ՇԱԲԱԹՎԱ ՊԱՅԹՅՈՒՆԱՎՏԱՆԳ ՀԱՆԴԻՊՄԱՆՆ ԸՆԴԱՌԱՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալիա` Միլան` «Սան Սիրո» մարզադաշտ, Իտալիայի գավաթի խաղարկություն` «Միլանն» ընդդեմ «Յուվենտուսի». արդեն վաճառված են բոլոր տոմսերը, խաղին ներկա կլինեն 75.000-ից ավել երկրպագու: Թեժ պայքար, դարավոր թշնամություն, «մահ»` հանուն հաղթանակի, եւ «ոչնչացնող» պարտություն: Այս ամենի միաձուլմանը ականատես կլինենք ընդամենը 2 օրից Միլան քաղաքի լեգենդար մարզադաշտում՝ «Սան Սիրոյում»:

Առջեւում իտալական «ամենահյութալի» դերբիներից մեկն է` «Միլան» – «Յուվենտուս»:
Իտալիայի գավաթի խաղարկությունը վերջերս այսքան հետաքրքիր կիսաեզրափակիչներ չէր ունեցել: Արդեն քիչ-քիչ ստաբիլ խաղով աչքի ընկնող «Միլանը» կփորձի կանգնեցնել տրեբլի հետեւից «սլացող» «Ծեր սինյորային»:
Այո, «Միլանը» Իտալիայի Ա սերիայի առաջնության վերջին տուրում պարտություն կրեց միլանյան դերբիում` 2:4 հաշվով զիջելով «Ինտերին», բայց դա ամենեւին էլ չի նշանակում՝ «կարմրասեւերը» վատ մարզավիճակում են, եւ «Յուվենտուսի» համար՝ հեշտ մրցակից: Ընդհանրապես, այս մրցաշրջանը ցույց է տալիս, որ յուվենտինոների համար այս տարի հաղթանակները այդքան էլ հեշտ չեն տրվում. կա՛մ թիմը դեռ չի ադապտացվել «սարիբոլին», կա՛մ թիմն ուղղակի որոշել է «մուկն ու կատու» խաղալ իտալական թիմերի դեմ` ուժերը պահելով երանելի Չեմպիոնների լիգան հաղթելու համար: Երկու տարբերակներն էլ խոսում են նրա մասին, որ փետրվարի 13-ի երեկոյան ֆանտաստիկ պայքարի ենք ականատես լինելու: Իտալիայի առաջնության վերջին տուրում «Յուվենտուսը» նույնպես պարտվեց, որը կարելի է անվանել սենսացիոն պարտություն, քանի որ մրցակիցը անհամեմատ թույլ եւ համեստ «Վերոնան» էր: Հետաքրքիրն այն է, որ վերոնացիների կազմում մեկական անգամ աչքի ընկան «Միլանի» նախկին խաղացողները` Ֆաբիո Բորինին եւ Ջիամպաոլո Պացինին:
Երկու թիմերն էլ խաղին մոտենում են ոչ լավ տրամադրությամբ, սակայն ֆանտաստիկ տրամադրվածությամբ:
Այս դերբին վերջերս կորցրել էր իր փայլը, որովհետեւ «Յուվենտուսի» դեմ անգամ պայքարել չէին կարողանում իտալական ակումբները: Հիմա, ինչպես ասում են, իրավիճակ է փոխվել: Այս հանդիպումը ավելի հետաքրքիր է դարձնում այն փաստը, որ Միլան է ժամանել շվեդ «հսկան»՝ Զլատան Իբրահիմովիչը: Նա արդեն հասցրել է «Յուվենտուսի» երկրպագուներին լարել իր դեմ եւ ապահովել այս հանդիպման շոուն: «Ինչու՞ եմ «Միլանում» ընտրել 7 համարը. ցանկանում եմ, որ «Յուվենտուսի» 7 համարն հասկանա՝ ես նրանից 3 անգամ ավելի լավն եմ»,- ասել է Իբրահիմովիչը: «Յուվենտուսի» 7 համարը (Կրիշտիանու Ռոնալդուն) չասաց ոչինչ, սանրվածքը փոխեց եւ նմանեցրեց «Միլանի» 21 համարի ներքո հանդես եկող ֆուտբոլիստին ու սկսեց «գնդակոծել» բոլորին` սահմանելով տարատեսակ ռեկորդներ: Կարծում եմ` արդեն հասկանալի է՝ ինչ ֆուտբոլային գերդիմակայություն է սպասվում մեզ:
Թիմերը խաղին մոտենում են առանց կորուստների, պատրաստ են բոլորը, չկան որակազրկված եւ վնասվածք ստացած ֆուտբոլիստներ:
Վերջին 5 խաղերում, որքան էլ որ զարմանալի է, «Միլանն» ավելի լավ արդյունք է գրանցել` տանելով 3 հաղթանակ, կրելով 1 պարտություն եւ խաղալով 1 ոչ-ոքի: «Յուվեն» հաղթել է 3-ում եւ կրել 2 պարտություն:
Այս դերբին միշտ էլ եղել է համաշխարհային ֆուտբոլի ամենասպասված հանդիպումներից. հիմա ներկայացնենք այս խաղին վերաբերող մի քանի կարեւոր փաստ, որոնք 2 օրից հնարավոր է, որ կորցնեն իրենց ուժը:
Ամենախոշոր հաշվով հաղթանակը այս դերբիներով պատկանում է «Ռոսոներիներին»: Միլանցիները 1911-12 մրցաշրջանում «փոշիացրել են» «Յուվենտուսին» 8:1 հաշվով: Ամենաշատ գոլերը այս թիմերի միջեւ դիմակայություններում գրանցվել են 1926-27 մրցաշրջանում: Այդ տարի «Յուվենտուսը» 8:2 հաշվով պարտության է մատնել «Միլանին»: Ամենաարդյունավետ ոչ-ոքին 3:3 -ն է, որը վերջին անգամ գրանցվել է 1946-47 մրցաշրջանում:
Սրանք փաստեր են, որոնք արդեն մտել են պատմության մեջ, բայց այն կարող է փոփոխվել. սա ֆուտբոլ է, իսկ ֆուտբոլում չկան անգերազանցելի ռեկորդներ:
Միմյանց միջեւ վերջին 5 հանդիպումները խոսում են «Յուվենտուսի» գերակայության մասին. «Ծեր սինյորան» ունի 100%-անոց արդյունք: «Միլանը» վերջին հաղթանակը «Յուվենտուսի» նկատմամբ տոնել է 2016 թվականին Իտալիայի Սուպերգավաթում 11 մետրանոց հարվածաշարով:
Իտալիայի գավաթի այս խաղարկության լավագույն ռմբարկուները այս թիմերից են` Պաուլո Դիբալան («Յուվենտուս») եւ Հական Չալխանողլուն («Միլան»)՝ երկուական գոլերով:
Երբ «Միլանի» ղեկը ստանձնեց Ստեֆանո Պիոլին, շատերը սկսեցին թերահավատորեն վերաբերվել իտալացի մասնագետին, սակայն Պիոլին ցույց տվեց, որ հենց այն մարզիչն է, ով կարող է փրկել լեգենդար «Միլանի» աղավաղվող պատմությունը: Պիոլին դեռ նոր է սկսել միլանյան «պատը» կառուցելու գործընթացը: Այն փաստը, որ մասնագետը որոշեց դառնալ «խորտակվող նավի» բոսսը ու իր ուսերին վերցնել ողջ պատասխանատվությունը, արդեն խոսում է Պիոլիի՝ պինդ եւ հաղթողի բնավորության մասին:
Եթե խոսենք Սարիի «Յուվենտուսի» մասին, ապա հստակ ոչինչ ասել չենք կարող, որովհետեւ թիմը ստաբիլ խաղով աչքի չի ընկնում. եղել են հանդիպումներ, որտեղ թվացել է, որ այս տարվա «Յուվեին» հաղթել հնարավոր չէ, սակայն դա միայն այն թիմի արտացոլանքն էր, որը պատրաստում է Մաուրիսիո Սարին: Սարիի առաջադրանքը հենց դա է` պատրաստել անգերազանցելի, ոչ թե վախեցող, այլ վախ ծնող «Յուվե». թիմ, որը վերջիվերջո կկարողանա հաղթել Չեմպիոնների լիգայում:
Derby d’italia-ն այսքան սպասված եւ թեժ վաղուց չի եղել:
«Միլան» – «Յուվենտուս» խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին: Copa Italia-ի կիսաեզրափակչի մյուս զույգն են կազմել «Նապոլին» եւ «Ինտերը»:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

 

ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրենների խորհրդի որոշմամբ՝ ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում նշանակվել է Մելնիկով Ալեքսեյ Վալերյեվիչը: Նշենք, որ մինչ այդ նա աշխատել է «Հյուսիսկովկասյան երկաթուղի» (ՌԵ մասնաճյուղ) ընկերության տնտեսական, ֆինանսական եւ կորպորատիվ համակարգման գծով առաջին տեղակալ:




Լրահոս