Նախորդ շաբաթվա weekend-ը լի էր սպորտային կարեւորագույն իրադարձություններով։ Հանգստյան օրերին սպորտային էպիկենտրոնում էին թենիսը, որտեղ կայացան Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչները, ու ֆուտբոլը, որը իր ցնցող հանդիպումներով հիացրեց երկրպագուներին։
«Ժողովուրդ» օրաթերթը առանձնացրել է այն լավագույնները, որոնք շարունակվում են քննարկվել, որոնց թողած ազդեցությունը դեռ չի լքել սպորտային աշխարհի ներկայացուցիչներին։
Սկսենք թենիսից, որտեղ ավարտին մոտեցավ Ավստրալիայի բաց առաջնությունը։ Կանանց մենապայքարում եզրափակիչ էին դուրս եկել ամերիկուհի Սոֆիա Քենինը եւ իսպանուհի Գարբին Մուգուրուսան։ Հանդիպման ֆավորիտը միանշանակ համարվում էր Մուգուրուսան, սակայն աշխարհի առաջին ռակետ Էշլի Բարթիին պայքարից դուրս հանած ամերիկուհին կարողացավ եւս մեկ անակնկալ մատուցել եւ հաղթել իր առաջին Australian Open-ը։ Ամեն դեպքում, Մուգուրուսային հաղթելը Քենինին հեշտ չտրվեց։ Հենց առաջին սեթում իսպանուհին կարողացավ 6։4 հաշվով պարտության մատնել Սոֆիային, սակայն վերջինս հավաքվեց եւ հաջորդ սեթում հաղթեց 6։2 հաշվով։ Վերջին սեթը նույնպես ավարտվեց Քենինի հաղթանակով, կրկին 6։2։ Այսպիսով, Սոֆիա Քենինը կոտրեց բոլոր կարծրատիպերը եւ կարողացավ նվաճել իր կարիերայի առաջին Գրանդ Սլամի տիտղոսը։ Տղամարդկանց մենապայքարում նույնպես կարող էր անակնկալ արդյունք լիներ, սակայն սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը «ատամներով կրծեց» հարդը եւ գլխավերեւում պահեց իր կարիերայի 8-րդ Ավստրալիայի բաց առաջնության տիտղոսը։ Նովակի մրցակիցը եզրափակչում իսպանացի Ռաֆայել Նադալին պայքարից դուրս թողած Դոմենիկ Թիմն էր։ Վերջինս դասվում է ժամանակակից թենիսի ուժեղագույնների շարքին, ինչն էլ ապացուցեց Ջոկովիչի դեմ հանդիպման ժամանակ։ Առաջին սեթում 6։4 հաշվով հաղթեց Ջոկովիչը, բայց դրան հաջորդող մյուս երկու սեթերում Դոմենիկ Թիմը հաղթեց համապատասխանաբար 6։4 եւ 6։2 հաշիվներով։ Երբ թվում էր, որ Թիմը կհասնի սենսացիոն հաղթանակի, Ջոկովիչը գործի դրեց իր ողջ դաժանությունն ու հաղթեց վերջին երկու սեթերը 6։3 ու 6։4 հաշիվներով։ Այսպիսով, Նովակ Ջոկովիչը դարձավ առաջին թենիսիստը, ով 8 անգամ տիրացել է Ավստրալիայի բաց առաջնության տիտղոսին։
Հիմա անցում կատարենք ֆուտբոլին, որտեղ հետաքրքիր իրադարձությունները նույնպես շատ էին։ Իտալիայի Ա սերիայում կայացավ առաջնության 22-րդ տուրը, որտեղ գործող չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը» 3։0 հաշվով կարողացավ առավելության հասնել «Ֆիորենտինայի» նկատմամբ։ Այդ խաղում դուբլ ձեւակերպեց Կրիշտիանու Ռոնալդուն։ Այս դուբլը Ռոնալդուի համար դարձավ պատմական, քանի որ պորտուգալացին հեղինակեց իր կարիերայի 722-րդ գոլը՝ այս ցուցանիշով դուրս գալով ֆուտբոլի պատմության լավագույն ռմբարկուների եռյակ՝ շրջանցելով Գերդ Մյուլերին։ Ռոնալդուին պատմության լավագույն ռմբարկուն դառնալու համար անհրաժեշտ է ընդամենը 46 գոլ, որը, հասկանալի է, ժամանակի հարց է։ Կրիշտիանուն նաեւ Իտալիայի առաջնությունում 9 խաղ անընդմեջ աչքի է ընկնում գոլով. եւս մեկ գոլ մյուս խաղում, եւ պորտուգալացին կդառնա «Յուվենտուսի» պատմության առաջին ֆուտբոլիստը, ով նման արդյունք է գրանցում։
Իտալիայի առաջնությունից անցնենք Ֆրանսիային, որտեղ զավեշտալի պատմության մեջ է հայտնվել ՊՍԺ-ի առաջատարներից Նեյմարը։ Առաջնության 22-րդ տուրի՝ «Մոնպելյեի» դեմ հանդիպման 38-րդ րոպեին բրազիլացին մրցավարի կողմից պատժվեց դեղին քարտով մրցակցին «ռադուգա» կոչվող հնարքով շրջանցելու համար։ Սա հանդիպման մրցավարը համարեց ոչ սպորտային պահվածք։ Այնուհետեւ Նեյմարը մրցավարի հասցեին կոշտ վիրավորանքներ հնչեցրեց, ինչի պատճառով կարող է ենթարկվել երկարաժամկետ որակազրկման։ ՊՍԺ-ում Նեյմարի գործերը շարունակվում են ձախողվել. արդարության համար պետք է նշել, որ բրազիլացին այս պարագայում այդքան էլ մեղավոր չէ։
Անցնենք Անգլիայի պրեմիեր լիգային, որտեղ չեմպիոնության համար պայքարը կարելի է համարել ավարտված։ «Մանչեստեր Սիթին» 0։2 հաշվով պարտվեց «Տոտենհեմին» եւ «Լիվերպուլից» այժմ հետ է 22 միավորով։ «Կարմիրները» շուտով պաշտոնապես կտիրանան իրենց պատմության առաջին Պրեմիեր լիգայի գավաթին։
Վերջին իրադարձությունը, որին պետք է անդրադառնանք, կապված է հայկական ֆուտբոլի հետ։ Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» կատարեց աննախադեպ գործարք։ Անգլիական «Նյուքասլ Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Յոան Գուֆրանը արդեն պաշտոնապես հայկական թիմի ֆուտբոլիստ է։ Ֆրանսիայի չեմպիոնն ու սուպերգավաթակիրը այսուհետ կպաշտպանի հայկական թիմի գույները։
«Արարատ-Արմենիան» արդեն իսկ շատ բան է փոխել հայկական ֆուտբոլում, սակայն ինչպես ասում են, ամեն ինչ դեռ առջեւում է ( Հայաստանի չեմպիոնի նորեկների, այդ թվում՝ Յոան Գուֆրանի առաջին մեկնաբանությունները, որպես «Արարատ -Արմենիայի» ֆուտբոլիստ, կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի հաջորդ համարում)։
Սրանք այն կարեւորագույն իրադարձություններն էին, որոնք վերջին օրերին սպորտային թատերաբեմում էին։
ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ