագրում, որպեսզի հետագայում ի մի բերեն: Մենք տեղեկացանք, որ խմբակցության հիմնական քննարկումները սկսվելու են այսօրվանից, որի ժամանակ էլ պետք է հստակեցվեն իրենց օրակարգն ու անելիքները: Իմքայլականները մեզ հետ մասնավոր զրույցներում նշեցին, որ իրենց համար դեռեւս պարզ չէ, թե արդոք քննարկումներին կմիանա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե ոչ, քանի որ վերջինս այս պահին պաշտոնական գործուղման է: Թե այս դիլիջանյան հանդիպում-քննարկումներից ինչի կհասնեն իշխանական խմբակցության պատգամավորները, դժվար է ասել, բայց որ ձմեռային հանգիստն ապահովված է լինելու օրենսդիրների համար, դա արդեն փաստ է:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԱՆՉԵԼ ԵՆ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅԱՆ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական վարչություն հարցաքննության է հրավիրվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արեւիկ Անափիոսյանը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ վերջինս հարցաքննության է հրավիրվել իր բնակարանի գողության գործով: Ինչպես հայտնի է, հունվարի 24-ին գողության դեպք էր տեղի ունեցել Երեւանում։ Ժամը 11։30-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ հունվարի 19-ի ժամը 03։20-ից մինչեւ հունվարի 23-ի ժամը 10։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են Գյուլբենկյան փողոցի շենքերից մեկի պատշգամբի ճաղավանդակը, մտել տուն եւ բնակարանից հափշտակել ոսկյա եւ բրենդային կանացի ժամացույցներ, ոսկյա զարդեր եւ գումար։ Եվ փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում գողության հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ: «Ժողովուրդ» օրաթերթն այն ժամանակ փորձել էր մեկնաբանություն ստանալ Անափիոսյանից, սակայն վերջինս տեղի ունեցածը խիստ անձնական էր համարել եւ հայտարարել, թե այդ ամենով զբաղվում են ոստիկանները: Եվ, ահա, վերջիններս տեղի ունեցածին ընթացք են տվել:

 

 

 

ՍԿՍՎՈՒՄ Է
Հաջորդ շաբաթ՝ փետրվարի 3-ից, Ազգային ժողովում մեկնարկելու են մշտական հանձնաժողովների նիստերը: Ինչպես հայտնի է, փետրվարի 11-ին սկսվելու է հերթական նստաշրջանը, եւ մինչ այդ պետք է մշտական հանձնաժողովները քննարկեն նախագծերը: Սակայն, դրանցից զատ, երկարատեւ քննարկումներ են սպասվում Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում: Մասնավորապես, փետրվարի 4-ի նիստում ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացնելու է 2019 թվականի պետական բյուջեի ինն ամիսների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն, եւ քննարկում կկազմակերպվի: Եվ այդ նիստին հրավիրվելու է նաեւ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն ու ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Բացի այդ, նույն օրը հանձնաժողովում կքննարկվի նաեւ Հաշվեքննիչ պալատի 2020 թվականի գործունեության ծրագիրը: Իսկ, ահա, պատգամավոր Արտակ Մանուկյանն առաջարկելու է նաեւ խորհրդարանական լսումներ կազմակերպել «Պետական գնումների համակարգի հիմնախնդիրները եւ դրանց բարելավման ուղիները» թեմայով: Սակայն այսքանով էլ հանձնաժողովը կանգ չի առնում, եւ արդեն փետրվարի 8-ին էլ քննարկում կկազմակերպեն՝ ՀՀ պետական պարտքի կառավարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ:




Լրահոս