ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրականում ինչ է կառուցվում Օղակաձև այգում. ավագանու անդամն ահազանգում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանում` Վարդան Մամիկոնյանի արձանի հարեւանությամբ` բնակչության շրջանում հայտնի Օղակաձեւ այգում, օրեր առաջ տեխնիկա է աշխատել: Այս մասին ահազանգում է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը: Նա տեղեկություն ունի, որ այդ տարածքում թափոնների վայր է հիմնվում։

Ըստ Թեհմինա Վարդանյանի՝ Վարդան Մամիկոնյանի արձանի հարակից այգում, որտեղ կա մանկական խաղահրապարակ, վերջին օրերին մեծ տեխնիկա է աշխատում, եւ տարածքը ասֆալտապատվում է: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Թեհմինա Վարդանյանը նշեց, որ խոսակցություններ են պտտվում այն մասին, որ այդ տարածքում վտանգավոր թափոնների ինչ-որ վայր է հիմնվում: Տեղեկացնենք, որ ավագանու անդամն այս խնդրի շուրջ ավագանու վերջին նիստին՝ փետրվարի 11-ին, դիմելով Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին, հետաքրքրվեց, թե ինչպես է վերաբերվում այն իրողությանը, որ խաղահրապարակի հարեւանությամբ թափոնների վայր է կառուցվում:

Ավագանու անդամի հարցին պատասխանեց Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը. «Ըստ ամենայնի, խոսքը գնում է այն մասին, որ այդտեղ նախապատրաստական աշխատանքներ են տարվում կանաչապատման համար նոր ստեղծվող ՀՈԱԿ-ի կազմում գործող տեսակավորված աղբի կետի եւ ոչ թե վտանգավոր թափոնների համար… Ամենայն հավանականությամբ, տեսակավորված աղբի կետի համար»:

Սակայն ավագանու անդամին չգոհացրեց թաղապետի պատասխանը, եւ նա նորից դիմեց քաղաքապետին. «Ոչ, ես այդպես էլ չհասկացա, այսինքն՝ այգում՝ խաղահրապարակի, պատմամշակութային արժեքի կողքին եւ Գետառի վերեւում, գործելու է անհասկանալի կառույց, սրան նորմա՞լ եք վերաբերվում»: Եւ ինչ, պարզվեց, որ քաղաքապետը տեղյակ չէ այդ շինարարությունից. «Ես այս պահին ինֆորմացիա չունեմ դրա մասին: Ես սրա մասին առաջին անգամ եմ լսում, կիմանամ՝ ինչի մասին է, դրա պատասխանը կտանք»:

Բայց «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ աղբի տեսակավորման կայան Կենտրոնի թաղապետարանը մտադիր է հիմնել «Կենտրոն կանաչապատում» ՓԲԸ-ի տարածքում (ի դեպ, այդ տարածքը գտնվում է Վ. Մամիկոնյանի արձանի մոտ՝ այգում), որտեղ կուտակվում է համայնքին պատկանող ե՛ւ փչացած, ե՛ւ սարքին գույքը, փայտանյութ եւ այլն: «Ժողովուրդ» օրաթերթը ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանի հետ երեկ եղավ Վարդան Մամիկոնյանի արձանի հարեւանությամբ գտնվող այդ տարածքում, որտեղ նախատեսվում է հիմնել աղբի տեսակավորման կենտրոնը: «Նախ՝ քաղաքապետը տարօրինակորեն կամ զավեշտալիորեն տեղյակ չէր, թե իր քթի տակ ինչ է կատարվում՝ Կենտրոն վարչական շրջանում՝ այգու տարածքում՝ մանկական խաղահրապարակի մոտ…

Խոսքը փոխանցեց Կենտրոն վարչական շրջանի նորաթուխ ղեկավարին, որն էլ փաստեց այն ամենը, ինչը ես ասացի։ Այսինքն՝այստեղ հստակ գործողություններ են իրականացվում։ Ես ունեի տեղեկություններ, որ վտանգավոր թափոնների թափման վայր է լինելու, եւ փաստացի որեւէ մեկը չհերքեց դա, որովհետեւ ես իսկապես ունեմտեղեկություններ, որ նախատեսվում է նման կառույց ստեղծել այստեղ։ Սա առնվազն տարօրինակ է, որ քաղաքապետը տեղյակ չէ, եւ սա խոսում է քաղաքապետի կոմպետենտության մասին եւս»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց ավագանու անդամը։

«Ժողովուրդ» օրաթերթին նկարահանման ժամանակ մոտեցավ «Կենտրոն կանաչապատում» ՓԲԸ-ի տնօրենՌուբեն Սիմոնյանը (աշխատողները, մեզ նկատելով, Ռ․Սիմոնյանին զանգով կանչեցին)։Պարզվեց, որ լուծարման գործընթացում գտնվող ընկերության ոչ միայն աշխատողները, այլեւ տնօրեն Ռուբեն Սիմոնյանը տեղյակ չէին, որ այդ տարածքում աղբի տեսակավորման կենտրոն է կառուցվելու: Այդ մասին նրանց պաշտոնապես ոչ ոք ոչինչ չի տեղեկացրել:

«Դա դեռեւս ինչ-որ խոսակցության մակարդակով է, որեւէ հստակ, կոնկրետ ժամանակներ չունենք, տեղյակ չենք։ Այս տարածքը «Կենտրոն կանաչապատում» ՓԲԸ-ի սեփականությունն է։ Որեւիցէ գործ դեռեւս չի եղել, ուղղակի գիտենք, որ կարող է…»,- նկատեցՍիմոնյանը։

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը մեր զրուցակցին փոխանցեց փետրվարի 11-ի ավագանու նիստին Կենտրոնի թաղապետ Ավետ Պողոսյանի հայտարարությունն այն մասին, որ այս տարածքում նախատեսվում է կառուցել աղբի տեսակավորման կենտրոն։ Մեր հարցին ի պատասխան՝ Սիմոնյանն արձագանքեց. «Տեղյակ չեմ, ես չգիտեմ»:

Երեւանի քաղաքապետարանից «Ժողովուրդ» օրաթերթին շտապեցին տեղեկացնել, որ այդ տարածքում վտանգավոր թափոնների թափման վայր չի նախատեսվում հիմնել, այլ աղբի տեսակավորման կետ։ Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց․ «Նման աղբի տեսակավորման կետեր արդեն կան Դավթաշենում, Աջափնյակում եւ Մալաթիա-Սեբաստիայում։ Նման հավաքակետեր գործելու են բոլոր 12 վարչական շրջաններում։

Ձեր նշած տարածքում էլ, ինչպես ավագանու վերջիննիստի ժամանակ նշել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը, աղբի տեսակավորման կետ է աշխատելու։ Ի դեպ, դա նորչի կառուցվում, նախկինում էլ այդ տարածքը օգտագործել է Կենտրոնի կանաչապատման կազմակերպությունը։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քաղաքապետարանն առաջին անգամ լրջորենսկսել է զբաղվել աղբի տեսակավորման խնդրով։ Անցած սեպտեմբերին Դավթաշենից մեկնարկել է ստվարաթղթի տեսակավորման եւ վերամշակման գործընթացը, հետագայում նաեւ այլ կոմպոնենտների տեսակավորում եւ վերամշակում է իրագործվելու»։

Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նորաստեղծ «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ղեկավար նշանակվել է Արմեն Բեգոյանը, որը նախկինում եղել է քաղաքապետարանին առընթեր թափառող կենդանիներին վնասազերծելու կենտրոնիտնօրենը։ Քաղաքապետի կինն էլ զբաղվում է կենդանիների պաշտպանության հարցերով, եւ, ըստ որոշ տեղեկությունների,  Բեգոյանը Մարությանների ընտանիքի մտերիմն է։ Բայց սա դեռ ամենը չէ․ այս օրերին տեսակետ է շրջանառվում այն մասին, որ Կենտրոն վարչական շրջանում աղբի տեսակավորման կետի կառուցվան վայր ընտրվել է հենց Օղակաձեւ այգու այդ հատվածը, քանի որ այն մոտ է քաղաքապետի բնակավայրին, եւ քաղաքապետի կինը կարող է ավելի հաճախ լինել այդտեղ:

Սակայն այս տեղեկությունը քաղաքապետի մամուլի խոսնակը որակեց զվարճալի բամբասանք․ «Ինչ վերաբերում է, առհասարակ, քաղաքապետի տիկնոջ մասնակցությանը այս հարցին. եթե հիշում եք, քաղաքապետն էլ վերջին բրիֆինգին ասաց, որ Իվա Մարությանը իր ընկերների հետ միասին հասարակական հիմունքներով աջակցում է աղբի տեսակավորման գործընթացին Երեւանում, մասնավորապես՝ նրա ջանքերով Եվրամիությունը ընդհանուր 5,3 միլիոն եվրո արժողությամբ ծրագիր է մեկնարկել Արեւելյան Եվրոպայի երեք մայրաքաղաքներում՝ Երեւան, Վարշավա, Տիրանա։ Դրամաշնորհի «առյուծի բաժինը»՝ շուրջ 4 միլիոն եվրո, ներդրվելու է Երեւանում կոշտ թափոնների կառավարման համակարգի ստեղծման գործի մեջ։ Տիկին Մարությանը, ի դեպ, մասնագիտությամբ հանրային առողջապահության եւ հիգիենայի մասնագետ է»։

Նկատեցի՞ք՝ 4 միլիոն եվրո ներդրվելու է Երեւանում կոշտ թափոնների կառավարման համակարգի ստեղծման գործի մեջ: Իսկ թե ծրագրի իրականացման համար ինչքան գումար դեռ կծախսվի, դժվար է ասել:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս