Ինչպես հայտնի է՝ այսօր պաշտոնապես մեկնարկում է սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը: Այն տեւելու է մինչև ապրիլի 3-ը։ Սակայն այսօրվա դրությամբ ձեւավորված է եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում որպես կողմ գրանցված է միայն «այո»-ն՝ ի դեմս «Իմ քայլ»-ի: Ազգային ժողովի պատգամավորների կողմից «Ոչ» քարոզչության կողմ ձևավորելու ժամկետը լրանում է այսօր: Սակայն ինչպես հայտնի է՝ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» եւ ԲՀԿ խմբակցությունները որեւէ շտաբ չեն ձեւավորելու եւ ձեռնպահ են մնալու քարոզարշավին մասնակցելուց:
Եվ այդ դեպքում «Ոչ»-ի քարոզչության կողմ կարող է ձևավորել առնվազն 50 քաղաքացիներից բաղկացած խումբը, եւ այդ մասին հայտարարել են իրավապաշտպաններն ու իրավաբանները:
Ինչպես արդեն նշեցինք, «Այո»-ի կողմը ձեւավորվել է ի դեմս «Իմ քայլ»-ի, եւ ԿԸՀ-ում որեպես լիազոր ներկայացուցիչ է պատգամավոր Վահագն Հովակիմյանը: Բացի այդ, արդեն հայտնի են այն պատգամավորների անունները, որոնք այս ընթացքում քարոզարշավ կիրականացնեն: Նրանց թիվը 44-ն է: Այսինքն 88 պատգամավորից բաղկացած խմբակցությունից քարոզարշավի կմասնակցի ուղիղ կեսը՝ 44-ը: Որպես քարոզչական կողմ՝ ցանկում չկան ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի, փոխնախագահներ Լենա Նազարյանի եւ Ալեն Սիմոնյանի անունները:
Հավելենք սակայն, որ այսօր «Իմ քայլ»-ը որեւէ քարոզչություն չի իրականացնելու: ArmLur.am-ի տեղեկություններով, այսօր նախատեսված է քննարկում ՔՊ-ով եւ պատգամավորներով, որից հետո էլ պարզ կդառնա քարոզչության ծրագիրն ու վաղվա անելիքները:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի կողմից 2020թ. փետրվարի 6-ին` Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին որոշման ընդունումից հետո, եւ փետրվարի 7-ին` Ազգային ժողովի նախագահի կողմից այն Հանրապետության նախագահին ներկայացնելուց հետո, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ղեկավարվելով Սահմանադրության 206-րդ հոդվածով, ստորագրել է հրամանագիր՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն ապրիլի 5-ին նշանակելու մասին: