Հայաստանյան բուհերից որը որքան գումար է վճարում պետությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի պետական բարձրագույն ուսումնական հաստատություններն անցյալ տարի տեղ են գտել խոշոր հարկատուների ցանկում: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկում ներառված բուհերից առաջատարը Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանն է:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նշված բուհն անցյալ տարվա ընթացքում պետական բյուջե վճարել է 2 մլրդ 806 մլն 176 հազար դրամ: Ավելին` այս ուսումնական հաստատությունը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելի քան 128 մլն դրամով ավելացրել է հարկային վճարումները. 2018 թվականին պետբյուջե կատարել է 2 մլրդ 677 մլն դրամի հարկային վճարումներ:

Իսկ, ահա, մյուս պետական բուհերը նվազեցրել են իրենց հարկերը: Հայաստանում բուհերից երկրորդ խոշոր հարկատուն Երեւանի պետական համալսարանն է, որի կատարած հարկային վճարումներն անցյալ տարի կազմել են 2 մլրդ 393 մլն 896 հազար դրամ: Իսկ 2018 թվականին Հայաստանի մայր բուհի կատարած վճարումները կազմել են 2 մլրդ 83 մլն դրամ:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանն անցյալ տարի ավելի քիչ հարկ է վճարել: Այս բուհը նախորդ տարի, 2018 թվականի համեմատ, 41.5 մլն դրամ պակաս է հարկ վճարել:

Մանկավարժական համալսարանը անցած տարիպետական բյուջե վճարել է 747 մլն 525 հազար դրամ, իսկ 2018 թվականին՝ 789 մլն 32 հազար դրամ: Իսկ, ահա, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, հակառակը, ավելացրել Է հարկային վճարումները. անցյալ տարի պետական բյուջե կատարել է 926 մլն 805 հազար դրամ, իսկ 2018-ին՝ 867 մլն 750 հազար դրամ: Այսինքն` այս բուհը մեկ տարվա ընթացքում հարկերը 59 մլն դրամով ավելացրել է:

Նույն պատկերն է նաեւԱգրարային համալսարանի դեպքում, հարկային վճարումներն ավելի քան 99 մլն դրամով են նվազեցրել. 2019-ին պետական բյուջե վճարել է 628 մլն 156 հազար դրամ, 2018-ին` 608 մլն 40 հազար դրամ: Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանն է նվազեցրել հարկերը 4 մլն դրամով:

«Ժողովուրդ» օրաթերթը հազար խոշոր հարկատուների ցանկից տեղեկացավ, որ ՀՀ պետական տնտեսագիտական համալսարանը 245.7 մլն դրամով նվազեցրել է հարկային վճարումները: Այս խնդիրը առկա է նաեւ մարզային բուհերում,օրինակ` Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանն անցյալ տարի պետական բյուջե վճարել է 176 մլն 966 հազար դրամի, իսկ 2018-ին՝ 179 մլն 708 հազար դրամի չափով հարկ ու տուրք:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ-ում ֆրանսիական համալսարանն է դուրս եկել հազար խոշոր հարկատուների ցանկից: Բայց, չնայած սրան, 2018-ին համալսարանը պետական բյուջե վճարել է 138 մլն 857 հազար դրամ:

Նշենք, որ այս համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը:

Գաղտնիք չէ, որ Հայաստանում արտագաղթն իր դառը հետեւանքներն է թողել Հայաստանի տարբեր ոլորտներում: Այն բացասական է ազդել նաեւ կրթական համակարգի վրա: Ըստ որոշ մասնագետների` վերջին տարիներին հայաստանյան որոշ բուհերի ուսանողների թիվը զգալի նվազել է: Հավանաբար սա է պատճառը, որ որոշ համալսարաններ նվազեցրել են հարկերը. չէ՞որ ուսանողների վարձավճարների հաշվին են նաեւ գոյանում հարկերը:

«Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով պաշտոնական վիճակագրությունը, պարզեց, որ դիմորդների թիվը տարեցտարի նվազում է: Այսպես, եթե 2015-2016 ուսումնական տարիներին ՀՀ պետական եւ ոչ պետական բուհերնունեցել են 18 հազար 61 դիմորդ, 2016-2017-ին նրանց թիվը կազմել է 17 հազար 649, իսկ, ահա, 2017-2018 ուսումնական տարիներին ունեցել ենք 8 հազար 266 դիմորդ:

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2018/2019 ուսումնական տարում հանրապետության 56 բարձրագույն պետական եւ ոչ պետական ուսումնական հաստատություններ եւ 12 մասնաճյուղեր բարձրագույն կրթության առաջին աստիճանում իրականացրել են մասնագիտական կրթություն՝ բակալավրի ծրագրով:

Այդ հաստատություններ ընդունվել է 9 512,սովորել` 69 622, ավարտել` 15 540 մարդ,մինչդեռ 2017/2018 ուսումնական տարում այդ հաստատություններ ընդունվել է 15 538, սովորել` 78 747, ավարտել` 17 787 մարդ:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս