Ինչի՞ մասին է հակածխախոտային օրենքն իրականում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոտ մեկ շաբաթ առաջ Ազգային ժողովը 76 կողմ ձայնով ընդունեց «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքը։ Ու դժվար թե լինի մեկը, որ երբևէ ականատեսը չի եղել օրենքի շուրջ ծավալված բուռն քննարկումներին ու բանավեճերին, չի լսել ընդունմանը կողմ ու դեմ փաստարկներին։

Այնուամենայնիվ, օրենքի վերաբերյալ երևանցիների կարծիքը լսելիս տպավորություն է ստեղծվում, որ այսքան քննարված օրինագիծը քչերն են կարդացել ու քչերն ունեն պատկերացում՝ ինչ է իրականում կարգավորում այս օրենքը։ Ուստի հակիրճ ներկայացնում ենք հիմնական թյուրըմբռնումներն ու իրական պատկերը։

Քայլեք փողոցով ու հարցրեք ցանկացած անցորդի՝ ինչ գիտի հակածխախոտային օրենքի մասին։ Պատասխանը հիմնականում նույնն է լինելու․ օրենքն արգելում է ծխելը ռեստորաններում ու սրճարաններում։ Այնինչ իրականում օրենքի կարգավորման դաշտը շատ ավելի լայն է։ Օրինակ, փակ և բաց տարածքներում ծխելու արգելքից բացի օրենքը սահմանում է ցուցադրության արգելք՝ ծխախոտային արտադրատեսակներն այսուհետ հնարավոր չի լինի ցուցադրել խանութներում։ Բացի այդ, օրենքում տեղ է գտել նաև սիգարետների տուփի միատեսակ փաթեթավորում կիրառելու պահանջը։ Այսինքն, բոլոր տեսակի սիգարետի տուփերը լինելու են միանման՝ անկախ ապրանքանիշից ու տեսակից։

Օրենքի վերաբերյալ ևս մեկ թյուրըմբռնում է այն, որ օրենքը կարգավորում է միայն սիգարետը։ Իրականում ծխախոտային բոլոր փոխարինիչները՝ ներառյալ էլեկտրոնային սիգարետը (Հայաստանում վերջերս սկսել է շրջանառվել JUUL արտադրատեսակը) ու ծխախոտի տաքացման համակարգերը (Հայաստանում պաշտոնապես առկա է IQOS ապրանքանիշը), նույնպես կարգավորվում են ճիշտ այնպես, ինչպես սիգարետը։ Ըստ էության, այս քայլով անտեսվում է արտադրանքի աշխատելու սկզբունքորեն այլ մեթոդն ու դրա տարանջատված դասակարգումը, օրինակ, Համաշխարհային մաքսային կազմակերպության կողմից։ Այնուամենայնիվ, հակածխախոտային ակտիվիստները պնդում են, որ միանման կարգավորումը բխում է փոխարինիչների՝ նիկոտին պարունակելու փաստից։

Ապատեղեկատվություն է նաև այն, որ օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականից։ Իրականում, օրենքի տարբեր դրույթներ ուժի մեջ են մտնում տարբեր ժամանակաշրջաններում՝ սկսած հենց 2020 թվականից։ Օրինակ, որոշ վայրերում վաճառքի և օգտագործման արգելքն ուժի մեջ է ստորագրման պահից տասը օր հետո։ Իսկ ցուցադրության կամ այլ սահմանափակումներ՝ սկսում են գործել 2021 թվականից։

Թերևս, ամենատարածված մոլորությունն այն է, որ ներկայումս Հայաստանում չկա ծխախոտային արտադրատեսակները կարգավորող օրենսդրություն, ինչի պատճառով էլ օրինագծի ընդունումը օրհասական կարևորություն ուներ։ Իրականում, 2004 թվականին ՀՀ Ազգային ժողովն արդեն իսկ ընդունել է հակածխախոտային օրենք, որի վերաբերյալ իրազեկման ցածր մակարդակը հավանաբար պայմանավորված է օրենքի կատարումն ապահովելու հետ կապված դժվարություններով։

Օրինակ, գործող օրենքն արգելում է երթուղայինի վարորդին ծխել մեքենա վարելիս։ Այնինչ բոլորս էլ բազմիցս ականատես ենք եղել ծխող վարորդների, ովքեր մեր՝ սիգարետը դեն նետելու խնդրանքը պարզապես արհամարհել են։

Շատ քաղաքացիներ վստահություն են հայտնում, որ օրենքը բացասական տնտեսական հետևանքներ չի ունենա։ Այս հարցին արագ պատասխան տալ հնարավոր չէ․ պետք են հստակ հաշվարկներ ու տնտեսական վերլուծություն։ Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ մի երկրում, որտեղ առաջին հարկատուն հենց ծխախոտային ընկերություն է, առավել ևս՝ ազգային արտադրող, տնտեսության վրա ազդեցության բացակայության մասին խոսելը գերլավատեսական է։

Ինչպես արդեն նշեցինք, օրենքը կարգավորում է ոչ միայն սիգարետը, այլ, օրինակ, նարգիլեն, որի օգտագործումը ռեստորաններում ու սրճարաններում նույնպես կարգելվի։ Հետևաբար, նարգիլե ակումբները փակվելու են, ինչից չեն կարող չտուժել անհատ ձեռնարկատերերը։

Բացի այդ, ցուցադրության արգելքը սահմանափակելու է փոքր խանութների՝ ծխախոտային արտադրատեսակները ցուցադրելու
հնարավորությունը, ինչը նույնպես բացասաբար է անդրադառնալու փոքր ու միջին ձեռնարկությունների եկամուտների վրա։ Վերջապես, սիգարետի տուփի միատեսակ փաթեթավորումն ու ցուցադրության արգելքը հեշտացնում են կեղծ արտադրանքի մուտքը շուկա, ինչը կարող է խթանել ստվերային տնտեսությունը։




Լրահոս