ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԲՈՒՀԵՐԻՑ ՄԵԿԸ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՑԱՆԿԻՑ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի պետական բարձրագույն ուսումնական հաստատություններն անցյալ տարի տեղ են գտել խոշոր հարկատուների ցանկում: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկում ներառված բուհերից առաջատարը Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանն է:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նշված բուհն անցյալ տարվա ընթացքում պետական բյուջե վճարել է 2 մլրդ 806 մլն 176 հազար դրամ: Ավելին` այս ուսումնական հաստատությունը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելի քան 128 մլն դրամով ավելացրել է հարկային վճարումները. 2018 թվականին պետբյուջե կատարել է 2 մլրդ 677 մլն դրամի հարկային վճարումներ: Իսկ, ահա, մյուս պետական բուհերը նվազեցրել են իրենց հարկերը: Հայաստանում բուհերից երկրորդ խոշոր հարկատուն Երեւանի պետական համալսարանն է, որի կատարած հարկային վճարումներն անցյալ տարի կազմել են 2 մլրդ 393 մլն 896 հազար դրամ: Իսկ 2018 թվականին Հայաստանի մայր բուհի կատարած վճարումները կազմել են 2 մլրդ 83 մլն դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանն անցյալ տարի ավելի քիչ հարկ է վճարել: Այս բուհը նախորդ տարի, 2018 թվականի համեմատ, 41.5 մլն դրամ պակաս է հարկ վճարել:
Մանկավարժական համալսարանը անցած տարի պետական բյուջե վճարել է 747 մլն 525 հազար դրամ, իսկ 2018 թվականին՝ 789 մլն 32 հազար դրամ: Իսկ, ահա, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, հակառակը, ավելացրել Է հարկային վճարումները. անցյալ տարի պետական բյուջե կատարել է 926 մլն 805 հազար դրամ, իսկ 2018-ին՝ 867 մլն 750 հազար դրամ: Այսինքն` այս բուհը մեկ տարվա ընթացքում հարկերը 59 մլն դրամով ավելացրել է: Նույն պատկերն է նաեւ Ագրարային համալսարանի դեպքում, հարկային վճարումներն ավելի քան 99 մլն դրամով են նվազեցրել. 2019-ին պետական բյուջե վճարել է 628 մլն 156 հազար դրամ, 2018-ին` 608 մլն 40 հազար դրամ: Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանն է նվազեցրել հարկերը 4 մլն դրամով: «Ժողովուրդ» օրաթերթը հազար խոշոր հարկատուների ցանկից տեղեկացավ, որ ՀՀ պետական տնտեսագիտական համալսարանը 245.7 մլն դրամով նվազեցրել է հարկային վճարումները: Այս խնդիրը առկա է նաեւ մարզային բուհերում, օրինակ` Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանն անցյալ տարի պետական բյուջե վճարել է 176 մլն 966 հազար դրամի, իսկ 2018-ին՝ 179 մլն 708 հազար դրամի չափով հարկ ու տուրք: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ-ում ֆրանսիական համալսարանն է դուրս եկել հազար խոշոր հարկատուների ցանկից: Բայց, չնայած սրան, 2018-ին համալսարանը պետական բյուջե վճարել է 138 մլն 857 հազար դրամ: Նշենք, որ այս համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը:
Գաղտնիք չէ, որ Հայաստանում արտագաղթն իր դառը հետեւանքներն է թողել Հայաստանի տարբեր ոլորտներում: Այն բացասական է ազդել նաեւ կրթական համակարգի վրա: Ըստ որոշ մասնագետների` վերջին տարիներին հայաստանյան որոշ բուհերի ուսանողների թիվը զգալի նվազել է: Հավանաբար սա է պատճառը, որ որոշ համալսարաններ նվազեցրել են հարկերը. չէ՞ որ ուսանողների վարձավճարների հաշվին են նաեւ գոյանում հարկերը:
«Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով պաշտոնական վիճակագրությունը, պարզեց, որ դիմորդների թիվը տարեցտարի նվազում է: Այսպես, եթե 2015-2016 ուսումնական տարիներին ՀՀ պետական եւ ոչ պետական բուհերն ունեցել են 18 հազար 61 դիմորդ, 2016-2017-ին նրանց թիվը կազմել է 17 հազար 649, իսկ, ահա, 2017-2018 ուսումնական տարիներին ունեցել ենք 8 հազար 266 դիմորդ: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2018/2019 ուսումնական տարում հանրապետության 56 բարձրագույն պետական եւ ոչ պետական ուսումնական հաստատություններ եւ 12 մասնաճյուղեր բարձրագույն կրթության առաջին աստիճանում իրականացրել են մասնագիտական կրթություն՝ բակալավրի ծրագրով: Այդ հաստատություններ ընդունվել է 9 512, սովորել` 69 622, ավարտել` 15 540 մարդ, մինչդեռ 2017/2018 ուսումնական տարում այդ հաստատություններ ընդունվել է 15 538, սովորել` 78 747, ավարտել` 17 787 մարդ:

 

 

 

 

ՏՆՏԵՍՎԱՐՈՂԸ ԿՏՈՒԳԱՆՎԻ՝ ԳՈՐԾԱԴԻՐԻ ՊԱՀԱՆՋԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայաստանյան սուպերմարկետներում եւ խանութներում բուսական յուղ պարունակող կաթնային արտադրանքը կվաճառվի առանձնացված դարակներում:

Տեղեկացնենք, որ այժմ կաթնամթերք արտադրողների կողմից թթվասերի, պանրի կամ այլ արտադրանքի մեջ պարունակվող բնական կաթի եւ բուսական յուղի տոկոսային հարաբերություններով պայմանավորված՝ առեւտրի կետերում բուսական յուղ պարունակող կաթնային արտադրանքը առանձնացված դարակով եւ հատուկ տեսակի նշումով տարբերանշելու պահանջ օրենսդրորեն սահմանված չէ: Եվ ստեղծված իրավիճակն անհավասար մրցակցային պայմաններ է առաջացնում բնական կաթի եւ բուսական յուղի պարունակությամբ կաթնամթերք արտադրողների միջեւ, ինչպես նաեւ խոչընդոտներ է առաջացնում այդ ապրանքատեսակները սպառողին ավելի մատչելի ձեւով ներկայացնելու համար:
Բացի այս, հիշեցնենք՝ հունվարի 23-ին տեղի ունեցած ՀՀ կառավարության նիստի ընթացքում վարչապետի կողմից հանձնարարվել է քայլեր ձեռնարկել այս խնդրի կարգավորման նպատակով: Վարչապետը հանձնարարություն էր տվել ստեղծել ստանդարտ, որ կաթնամթերքը տարանջատվի՝ ըստ գույների: Այսինքն՝ օրինակ, այն թթվասերը, որը բնական կաթից է, պետք է լինի սպիտակ գույնի տուփով, եթե պարունակում է 30 տոկոս բուսական յուղ, պետք է լինի մեկ այլ գույնի: Վարչապետը վստահ է, որ սա կբերի բնական կաթի պահանջարկի աճի:
Փաշինյանի դիտարկմամբ՝ այսօր խանութների ոչ բոլոր թթվասերներն են կաթնամթերք: «Մի մասը սոյայի յուղով է, մի մասը, չգիտեմ, ինչի յուղով է: Մենք չենք կարող այդ տնտեսվարողներին արգելել այդպիսի թթվասեր ունենալ խանութներում, որովհետեւ դա համապատասխանում է մեր ստանդարտներին: Ինձ ասում են, որ այնտեղ գրված է պարունակությունը: Բայց ես ասում եմ, որ երբ մարդը աշխատանքից գնում է տուն, եւ կինը կամ ամուսինը զանգում ասում են՝ թթվասեր բեր, մարդը հետը խոշորացույց չպիտի ունենա, որ նայի, թե թթվասերն ինչ բաղադրություն ունի»,-ասել էր նա:
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վարչապետի այս հանձնարարականը անհարմար դրության մեջ է գցել կաթնամթերքի տեղական արտադրողներին: Խնդիրն այն է, որ տնտեսվարողները կառավարության այս պահանջը կատարելու համար ստիպված են լինելու լրացուցիչ ծախսեր անել: Ավելին, մակնշումը փոխելու համար տնտեսվարողները պահանջում են իրենց երկար ժամանակ տալ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվել է օրենսդրական փաթեթ՝ տվյալ ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարողների համար մրցակցային հավասար պայմաններ ապահովելու, ինչպես նաեւ սպառողների շահերի պաշտպանության նպատակով:
Արդյունքում, ՀՀ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 158-րդ հոդվածը 8-րդ պարբերությունից հետո կլրացվի նոր պարբերություններով՝ հետեւյալ բովանդակությամբ. «Առեւտրի իրականացման վայրերում կաթնամթերք ապրանքախմբի տարանջատված մեկուսամասերում բուսական յուղ պարունակող կաթնային արտադրանքը առանձնացված դարակով (հատվածով) եւ հատուկ տեսակի նշումով չապահովելը կառաջացնի նախազգուշացում կամ տուգանքի նշանակում պաշտոնատար անձի, կազմակերպչի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի կամ երեսնապատիկի չափով»:

Նյութերը՝ ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ

 

 

 

 

ՄԱՔՍԱԿԵՏԻ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ՝ ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ԱԹՈՌԻՆ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ալավերդի քաղաքի բնակիչ, 1986թ. ծնված Արկադի Պեպանյանին մեղադրանք է առաջադրվել: Պատճառն այն է, որ վերջինս, զբաղվելով Վրաստանից Հայաստան մրգերի, բանջարեղենի ներմուծմամբ եւ վերավաճառքով, ունենալով ներկրված ապրանքի թույլատրելի չափաքանակը գերազանցող միրգ-բանջարեղենով բարձված մեքենաները զննության չենթարկելու եւ դրանք մաքսակետից դուրս բերելու միասնական դիտավորություն, պայմանավորվածություն է ձեռք բերել ՀՀ ՊԵԿ Արեւելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսակետ-բաժնի պաշտոնատար անձինք հանդիսացող Սուրեն Օհանյանի, Հովիկ Քոլոզյանի, Գեւորգ Ալեքսանյանի հետ եւ 2019թ. հունվարի 15-ին կաշառք է առաջարկել ՀՀ ՊԵԿ Արեւելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսակետ-բաժնի գլխավոր մաքսային տեսուչ Սուրեն Օհանյանին՝ նրա լիազորությունների շրջանակներում իր օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու, այն է՝ ներկրված թույլատրելի չափաքանակը գերազանցող միրգ-բանջարեղենով բարձված մեքենաները զննության չենթարկելու եւ դրանք մաքսակետից դուրս թողնելու հետ կապված հնարավոր խոչընդոտները վերացնելու համար ու իր գործողություններով օժանդակել է Սուրեն Օհանյանին, Հովիկ Քոչարյանին, Գեւորգ Ալեքսանյանին՝ չարաշահելու իրենց պաշտոնեական պարտականությունները:
Սույն քրեական գործով, բացի նշված պաշտոնյաներից, մեղադրանք է առաջադրվել նաեւ «ՀՀ հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի Բագրատաշենի սահմանային հսկիչ կետի պետ Ռոբերտ Վանյանին, նույն հսկիչ կետի գյուղատնտես Սուրիկ Թանդարյանին:
Արկադի Պեպանյանին մեղադրանք է առաջադրվել՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 38-308 հոդվածի 1-ին մասով եւ 312 հոդվածի 1-ին մասով, Գեւորգ Ալեքսանյանին եւ Հովիկ Քոչարյանին՝ 308 հոդվածի 1-ին մասով, Սուրեն Օհանյանին՝ 308 հոդվածի 1-ին մասով եւ 311 հոդվածի 1-ին մասով, Ռոբերտ Վանյանին եւ Սուրիկ Թանդարյանին՝ 315 հոդվածի 1-ին մասով: Այս գործով ամբաստանյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը եւ չհեռանալու մասին ստորագրությունը:
Սույն քրեական գործով դատավարությունը 2020 թվականի փետրվարի 18-ից մեկնարկել է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս