Հարց քաղաքացիներից՝ կարելի՞ է փոխել սոցիալական փաթեթի հաշիվը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Կարելի՞ է փոխել սոցիալական փաթեթի հաշիվը:

Նունե Մանուկյան (41 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ յուրաքանչյուր բյուջետային տարվա սոցիալական փաթեթի գումարների փոխանցման համար լրացվում է նոր դիմում: Սոցփաթեթի հաշիվը կարելի է փոխել միայն նոր բյուջետային տարում` նախքան սոցիալական փաթեթի ընթացիկ տարվա առաջին գումարի փոխանցումը: Այս դեպքում աշխատողը դիմումի հետ միասին ներկայացնում է նոր բանկի կողմից տրված սոցփաթեթի հաշվի մասին տեղեկանք, ինչպես նաեւ սոցփաթեթի նախկին հաշիվը սպասարկող բանկից տեղեկանք՝ պարտավորություններ չունենալու վերաբերյալ:

Սոցփաթեթի հաշիվը փոխելու դեպքում աշխատողն իր հաշվի դրամական միջոցները սոցփաթեթի հաշիվը սպասարկող նախկին բանկից սոցփաթեթի հաշիվը սպասարկող նոր բանկ փոխանցելու համար նախկին բանկ է ներկայացնում նոր բանկի կողմից տրված սոցփաթեթի հաշվի մասին տեղեկանք:

Այդ տեղեկանքի հիման վրա՝ սոցփաթեթի հաշիվը սպասարկող նախկին բանկն աշխատողի սոցփաթեթի հաշվում առկա դրամական միջոցները փոխանցում է սոցփաթեթի հաշիվը սպասարկող նոր բանկի սոցփաթեթի հաշվին:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որընթացիկ տարվա սոցիալական փաթեթի գումարն իր սոցփաթեթի հաշվին փոխանցելու համար աշխատողը լրացնում է սոցիալական փաթեթի գումարի փոխանցման մասին դիմում՝ համաձայն ձեւի, որը բանկի կողմից տրված՝ սոցփաթեթի հաշվի մասին տեղեկանքի հետ միասին ներկայացվում է աշխատավայրի սոցիալական փաթեթի գումարի փոխանցման համար պատասխանատու ստորաբաժանում:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected][email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:

Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս