Հաջորդ շաբաթվանից Ազգային ժողովում սկսվելու են մշտական հանձնաժողովների նիստերը: Այդ ընթացքում պետք է քննարկվեն այն նախագծերը, որոնք կքննարկվեն մարտի 3-ին մեկնարկող լիագումար նիստերի օրակարգում: Մշտական հանձնաժողովների նիստերի օրակարգն արդեն պատրաստ է, եւ, դատելով առկա նախագծերից, բուռն նիստեր կարող են լինել թե՛ հանձնաժողովներում, թե՛ լիագումար նիստերում:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ օրակարգային հարցերից են «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցն ու «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը, որոնք երկուսն էլ բուռն քննարկման կենթարկվեն՝ հաշվի առնելով ընդդիմադիր պատգամավորների առկա տեսակետները: Իսկ մինչ այդ օրակարգում նաեւ տարբեր լսումների անցկացումն է: