ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Կոտայքի մարզում

Երեկ շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Երեւան-Եղվարդ ավտոճանապարհին՝ Զովունի գյուղի վարչական տարածքում, բախվել են Mercedes, Kia, թիվ 269 երթուղին սպասարկող «Գազել», Opel, Lada Samara 1600 եւ թիվ 39 երթուղին սպասարկող «Գազել» մակնիշների ավտոմեքենաները: Թիվ 30 երթուղին սպասարկող «Գազելը» դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի, բախվել քարերին եւ կողաշրջված վիճակում մխրճվել էլեկտրասնուցման կայանի մեջ: Վիրավոր քաղաքացիները տեղափոխվել են հիվանդանոց:

 

 

 

 

ՀԱՐՑ. Կարելի՞ է արդյոք արտոնագիր ձեռք բերել կոնկրետ օրերի համար:

Արուս Միքայելյան (39 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հավելվածի դրույթների 12-րդ կետի համաձայն՝ Երեւան քաղաքում եւ մարզկենտրոններում՝ 300մ2 եւ ավելի, այլ քաղաքներում եւ այլ վայրերում՝ 200մ2 եւ ավելի, սահմանամերձ գյուղերում՝ 100մ2 եւ ավելի մակերես ունեցող, անհատ ձեռնարկատերերի կամ իրավաբանական անձանց կողմից բացառապես հանդիսությունների, արարողությունների կամ համանման այլ միջոցառումների կազմակերպման համար նախատեսված սրահներում հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու դեպքերում կարող է տրամադրվել արտոնագիր՝ որեւէ ամսվա օրվա կամ օրերի համար:
Մեկ ամսից ավելի ժամանակահատվածի համար արտոնագրային վճարի չափը հաշվարկելիս օրենքով սահմանված 1.0 գործակիցը նվազեցվում է 0.02-ով` արտոնագրային վճար վճարող համարվելու մասին հայտարարությամբ ներկայացված մեկից ավելի յուրաքանչյուր ամսվա համար:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ յուրաքանչյուր գործունեության տեսակի մասով յուրաքանչյուր ժամանակահատվածի եւ յուրաքանչյուր գործունեության իրականացման վայրի համար տրվում է առանձին արտոնագիր: Ի դեպ, համապատասխան արտոնագրային գումար վճարողները, բացի արտոնագրային վճարով հարկվող գործունեության տեսակներից, կարող են իրականացնել նաեւ այլ գործունեություն:

 

 

 

ՀԱՐՑ. Եթե զինծառայողը ազատվում է զինծառայությունից հիվանդության կամ վնասվածքի պատճառով, ապա նա ճանաչվո՞ւմ է հաշմանդամ:

Սուրեն Պողոսյան (41 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Պողոսյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ զինծառայողը հաշմանդամ է ճանաչվում, եթե զինծառայության ընթացքում ձեռք բերած օրգանիզմի ֆունկցիաների՝ հիվանդությամբ կամ վնասվածքով պայմանավորված կայուն խանգարումներն առաջացրել են կենսագործունեության որեւէ տեսակի եւ որեւէ աստիճանի սահմանափակում եւ սոցիալական պաշտպանության անհրաժեշտություն: Հիմք՝ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13 հոդված:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ անձի մասնագիտական անաշխատունակության կորստի աստիճանը որոշվում է՝ պայմանավորված աշխատանքային խեղմամբ եւ մասնագիտական հիվանդությամբ:

 




Լրահոս