ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը վստահեցնում է, որ այս տարի Զինված ուժերում խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերի առնչությամբ կատարված աշխատանքներում պաշտոնանկությունները ընդամենը հետևություններից մեկն են, շատ ավելի լուրջ աշխատանքներ են տարվում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բալայանն այս մասին հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:
«Պաշտոնանկությունները հետևություններից ընդամենը մեկն էր: Շատ ավելի լուրջ աշխատանք է տարվում, շատ է այդ աշխատանքների մասին հայտարարվել: Արձանագրում ենք որպես թերություն, որի համար շատ աշխատելու տեղ ունենք: Դրանք որևիցե ձևով ներելի չեն: Բայց պետք է հաշվի առնել, որ մենք գործ ունենք մարդկանց հետ, և որևէ արտահայտություն կամ նախադեպ ոչ ճիշտ մեկնաբանելը հնարավոր է, որ ճակատագրեր խեղի»,-ասաց Բալայանը:
Նա նշեց՝ սխալ է ասել, թե բանակում 13 զոհ է եղել: «Ի պաշտոնե ինձ հասած տվյալների համաձայն մի քանիսը մահեր են, ոչ թե զոհեր, պետք է հստակ տարանջատել: Գոյություն ունեն համապատասխան իրավակարգավորումներ ամեն մի մահվան դեպքով: Մահվան դեպքերի հետ կապված հետևությունները բազմաթիվ են, ինչպես արդեն նշեցի դրանցից մեկը պաշտոնանկություններն են»,-ասաց Բալայանն ու նշեց՝ որոշ պաշտոնյաների ծառայությունը գնահատվել է անբավարար:
Նա շեշտեց՝ կանոնակարգային հարաբերություններին պետք է ավելի խիստ հետևել, պետք է հետևել այն իրավակարգավորումներին, որոնք գործում են: Բալայանը նկատեց՝ սխալ կլինի ասել, թե այդ իրավակարգավորումները չկան, խնդիրը իրավակիրառությունն ապահովելու մեջ է:
2020թ. ընթացքում բանակում խաղաղ պայմաններում 13 զինծառայողի մահվան դեպք է գրանցվել: Վարչապետը հայտնել էր, որ 2020-ին զոհերից հինգը մահացել են հիվանդության պատճառով՝ մի մասը ծառայության, մյուս մասը ոչ ծառայության մեջ: 4-ը դժբախտ պատահարի հետևանքով, և չորս ինքնասպանության դեպք է տեղի ունեցել:
Արձանագրված դեպքերից հետո ՀՀ վարչապետի առաջարկով և նախագահի՝ փետրվարի 18-ի հրամանագրերով պաշտոնանկ են արվել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանապետ Արթուր Բաղդասարյանը և ՀՀ ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանը: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով` պաշտոնից ազատվել է նաև Պաշտպանության բանակի հրամանատար Կարեն Աբրահամյանը: Նախագահի մեկ այլ հրամանագրով այդ պաշտոնում նշանակվել է Ջալալ Հարությունյանը: