«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել «Աստղերի անհայտ կողմը» խորագրով շարքը: Անդրադառնում ենք հայկական շոու-բիզնեսի այն ներկայացուցիչներին, որոնք առաջին մասնագիտությամբ որեւէ կապ չունեն բեմի կամ էկրանի հետ: Այս անգամ մեր զրուցակիցը դերասան, բեմադրիչ Վիգեն Ստեփանյանն է: Ոչ բոլորը գիտեն, որ նա 1969-ին ընդունվել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետ եւ սովորել 5 տարի: Պարոն Ստեփանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այդ մասնագիտությունն ընտրել է ծնողներիկամքով. «Հորս ցանկությունն էր, որ ես պոլիտեխնիկ ընդունվեի: Ինքն արդեն չկար, մայրս ասում էր, որ հայրս շատ ուրախ կլիներ, եթե շարունակեի իր գործը: Ցավոք, ես մինչեւ վերջ չդիմացա, թեեւ պոլիտեխնիկն ավարտեցի: Վերջին կուրսից արդեն ընդունվել էի Երեւանի Կ.Ստանիսլավսկու անվան թատրոնին կից դերասանական ստուդիա: Փաստորեն, դեռ ուսանող ժամանակվանից ինձ ընդունեցին գործի: Բայց ասեմ, որ պոլիտեխնիկում սովորելու սկզբի տարիներին նույնիսկ չէի մտածում դերասան դառնալու մասին: Վերջին կուրսում արդեն Ուրախների եւ հնարամիտների ակումբում էի խաղում, այդպես որոշվեց իմ ուղին»,-պատմեց պարոն Ստեփանյանը:
Ի դեպ, դերասանի մայրը սկզբնական շրջանում չի էլ իմացել, թե ինչով է զբաղվում իր որդին. «Մորս ընկերուհին մի անգամ շնորհավորել էր նրան, ասել էր՝ տղայիդ տեսել եմ, փայլուն խաղում էր…Մայրս չգիտեր էլ՝ որտեղ էի խաղում, ինչ էի խաղում…Չէի ուզում ասեի, բայց հետո, իհարկե, իմացավ»,-հիշեց պարոն Ստեփանյանը:
Բոլոր այն մարդկանց, որոնք նոր են մուտք գործում դերասանական աշխարհ, պարոն Ստեփանյանը կոչ արեց ականաջալուր լինել ավագ սերնդին, քանի որ այդ սերնդի ներկայացուցիչները շատ բան գիտեն թատրոնի, կինոյի մասին, մեծ փորձ ունեն իրենց ասպարեզում. «Ես կուզենայի վերադարձնել այն լուրջ վերաբերմունքը մեր մասնագիտության հանդեպ, որ կար նախկինում: Դա շատ կարեւոր է»,-եզրափակեց մեր զրուցակիցը:
Հավելենք, որ Վիգեն Ստեփանյանը սովորել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետում: Հիմնել է «Արձագանք» թատրոն-ստուդիան, որը հիմք դարձավ «Մետրո» թատրոնի եւ եղել է թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու տնօրենը: Աշխատել է Լիբանանում: Հետո վերադարձել է Հայաստան եւ նորից ստանձնել «Մետրո» թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը: Աշխատել է տարբեր թատրոններում` որպես հրավիրված դերասան եւ բեմադրիչ: 2007թ-ից աշխատում է Երեւանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում, ուր ղեկավարում է ռեժիսորական կուրս:
Աննա Բաբաջանյան