Առաջիկա օրերին Ազգային ժողովում խորհրդարանական լսումների առումով բավականին ակտիվ է լինելու: Վաղը, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ, «Աղետների ռիսկի կառավարման եւ բնակչության պաշտպանության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ աշխատանքային քննարկում է կազմակերպվում:
Փետրվարի 21-ին էլ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպում է խորհրդարանական լսումներ՝ «Պետական գնումների համակարգի հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղիները» թեմայով:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ իշխանությունները վերադարձել են դատավորների վեթթինգի գաղափարին, որից, կարծես թե, հրաժարվել էին: Եվ, ահա, փետրվարի 25-ին էլ լսումներ կլինեն «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» թեմայով, որն էլ հենց ենթադրում է վեթթինգի կիրառում:
Այս լսումներից զատ, Ազգային ժողովում որոշել են ակտիվացնել նաեւ ՀՀ-ԵՄ համաձայնագրի հետ կապված հարցերը: Եվ փետրվարի 26-ին էլ տեղի կունենան խորհրդարանական լսումներ՝ նվիրված ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին: