Ինչու Ryanair-ի ուղևորները չեն կարողացել Միլանից Երևան գալ. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերության Միլան-Երևան չվերթի մի քանի տասնյակ ուղևորի ինքնաթիռ նստեցման/գրանցման մերժման հարցն այս պահին ուսումնասիրվում է հենց Ryanair-ի կողմից։

Ավիաուղևորների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Passenger.am ընկերության գործունեության 1-ամյակի շրջանակում կազմակերպված «Հայկական Flight Mode» խորագրով հանդիպում-քննարկման ժամանակ Passenger.am-ի համահիմնադիր Գուրգեն Ղազարյանը նշեց, որ իրենք անելու են ամեն ինչ, որպեսզի այդ ուղևորները ստանան փոխհատուցում:

«Անձամբ ես եղել եմ Միլան-Երևան թռիչքի ուղևոր և տեսել եմ, թե ինչ է կատարվել այդտեղ: Խնդիրն այն էր, որ կար check-in-ի ընդամենը մեկ սեղան և բազմաթիվ ուղևորներ: Այնտեղ ուղղակի սխալ էր կազմակերպված գրանցման գործընթացը: Միլանում մնացել էր 31 ուղևոր, նրանք դիմել են Passenger.am-ին և մենք դեպքի հետ կապված պայքարելու ենք, որպեսզի բոլորի իրավունքները լինեն պաշտպանված և այդ չվերթով Երևան չեկած ուղևորները ստանան փոխհատուցում»,- նշեց Ղազարյանը:

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը շեշտեց, որ իրենք դիմել են Ryanair ընկերությանը՝ դեպքի վերաբերյալ ուսումնասիրություններ անցկացնելու համար:

«Ես հարցը բարձրացրել եմ և անձամբ տեղյակ եմ պահել Ryanair ընկերությանը, թե ինչ է տեղի ունեցել օդանավակայանում, որպեսզի իրենք հստակ իմանան խնդիրը և փորձեն ուսումնասիրել եղելությունը»,- ասաց Ռևազյանը:

Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերության Միլան-Երևան FR4456 չվերթի մի քանի տասնյակ ուղևորի մերժվել էր ինքնաթիռ նստեցման/գրանցման հարցում։ Այս մասին հայտնել էր Passenger.am-ի «Ֆեյսբուք»-ի էջը։ Ըստ Միլանի օդանավակայանում գտնվող Passenger.am-ի ներկայացուցչի և ուղևորների, հունվարի 28-ին Ryanair-ի Միլան-Երևան FR4456 չվերթի մի քանի տասնյակ ուղևորների մերժվել էր ինքնաթիռ նստեցման/գրանցման հարցում։ Passenger.am-ը տեղեկացրել էր, որ ըստ ԵՄ 261/2004 կարգավորման այս պարագայում ևս ավիաընկերությունը պարտավոր էր ուղևորներին տրամադրել այլընտրանքային թռիչք դեպի նախնական ամրագրված նշանակման կետ, Հոգալ ուղևորների ըմպելիքի/սննդի (եթե հետաձգումը տևում ավելի քան 2 ժամ) և կացության (եթե հետաձգումը տևում է ավելի քան 5 գիշերային ժամ) հարցերը։




Լրահոս