ՀՀ պետական եկամուտների կոմիտեն որոշել է պայքարել ստվերային տնտեսության դեմ. այս տարվա մարտի 1-ից կփոխվեն Հայաստանում օրենքով սահմանված կարգով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ԵԱՏՄ անդամ պետություններից ՀՀ ներմուծվող ապրանքների առեւտրային չափաքանակները:
Տեղեկացնենք, որ 2018 թվականի նոյեմբերի 1-ին ԵՏՀ 107-րդ որոշումը փոխվեց ԵՏՀ-ի 91-րդ որոշմամբ, եւ 50 կգ սահմանաչափը նվազեց՝ դառնալով 25 կգ: Սակայն սրան զուգահեռ գործում է նաեւ ՀՀ կառավարության Ն 865 որոշումը, որն, ի դեպ, մի քանի անգամ փոփոխությունների է ենթարկվել: Մեծ փոփոխության ենթարկվել է 2018 թվականի օգոստոսին, ինչի արդյունքում հանրահայտ «25 կիլոգրամանոցները» դարձան 50 կգ, որը, սակայն, պարզվում է, ընդհանուր շուկայի վրա ունեցել է բացասական ազդեցություն: Ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի՝ մեր քաղաքացիները փորձել են ուղեկցվող բեռների անվան տակ ներմուծել իրենց բիզնեսի համար նախատեսված ապրանքներ: «Շատ դեպքերում նույնիսկ շատ տնտեսվարողներ իրենց ապրանքների ներմուծման ժամանակ՝ Հայաստանի մինչեւ մաքսային սահմանը հատելը, ֆիզիկական անձանց ուղղորդել են, որպեսզի նրանք 50 կիլոգրամներով այդ ամբողջ ապրանքը ներմուծեն որպես ուղեկցող բեռ»,- կառավարության երեկվա նիստին այս մասին հայտարարեց Դավիթ Անանյանը: Ըստ ՊԵԿ-ի՝ սա ներքին շուկայի համար մեծ ցնցումներ է առաջացրել:
Այսինքն՝ այս ամենի հետեւանքով տուժել են բարեխիղճ տնտեսվարողները, որոնք կատարում են իրենց հարկային ու մաքսային պարտավորությունները: «Մենք նպատակ ունենք, որպեսզի ԵԱՏՄ եւ ներպետական իրավակարգավորումներով մաքսային սահմանը հատող ապրանքները թե՛ մաքսատուրքի, թե՛ ավելացված արժեքի հարկի գանձման համար ունենան միեւնույն իրավակարգավորումները՝ սահմանված ԵՏՄ եւ ներպետական օրենսդրությամբ»,- նկատեց Անանյանը: Կհիշեք՝ նման խնդիր առաջացավ դեռեւս 2015 թվականին, երբ թիրախում հայտնվեցին Վրաստանից մանդարին ներմուծողները. մինչեւ 2015 թվականը մեկ անձը կարողանում էր առանց մաքսազերծման Վրաստանից Հայաստան բերել, օրինակ, 50 կիլոգրամ մանդարին եւ այն չմաքսազերծել, սակայն 2015-ին մաքսատան աշխատակիցները նրանցից պահանջում էին յուրաքանչյուր 1 կիլոգրամ մանդարինի դիմաց վճարել 100 դրամ մաքսազերծման գումար: Այս պահանջը խիստ զայրացրել էր հիմնականում Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչներին, որոնք ներկրված մանդարինի հաշվին էին կարողանում իրենց ընտանիքը պահել: Պարզվում է՝ այս տարվա մարտի 1-ից ցանկում ոչ միայն մանդարինն է, այլեւ միսը, բնական մեղրը, թռչնի ձուն, անգամ մանկական տակդիրները, սուրճն ու թեյը: Բայց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հույս ունի, որ այս փոփոխությունների հիմնական նպատակը՝ ստվերային տնտեսության դեմ պայքարը, կունենա իր դրական պտուղները: Օրինակ՝ մսի սննդային ենթամթերքների մասով սահմանված է 30 կգ, բայց այն նվազելու է՝ դառնալով 25 կգ, որովհետեւ ԵՏՀ 107-րդ որոշմամբ՝ առավելագույնը 25 կգ է: Ձկների, խեցգետնանմանների, ջրային այլ անողնաշավորների համար սահմանված 30 կգ-ը կիջնի՝ դառնալով 25 կգ: Կաթնամթերքի, թռչնի ձվի, բնական մեղրի համար կսահմանվի 25 կգ: Օրինակ՝ սուրճի, թեյի համար սահմանված է 15 կիլոգրամ, բայց կսահմանվի 10 կգ: Նշենք, որ թռչնի ձու հնարավոր կլինի առանց մաքսազերծելու բերել ոչ ԵԱՏՄ անդամ երկրներից 150 հատ, շաքար եւ հրուշակեղեն՝ 10 կգ, ծամոն՝ 1 կգ, կակաո՝ 10 կգ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ալկոհոլային եւ ոչ ալկոհոլային խմիչքը 18 տարին լրացած անձը կարող է ՀՀ ներմուծել միայն 5 լիտրի չափով: Ի դեպ, բենզին եւ դիզելային վառելիք հնարավոր է ներմուծել միայն 10 լիտր, պարարտանյութ՝ 25 կգ: Նշենք նաեւ, որ ոչ ԵԱՏՄ անդամ երկրներից հնարավոր է ՀՀ բերել 5 հատ օծանելիք (ցանկին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այսօր ArmLur.am կայքէջում):
Բայց սա դեռ ամենը չէ. պարզվում է, որ ՊԵԿ-ը հանձն է առել նաեւ անձի հաճախականությունները ստուգելու գործընթացը: «Մենք նախորդ տարի կառավարության որոշմամբ սահմանեցինք նաեւ այնպիսի իրավական նորմ, որով որ Պետական եկամուտների կոմիտեի նախագահին իրավասություն տրվեց գաղտնի պրոֆիլներ սահմանել, ըստ որի՝ բիզնեսի շրջանակներում մենք ունենք այդպիսի հանձնառություն մինչեւ 2020 թվականի հունիսի 30-ը. կարծում եմ, որ մարտ, ապրիլ ամիսներին դա իրականացրած կլինենք, պետք է կարգավորենք հաճախականությունների հարցը: Այսինքն՝ այսօրվա դրությամբ անձը սահմանափակում չունի… Մենք սահմանելու ենք անձի նկատմամբ ամսվա ընթացքում հաճախականությունների քանակ եւ իրականացնելու ենք հսկողություն: Կարծում եմ՝ այդ դեպքում մենք կունենանք արդյունավետ մաքսային, սահմանային հսկողություն»,- ներկայացրեց Դավիթ Անանյանը: Ասել է թե՝ ՊԵԿ-ը ստուգելու է, թե անձը քանի անգամ է ամսվա մեջ Հայաստանից գնում ոչ ԵԱՏՄ անդամ երկիր եւ ինչ նպատակով: Ինչպես հայտնի է, մեր հայրենակիցների մեծ մասը տեւական ժամանակ է՝ նախընտրում են Վրաստանից եւ Իրանից տարբեր տեսակի ապրանքներ բերել ՀՀ ու վաճառել:
ՔՅԱՐԱՄՅԱՆԻ` ԿԱՍԿԱԾԵԼԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ
«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է իր ընթերցողներին ներկայացնել պաշտոնյաների ունեցվածքի, դրամական միջոցների վերաբերյալ հայտարարագրերը: Այս անգամ հերթը ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պարտականությունները կատարող 29-ամյա Արգիշտի Քյարամյանինն է, որին հանրությունը ճանաչեց անցյալ տարի, երբ տեղեկություն շրջանառվեց այն մասին, որ վերջինս Կոտայքի թեմի կուսակրոն առաջնորդի որդին է, որի քաղաքացիական անունը Էլբեկ Երեմի Քյարամյան է:
Պարզվում է՝ այս երիտասարդը, չնայած իր տարիքին, հասցրել է բավականին ունեցվածք կուտակել: Քյարամյանը 2018 թվականին հայտարարագրել է, որ ունի 30 մլն դրամ, 48 հազար դոլար: Նույն տարում, որպես եկամուտ, հայտարարագրել է երկու վայրից ստացած սեփական աշխատավարձը, որն ընդհանուր կազմել է 9 մլն 202 հազար դրամ, ամսական՝ 766 հազար 874 դրամ:
Ի դեպ, այդ ժամանակահատվածում Քյարամյանը աշխատել է որպես Երեւան քաղաքի դատախազ, ապա հայտնվել է ՊԵԿ-ում եւ զբաղեցրել հետաքննության վարչության պետի պաշտոնը:
Նշենք, որ 29-ամյա Քյարամյանը դեռեւս 2013 թվականից է զբաղեցրել պետական պաշտոններ (ՀՀ ոստիկանության ԵՔՎ, ապա ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի քննիչ): Ի դեպ, 2016 թվականին՝ 25 տարեկան հասակում, բախտի բերմամբ, թե պատահմամբ, Քյարամյանը հայտնվել է Շիրակի մարզի դատախազի պաշտոնում: 2018թ.-ին Երեւանի դատախազի պաշտոնից կարճ ժամանակահատվածում փափուկ անցում է կատարել դեպի Պետական եկամուտների կոմիտե եւ հունիսի 8-ից գլխավորել է ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչությունը: Բայց, ահա, մեկ ամիս անց՝ հուլիսի 10-ին, նշանակվել է ՊԵԿ հետաքննության վարչության պետ: ՊԵԿ-ում Քյարամյանը տեղից տեղ է տեղափոխվել, օրինակ՝ 2019 փետրվարի 15-ից եղել է ՊԵԿ հետաքննության եւ օպերատիվ-հետախուզության վարչության պետի տեղակալը: Հավանաբար, Քյարամյանը ՊԵԿ-ում ինքն իր ափսեում չի զգացել եւ անցած տարվա մարտի 1-ից նշանակվել է Վերահսկողական ծառայության ղեկավարի օգնական, տեղակալ, հետո՝ ղեկավարի պարտականությունները կատարող:
Նշենք, որ 2017 թվականին նա իր պաշտոնը ստանձնելու վերաբերյալ հայտարարագրում տեղեկացրել էր, որ ունի անհատական բնակելի 2 տուն, 4 հողամաս, հողին ամրակցված 1 անշարժ գույք, մեկ ավտոտնակ եւ մեկ Mercedes-Benz C 180 մոդելի մարդատար մեքենա: Բացի այս, նա հայտարարագրել է, որ ունի 8 մլն դրամը գերազանցող թանկարժեք զարդեր:
Ուշագրավ է այն, որ նրա կինը՝ Ռուզաննա Քյարամյանը, 0 եկամուտով հայտարարագրել է 26 մլն դրամի եւ 46 հազար դոլարի չափով դրամական միջոց, իսկ, ահա, 2017 թվականին՝ 10 հազար դոլարով ոսկյա, ադամանդե եւ այլ ազնիվ մետաղներից ու թանկարժեք քարերից պատրաստված զարդեր: Թեեւ Քյարամյանը, անդրադառնալով իր հայտարարագրած ունեցվածքին, ընդգծել է, որ այն չի ձեւավորվել աշխատանքային գործունեության ընթացքում, բայց, միեւնույնն է, տարօրինակ է, թե ինչպես է նրան հաջողվել կուտակել այդքան դրամական միջոց ու ունեցվածք՝ միաժամանակ զբաղեցնելով պետական պաշտոններ:
Հուսանք՝ պատկան մարմինները օրերից մի օր կպարզեն, թե ինչպես է երիտասարդ Քյարամյանը հարստացել:
Նյութերը՝ ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ
ԱՆՏԱՌՀԱՏՈՒՄՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ
Իջեւանի անտառտնտեսության տարածքում, նախկին տարիների համեմատ, ապօրինի անտառհատումների ծավալները 90 տոկոսով կրճատվել են։ Իջեւանի անտառտնտեսության տնօրեն Մհեր Ղալթախչյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ անտառտնտեսության տարածքում անտառվերականգնման ինտենսիվ աշխատանքներ են կատարվում։ Նշենք, որ 2019թ. պետական բյուջեի ֆինանսավորմամբ 20 հեկտար տարածքում կատարվել են անտառպատման աշխատանքներ, տնկվել են 60 հազար կաղնի, հացենի ծառատեսակների տնկիներ։ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրով կատարվել է 100 հեկտար անտառվերականգնում, որից 50 հեկտարը՝ կոճղաշիվերի միջոցով, 50 հեկտարը՝ անտառվերականգնման հարթակներով։
Այդ աշխատանքներին ներգրավվել են 220 սեզոնային բանվորներ։ 2020 թվականին Իջեւանի անտառտնտեսությունում, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրով, կոճղաշիվերի միջոցով կկատարվի 150 հեկտար անտառվերականգնում։ Պետական բյուջեի միջոցներով նախատեսվում է կոճղաշիվերի միջոցով 50 հեկտար անտավերականգնում եւ 10 հեկտար ծառատունկ։ Այդ աշխատանքները կկատարվեն մինչեւ ապրիլի 15-ը։
ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ ԴԺԳՈՀ ԵՆ
Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների ուսուցիչները սովորաբար իրենց աշխատավարձերը ստանում են ամեն ամսվա 5-ին կամ 6-ին։ Ըստ օրենքի՝ նրանց աշխատավարձը տրվում է մինչեւ հաջորդ ամսվա 15-ը։ Մինչ այժմ մարզի դպրոցների աշխատողները չեն ստացել հունվարի աշխատավարձը, այդ պատճառով մանկավարժները չեն կարողանում մարել բանկերում եւ վարկային կազմակերպություններում ունեցած վարկերը։ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի պաշտոնակատար Մանե Ղազումյանը հայտնեց, որ տարեսկզբին սովորաբար աշխատավարձի վճարումները մի քիչ ուշանում են. դա կապված է կատարվող հաշվարկների հետ։ Նա ասաց, որ արդեն աշխատավարձերի գումարները փոխանցվել են Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների հաշվեհամարներին, փետրվարի 13-ին եւ 14-ին մարդիկ կստանան իրենց աշխատավարձերը։
ԿՈՇԻԿ ԵՆ ՆՎԻՐԵԼ
Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների աշակերտներին եւ դպրոցների աշխատակազմին թեթեւ, ռետինե կոշկատակով կոշիկներ են նվիրել։ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի պաշտոնակատար Մանե Ղազումյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ այդ կոշիկները նվիրել է Հայ օգնության ֆոնդը։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ