Ինչպե՞ս անել, որ մանկապարտեզ հաճախող երեխաները կրթվեն ու զարգանան լավագույն պայմաններում, իսկ ծնողներն էլ լինեն հանգիստ: Ովքե՞ր են պատասխան տալիս այս հարցերին:
«Մանկապարտեզները, ավագանու որոշմամբ, որպես պատվիրակված լիազորություն տրվել են վարչական շրջանների ղեկավարներին, համապատասխան բաժիններին»,- նշում է Երևանի քաղաքապետարանի վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ Վահրամ Քոսակյանը:
Նախադպրոցական հաստատություններում վերահսկողությունն իրականացնում են վարչական շրջանների կրթության, մշակույթի և սպորտի բաժինները, քաղաքապետարանի հանրակրթության և վերահսկողության վարչությունները:
Մասնագետներն այցելում են մանկապարտեզներ, տեղում ծանոթանում կրթական գործընթացին, հատուկ ուշադրություն դարձնում պայմաններին:
Առանձին հսկողություն է սահմանված փոքրիկների սննդի՝ մթերքի որակի, ծավալի, պահպանման պայմանների նկատմամբ։ 2019թ. մի շարք մատակարարներ փոխվեցին: Չափորոշիչներին չհամապատասխանող սննդամթերք մատակարարելու փաստեր արձանագրվել են նաև այս տարի:
«Եթե մեկը կարող է մանկապարտեզին մատակարարել անընդունելի սնունդ, ուզում եմ զգուշավոր լինել բառերիս մեջ, այդ մարդկանց հետ մենք անելիք չունենք: Երևանի քաղաքապետարանը, գիտեք, պատշաճ կերպով իրականացրել է իր կողմից ստանձնած բոլոր պարտականությունները՝ վճարումները, դուք մասնակցել եք բաց մրցույթներին, առաջարկել եք այն գինը, որը հարմար է ձեր ընկերության համար ամբողջ տարի մատակարարում իրականացնելու համար, բայց շուկայում այդ գների բարձրացման պատճառով մատակարարն ասում է՝ ես հիմա չեմ կարող այդ սնունդը մատակարարել, որովհետև շուկայում գները բարձրացել են: Մենք այդ մարդկանց ենթարկելու ենք տույժերի և պայմանագրի խզման ենք գնալու»,-նշում Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:
Շենգավիթում օրեր առաջ նկատել էին՝ որոշ մանկապարտեզների սննդամթերքի մուտքի-ելքի հաշվառման գրանցամատյաններում առկա են վերափոխումներ: Համոզվելու համար անհրաժեշտ էր փորձաքննություն։
«Կային տեղեկություներ և կասկածներ, որ տեղի են ունեցել գրառումների վերափոխումներ: Մենք իրավական գնահատականներ չենք տալիս: Կան ուսումնասիրությունների տեսակներ, որոնց համար ստիպված դիմում ենք այլ գերատեսչությունների»,- ասում է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը:
Վերահսկությունը մանկապարտեզներում առավել արդյունավետ դարձնելու նկատառումով, մշակվել է նոր ձևաչափ, որն առաջիկայում կշրջանառվի: Մանկապարտեզներում իրականացվող ստուգումներին ավագանու վերջին նիստին անդրադարձավ նաև փոխքաղաքապետը:
«Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում տնօրեններին ավելի շատ ստուգում են, քան իրենք ժամանակ են ունենում աշխատելու: Տնօրենը, որ առավոտյան գալիս է աշխատանքի, սպասում է, թե երբ պետք է մտնեն, իրեն ստուգեն: Ստեղծարար աշխատելու, ինչ-որ նոր բան մտածելու ժամանակահատված մենք չենք թողնում այդ մարդկանց: Այո՛, եթե կա որոշակի տեղեկատվություն, որ կատարվում են չարաշահումներ, բնականաբար, պետք է ստուգվեն և պետք է պատժվեն այդ մարդիկ: Բայց ստուգումները, որքան էլ տալիս են իրենց արդյունքը, նաև կա դրա հակառակ արձագանքը»,- ընդգծում է Տիգրան Վիրաբյանը:
Երևանի 161 մանկապարտեզ հաճախում է ավելի քան 30 հազար երեխա: Բնակչությանը որակյալ ծառայություն մատուցելն, իհարկե, գերխնդիրն է: Մանկավարժների, ծնողների ու քաղաքային իշխանության միջև փոխվստահության մթնոլորտում միայն հնարավոր կլինի հաղթահարել արատավոր բարքերի մնացորդները և հաջորդ քայլով արդեն մտածել կրթական նոր ծրագրերի մասին: