ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍԻ ՍՐՏԱԿԵՐՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել «Անգերազանցելիները» շարքը: Անդրադառնում ենք հայկական շոու-բիզնեսի այն աստղերին, որոնք աչքի են ընկնում իրենց բնորոշ առանձնահատկություններով եւ որակներով եւ դրանց շնորհիվ առաջատար են իրենց ոլորտում: Այս անգամ խոսքը մեր շոու-բիզնեսի սրտակերների մասին է: Նրանք գրավում են տղաների ու աղջիկների սրտերը, հայտնվում են նրանց սենյակների պատերին, պաստառների վրա, փլեյլիստերում եւ բոլոր հնարավոր տեղերում:

Անդրե
Երգիչ Անդրեն արդեն 40 տարեկան է, բայց մնում է ամենացանկալի փեսացուների շարքում: Նա գեղեցիկ է, գրավիչ, տաղանդավոր: Անդրեն բազմաթիվ անգամներ խոսել է իր սիրավեպերի մասին: Նա իր անձնականի մասին պատմելիս երբեմն անկեղծանում է մինչեւ վերջ: Շոկային էր, երբ նախորդ տարվա մարտին երգիչը հայտարարեց, որ կարող էր 21 տարեկան որդի ունենալ, սակայն վերջինս այդպես էլ չի ծնվել: Երգիչը հարցազրույցների ժամանակ նշել է, որ դեմ չէ օտարազգի կնոջ հետ կյանքը կապել: Դե ինչ, սպասենք եւ տեսնենք, թե ով կգրավի երգչի սիրտն ու կդառնա նրա տերը ամբողջ կյանքի համար:

Էրիկ


Էրիկը շատ չի սիրում խոսել անձնականի մասին, սակայն վերջերս հրապարակեց իր եւ ընտրյալի լուսանկարը: Համենայնդեպս, կարգավիճակի փոփոխության մասին դեռեւս խոսք չկա: Նա եւս տարիներ շարունակ չի իջնում ցանկալի փեսացուների շարքից: Էրիկի սիրային երգերն էլ կարծես նպաստում են սրտակերի նրա կերպարի կերտմանը:

Վան Եղիազարյան


Շատ աղջիկներ են խելքահան լինում «Նեմրա» խմբի մենակատարի համար: Երկրպագուների զգալի բանակ ռոք խումբը սիրում են հենց Վանի համար: Ի դեպ, որոշ ժամանակ առաջ հենց «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մեր հարցին, թե ինչ կասեր Վանը իրեն անմոռաց սիրահարված երկրպագուին, երգիչը պատասխանել էր. «Պարզապես կգրկեի նրան»:

Թամարա Պետրոսյան


Թամարան կամ, ինչպես ներկայանում է դերասանուհին, Տոման եւս ամուսնացած չէ եւ համալրում է ցանկալի հարսնացուների շարքերը: Նրա սիրտն ազատ է, բայց նա չի թաքցնում, որ ցանկանում է գտնել իր երկրորդ կեսին: Տոման առիթը բաց չի թողնում եւ հաճախ հումորներ է անում այդ թեմայով: Նա հարցազրույցներից մեկի ժամանակ խոստովանել էր, որ կցանկանար՝ իր ամուսնությունն էլ նույնքան արագ ստացվեր, որքան իր մարմնավորած կերպարներից մեկի դեպքում դա եղավ:

Վլադիմիր եւ Մարգարիտա Բարխոյաններ

Քույր եւ եղբայր երկուսն էլ գեղեցիկ են ու տաղանդավոր: Նրանք երկուսն էլ, սակայն, դեռ չեն ամուսնացել եւ համալրում են սրտակերների շարքերը: Տարիներ առաջ Վլադիմիրը խոսում էր իր սիրո, չստացված հարաբերությունների, հիասթափությունների մասին, իսկ, ահա, Մարգարիտան անձնականը փակ է պահում:

Անդրե Սիմոնյան

Ռոք երգիչը իր համեստությամբ եւ առանձնահատուկ խարիզմայով գերել է բազմաթիվ աղջիկների սրտեր, սակայն պետք է հիասթափեցնենք նրանց, քանի որ Անդրեն մեզ հետ զրույցում նշել է, որ արդեն երեք տարի է՝ ընտրյալ ունի: Նրա սիրելին ապրում է Լոնդոնում: Կարգավիճակի փոփոխություն, սակայն, դեռեւս չի սպասվում:

Աննա Խաչատրյան


Երգչուհի Աննա Խաչատրյանը եւս միայնակ է: Նա գեղեցիկ է, շնորհալի, հմայիչ, սակայն ամուսնացած չէ: Նրանք, ովքեր փնտրում են կայուն կապեր, միանշանակ կարող են հույս դնել Աննայի վրա, քանի որ վերջինս հենց այդպիսի հարաբերությունների կողմնակից է:

Սեւակ Ամրոյան


Երգիչը եւս շատ սիրված է աղջիկների կողմից, սակայն վերջերս ինստագրամյան իր էջում նա հրապարակեց մի լուսանկար, որտեղ ընտրյալի հետ էր: Ու չնայած չէր երեւում, թե կոնկրետ ով է երգչի ընտրյալը, երկրպագուների սրտերը կարծես փշրվեցին: Ինչպես երեւում է, հերթական ցանկալի փեսացուն պատրաստվում է լքել չամուսնացածների շարքերը:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

 

ՌՈՒԲԵՆ ԲԱԲԱՅԱՆԸ՝ ՌՈՒՍԵՐԵՆԻ ՈՒՍՈՒՑԻՉ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել «Աստղերի անհայտ կողմը» խորագրով շարքը:

Անդրադառնում ենք հայկական շոու-բիզնեսի այն ներկայացուցիչներին, որոնք առաջին մասնագիտությամբ որեւէ կապ չունեն բեմի կամ էկրանի հետ: Այս անգամ մեր զրուցակիցը Երեւանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Ռուբեն Բաբայանն է: Քչերը գիտեն, որ նա առաջին մասնագիտությամբ ռուսաց լեզվի եւ գրականության մասնագետ է, ավարտել է Երեւանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների համալսարանը: Իր առաջին մասնագիտությամբ պարոն Բաբայանն աշխատել է երկու ամիս. «Մինչեւ բանակ գնալը միջնակարգ դպրոցի բարձր դասարաններում դասավանդել եմ ռուսաց լեզու եւ գրականություն: Ասեմ, որ ուսուցչի կարգավիճակն ինձ շատ էր դուր գալիս: Հիմա էլ շատ հեռու չեմ այդ գործից, շուրջ 25 տարի է՝ դասավանդում եմ Թատերական ինստիտուտում: Երբ մտնում եմ դասարան կամ լսարան, մոռանում եմ կենցաղային խնդիրների մասին եւ անկեղծ զրույց եմ ունենում ներկաների հետ: Տարիքային տարբերությունը, գիտելիքներով զինված լինելը ինձ երբեք որեւէ առավելություն չեն տվել, միայն ավելի են պարտավորեցրել»,- մեկնաբանեց պարոն Բաբայանը:
Ռուբեն Բաբայանը` որպես գրական մասի վարիչ, 1980թ.-ից աշխատել է Երեւանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում: 1990-ին էլ ավարտել է Ռուսաստանի Թատերական ակադեմիան` ստանալով բեմադրող ռեժիսորի որակավորում. «Ռուսաց լեզվի եւ գրականության իմացությունը, Մոսկվայում սովորելը շատ են օգնել ինձ ողջ կյանքում: Ես ունեմ ներկայացումներ, որոնք ռուսերեն են բեմադրվել: Իմ առաջին ներկայացումը՝ դիպլոմային աշխատանքս, հենց ռուսերեն եմ ներկայացրել: Կարող եմ համարել, որ գրեթե փայլուն ռուսերեն գիտեմ»,- ասաց պարոն Բաբայանը:
Հավելենք, որ Ռուբեն Բաբայանը 1991թ.-ից աշխատում է Երեւանի տիկնիկային թատրոնում` որպես բեմադրիչ, 1998-ից` որպես գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն: Նա դասավանդում է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ՀԵՌԱՆԱ
Անգլիական«Մանչեստեր Յունայթեդի» ֆուտբոլիստները ցանկանում են, որ թիմի ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան հեռանա թիմից. այս մասին տեղեկացնում է Manchester Evening News-ը: Ըստ աղբյուրի՝ ֆրանսիացին իր խաղընկերներին տեղեկացրել է հեռանալու որոշման մասին, ինչին կողմ են արտահայտվել նրանք: Ֆուտբոլիստները կարծում են, որ Պոգբայի տրամադրվածությունը ազդում է թիմի մթնոլորտի վրա: Հիշեցնենք, որ ֆրանսիացին շարունակում է բուժվել վնասվածքից:

 

 

ԿԱՆՑԿԱՑՎԻ ՄՐՑԱՇԱՐ
2020 թ. ապրիլի 18-ից 23-ը Հայաստանում չորրորդ տարին անընդմեջ կանցկացվի Զարգացման մրցաշար, որին կմասնակցեն Մ-14 եւ Մ-15 տարիքային թիմերից բաղկացած 4-ական հավաքական. այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Հայաստանի Մ-15 հավաքականի մրցակիցները կլինեն Քաթարի, Բելառուսի եւ Չեռնոգորիայի հավաքականները: Հայաստանի Մ-14 հավաքականը կմրցի Բելառուսի, Քաթարի եւ Ղրղզստանի հավաքականների հետ: Մրցաշարի հանդիպումները տեղի կունենան ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:

 

ԿԱՆԳ ՉԻ ԱՌՆԻ
Անգլիական «Մանչեստեր Յունայթեդի» լեգենդար նախկին ֆուտբոլիստ Ռիո Ֆերդինանդը խոսել է մանկունյանցիների ոխերիմ մրցակից «Լիվերպուլի» մասին. «Ես «Յունայթեդի» երկրպագու եմ, բայց չեմ կարող չգնահատել «Լիվերպուլի» խաղը: Նրանք անկասելի են, եւ վստահ եմ, որ կանգ չեն առնի: Նրանց մրցակիցները կարող են խաղադաշտ դուրս չգալ, որովհետեւ դա անիմաստ է»,- ասել է Ֆերդինանդը: Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» Պրեմիեր լիգայի առաջատարն է եւ երկրորդ տեղում գտնվող «Մանչեստեր Սիթիից» առաջ է անցել մի ամբողջ 22 միավորով:

 

 

 

ՀԱՎԱՔ ԿԱՆՑԿԱՑՆԻ
Հայաստանի առաջին խմբի առաջնության միանձնյա առաջատար «Վեստ Արմենիան» հավաք կանցկացնի Թուրքիայի Բելեկ քաղաքում. այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական էջը: Հավաքը կմեկնարկի փետրվարի 6-ին եւ կտեւի 14 օր: Այդ հավաքի ընթացքում ակումբը նախատեսում է անցկացնել 4 ընկերական հանդիպում: Փետրվարի 9-ին Արմեն Շահգելդյանի թիմը կմրցի ռումինական «Մետալոգլոբուսի» հետ: Մյուս հանդիպումների մասին տեղեկություններ չկան: Հիշեցնենք, որ «Վեստ Արմենիան» 46 միավորով Առաջին խմբի առաջատարն է եւ երկրորդ տեղում հանգրվանած «Լովոմոտիվից» առաջ է 2 միավորով:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս