ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ԵՆ ԳԱԼԻՍ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԹՈՓ 5 ԼԻԳԱՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրը ուրբաթ է. Չեմպիոնների լիգայի դադարից հետո վերսկսվում են եվրոպական թոփ 5 առաջնությունները: Ներքին առաջնությունների ամենապատասխանատու հատվածն է, որը բաց թողնելը խստիվ արգելվում է:

Այժմ «Ժողովուրդ» օրաթերթը կշարունակի իր ավանդական դարձած շարքն ու ձեր ուշադրությանը կներկայացնի եվրոպական թոփ 5 առաջնություններից կենտրոնականները:
Անգլիայի Պրեմիեր լիգա
Հետաքրքիր հանդիպումներ շատ կան, բայց կենտրոնականն ընտրելու հարցում շատ մտածել հարավոր չէ: Արդեն վաղը՝ փետրվարի 22-ին, կկայանա լոնդոնյան դերբիներից այս պահին ամենահետաքրքիրը՝ «Չելսի» – «Տոտենհեմ»: Ֆրենկ Լեմպարդը՝ ընդդեմ Ժոզե Մոուրինյոյի. մարզչական այս դիմակայութունը խաղի հետաքրքրությունն ավելի է բարձրացնում: Անշուշտ, Ֆրենկ Լեմպարդը իր ունակություններով դեռ շատ հեռու է Մոուրից, բայց այստեղ կան այլ հաշիվներ, որոնք դեռ չեն մաքրվել: Տարիներ առաջ, երբ Լեմպարդը հեռացավ «Չելսիից», տեղափոխվեց «Մանչեստեր Սիթի» ու կարողացավ գրավել իր նախկին թիմի դարպասը, Ժոզեն չհապաղեց եւ «Չելսիի» պատմության լավագույն ռմբարկուի հասցեին արտահատվեց շատ կոպիտ. ««Չելսիի» եւ Լեմպարդի «սիրո» պատմությունն այլեւս ավարտված է»: Ինչպես ցույց տվեց ժամանակը, «Չելսիի» ու Լեմպարդի միջեւ նոր «սիրո» պատմություն սկսվեց, իսկ, ահա, Մոուրը տեղափոխվեց լոնդոնյան մյուս «ափ»՝ երեւի վերջ դնելով իր եւ «Չելսիի» միջեւ եղած կապերին: Հիմա մի փոքր էլ խոսենք բուն խաղից:
Հանդիպման բացահայտ ֆավորիտ են համարվում «Կապույտները», բայց այդպես էր նաեւ «Մանչեստեր Յունայթեդի» դեմ խաղում, իսկ ինչ արեցին Սուլշերի տղաները «Չելսիի» հետ՝ արդեն պատմության սեփականությունն է: Մոուրինյոն գլխավորեց «Տոտենհեմը» եւ միանգամից բախվեց մի շարք խնդիրների. սկզբում Հարի Քեյնը դուրս մնաց շարքից, հիմա էլ՝ մյուս առաջատարը՝ Հին Մին Սոնը: Այս պարագայում պետք է փայլատակի Մոուրինիոյի հանճարը հաղթանակի հասնելու համար: Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի կենտրոնական խաղից առաջ «Չելսին» 41 միավորով 4-րդն է, իսկ «Տոտենհեմը»՝ 40 միավորով՝ 5-րդը: Խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 16:30-ին:
Իսպանիայի Լա Լիգա
Այստեղ չեմպիոնության համար պայքարում են երկուսը՝ Մադրիդի «Ռեալն» ու կատալոնական «Բարսելոնան», իսկ Չեմպիոնների լիգայի մյուս երկու ուղեգրերի համար՝ 3-րդից 8-րդ հորիզոնականներում գտնվող թիմերը:
Լա Լիգայի 25-րդ տուրի կենտրոնական հանդիպումը տեղի կունենա կիրակի Մադրիդի «Կոլիզեում Ալֆոնսո Պերես» մարզադաշտում, որտեղ տեղի «Խետաֆեն» կընդունի անդալուզական «Սեւիլիային»:
Մադրիդյան թիմը այս մրցաշրջանում շարունակում է գեղեցիկ ելույթների շարքը, նախորդ տուրում «Խետաֆեն» դրսում 1:2 հաշվով զիջեց երկրի գործող չեմպիոն «Բարսելոնային», բայց շատերը կփաստեն՝ մադրիդցիները այդ խաղում արժանի էին ավելիին: «Խետաֆեն» շատ ավելի վստահ եւ լավ է խաղում տնային հանդիպումներում, այսինքն՝ անդալուզցիներին հեշտ հանդիպում չի ստացվում: «Սեւիլիան» էլ իր հերթին վերջին խաղերը հաջող չի անցկացնում, եւ պատահական չէ, որ խաղի ֆավորիտը «Խետաֆեն» է: Վերջիններս՝ վաստակած 42 միավորով, 3-րդն են մրցաշարային աղյուսակում, իսկ «Սեւիլիան» 5-րդն է՝ 40 միավորով: Խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:30-ին:
Գերմանիայի Բունդեսլիգա
Գերմանիայի Բունդեսլիգան այս մրցաշրջանում ամենաինտրիգայիններից է: Մյունխենի «Բավարիան» այս պահին առաջատարն է, բայց նրան հետապնդում են միանգամից 4 թիմեր: Գերմանիայի առաջնության 23-րդ տուրում շատ հանդիպումներ կան, որոնք կարող են կրել կենտրոնական բնույթ, բայց մենք ընտրել ենք Բրեմենում կայանալիք խաղը, որտեղ առաջնության ներքեւի հատվածում «Վերդերը» կհյուրընկալի չեմպիոնության համար պայքարող «Բորուսիային»: Բրեմենցիները այս մրցաշրջանը շատ վատ են անցկացնում եւ 22 խաղերից հետո վաստակել են ընդամենը 17 միավոր ու նախավերջինն են մրցաշարային աղյուսակում: Լուսյեն Ֆավրի տղաներն էլ իրենց հերթին 3-րդն են 42 միավորով եւ առաջատար բավարացիներից հետ են մնում 4 միավորով: Կարեւորագույն հանդիպում՝ 2 թիմերի համար էլ. այս խաղը ճակատագրական կարող է դառնալ ե՛ւ չեմպիոնական պայքարում, ե՛ւ Բունդեսլիգայում տեղը պահելու համար մղվող պայքարում: Ֆավորտը անկասկած «մեղուներն» են, բայց պետք է հասկանալ՝ «Վերդերը» Բրեմենում հեղինակություններ չի ճանաչում: Խաղը կկայանա փետրվարի 22-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 18:30-ին:
Իտալիայի Ա սերիա
Իտալիայի առաջնությունում նույնպես ինտրիգ կա. «Յուվենտուսը» միայնակ չէ եւ առաջնության առաջին հատվածից հետո չի ապահովել չեմպիոնությունը: Սա արդեն հիանալի է, բայց 25-րդ տուրից մեր առանձնացրած հանդիպումը ընդհանրապես կապ չունի ո՛չ «Յուվեի» եւ ո՛չ էլ չեմպիոնության համար պայքարող մյուս թիմերի հետ: Այս տուրի կենտրոնականը «Ֆիորենտինա» – «Միլան» խաղն է, որը կկայանա վաղը՝ փետրվարի 22-ին: Իտալական երկու ակումբներն էլ այս մրցաշրջանում այդքան էլ հաջող հանդես չեն գալիս, բայց Պիոլիի «Միլանը» վերջին շրջանում, ավելի ճիշտ՝ Իբրահիմովիչի ժամանելուց հետո, ստաբիլ խաղով են աչքի ընկնում եւ քիչ-քիչ մոտենում են եվրագավաթային գոտուն: Ջուզեպե Լաչինիի սաները վերջին 5 խաղում հաղթել են ընդամենը 1 անգամ. վերջին տուրում Ֆլորենցիայի ներկայացուցիչները մրցակցի հարկի տակ 5:1 հաշվով ջախջախել են «Սամպդորիային»: Սեփական դաշտում «Ֆիորենտինան» անչափ վտանգավոր է, բայց «Միլանն» էլ ուշքի է եկել եւ ձգտում է հայտնվել գոնե Եվրոպա լիգայի ուղեգիր պարգեւող գոտում: Միլանցիները այժմ վաստակել են 35 միավոր եւ 8-րդն են, իսկ «Ֆիորենտինան» 13-րդն է՝ 28 միավորով: Խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին:
Ֆրանսիայի Լիգա 1
Այստեղ չկա չեմպիոնական պայքար, այստեղ իտրիգը միայն եվրագավաթային գոտում հայտնվելն է, եւ պայքարը առաջնությունում տեղը պահպանելու համար է: Լիգա 1-ի 26-րդ տուրի կարեւորագույն հանդիպումներից մեկի զույգը կազմել են «Լիլն» ու «Թուլուզը»: 4-րդ տեղում գտնվող «Լիլը» պայքարում է 3-րդ տեղի համար, որը հնարավորություն է տալիս մասնակցել Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլին: Քրիստոֆեր Ժալտիերի տղաները ունեն 40 միավոր եւ բաղձալի 3-րդ տեղում հանգրվանած «Ռենից» հետ են մնում ընդամենը 1 միավորով: «Թուլուզի» համար այս խաղը կլինի ճակատագրական. եթե պարտություն, ապա հաջողությո՛ւն, Լիգա 1-ին, իսկ եթե հաղթանակ, ապա պայքարը կշարունակվի: «Թուլուզը» վերջինն է 13 միավորով եւ 18-րդ տեղում գտնվող «Դիժոնից» հետ է մնում 13 միավորով: 18-րդ հորիզոնականը հնարավորություն կտա պայքարել Լիգա 1-ում տեղը պահպանելու համար՝ ապահովելով մասնակցություն որակավորման փուլում: Հանդիպումը կկայանա փետրվարի 22-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

 

 

ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻՆ ԱՆԱՊԱՀՈՎ Է
Օրեր առաջ Երեւանի կենդանաբանական այգում կենդանու հերթական անկման դեպք է գրանցվել. պարզվել է, որ ուղտի անկման պատճառը տուբերկուլոզն է՝ հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդություն, որի նկատմամբ զգայուն են կենդանիները, մարդիկ եւ, առհասարակ, ոչ միայն կաթնասունները. ավելի ուշ հայտարարվել էր, որ այգին ժամանակավոր չի գործում:
«Կենդանաբանական այգում ամիսներ առաջ եւս արձանագրվեցին կենդանիների տուբերկուլոզի դեպքեր, եւ ի՞նչ արվեց, կամ ի՞նչ արդյունք տվեց. պատասխանն ակնհայտ է, ինչի ապացույցը տուրբերկուլոզի հերթական նոր դեպքի արձանագրումն էր եւ ուղտի անկումը: Իրականությունն այն է, որ կենդանաբանական այգին՝ որպես անասնահամաճարակային նշանակության օբյեկտ, իր գործունեության ուղղվածությամբ եւ ծառայությունների շրջանակներով ունենալով հանրային եւ կենդանիների առողջությանը սպառնացող ամենաբարձր ռիսկերը եւ վտանգները, վաղուց տուբերկուլոզի նկատմամբ ստացիոնար անապահով է, այսինքն՝ կենդանաբանական այգին տուբերկուլոզի օջախ է, որտեղ հիվանդությունը՝ որպես ծխացող վարակ, պարբերաբար կդրսեւորվի, քանի դեռ…»,- նշել է ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության ապահովման համակարգի մեթոդաբանության վարչության պետ Արմեն Վարդանյանը:

 

 

 

 

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ
ՀՀ կրթության տեսչական մարմինը, ամփոփելով 2019թ. կատարած աշխատանքները, հրապարակել է 2019թ. ՀՀ ուսումնական հաստատություններում կատարված ստուգումների արդյունքները:
2019թ. ստուգումների տարեկան ծրագրի համաձայն՝ ստուգումներ են իրականացվել ՀՀ 34 մանկապարտեզներում: Ըստ արդյունքների՝ 2019թ. ՀՀ մանկապարտեզների ստուգման արդյունքում միջին ռիսկային միավորը, 2018թ. համեմատ, աճել է եւ կազմել 24 միավոր:
2019թ. ստուգումների տարեկան ծրագրի համաձայն՝ ստուգումներ էին իրականացվել ՀՀ 33 դպրոցներում: 2019թ. ստուգումների արդյունքում միջին ռիսկային միավորը կազմել է 9.8 միավոր:
Մնացորդային գիտելիքների ստուգման նպատակով ՀՀ կրթության տեսչական մարմնի կողմից տրվել են նաեւ գրավոր աշխատանքներ «Հայոց լեզու» եւ «Մաթեմատիկա» առարկաներից: 2019թ. գրավոր աշխատանքների արդյունքներն ավելի բարձր են եղել՝ 2018թ. արդյունքների համեմատ: Մասնավորապես, «Հայոց լեզու» առարկայի թելադրության միջին գնահատականը 2018թ. կազմել է 4.9 միավոր, 2019թ.՝ 5.8 միավոր, «Մաթեմատիկա» առարկայի գրավոր աշխատանքից միջին գնահատականը 2018թ. ստուգված դպրոցներում կազմել է 3.8 միավոր, 2019թ.՝ 4.4 միավոր:




Լրահոս