ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ով է վերահսկելու ձկան և խեցգետնի սիրողական որսի չափաքանակների պահպանումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը փետրվարի 3-ին ստորագրել է 2020 թվականի ընթացքում Հայաստանի ջրային տարածքներում սոցիալական նպատակներով որսի (սիրողական ձկնորսություն) համար նախատեսվող օգտագործման թույլատրելի չափաքանակները եւ որսի ժամկետները սահմանելու մասին հրամանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախարարը հրամանը ստորագրելիս հաշվի է առել Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի՝ այս տարվա հունվարի 17-ի գրությամբ ներկայացված առաջարկությունները:

Այսպես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ ջրային տարածքներում կարմրախայտ հնարավոր կլինի որսալ այս տարվա փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը 1 կիլոգրամից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում (ձվադրման ժամանակահատվածը՝ հոկտեմբեր-նոյեմբեր, թույլատրելի չափերը՝ 15 սմ եւ ավելի), իսկ ծիածանափայլ ֆորելը՝ 2020-ի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը առանց սահմանափակման (ձվադրման ժամանակահատվածը՝ հունվար-մարտ), խեցգետինը՝ 2020 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը, 1 կիլոգրամից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում (բազմացման ժամանակահատվածը՝ ապրիլ-օգոստոս, թույլատրելի չափերը՝ 9 սմ եւ ավելի):

Խեցգետնի որսն իրականացվում է առավելագույնը երեք խեցգետնորսիչով՝ մինչեւ 70 սմ տրամագծով եւ 22 միլիմետրից ոչ պակաս խորշերով:

Բայց, մյուս կողմից, ընթացիկ տարվա համար դեռ հաստատված չեն արդյունագործական որսի չափաքանակները: Տեղեկացնենք՝ գործադիրը նախորդ տարվա նոյեմբերի 21-ի նիստում հաստատեց Սեւանա լճում ձկան եւ խեցգետնի պաշարների վերականգնման, պահպանման, վերարտադրման, ինչպես նաեւ դրանց պաշարների որոշման, ձկան եւ խեցգետնի արդյունագործական որսի քանակների, ձեւերի եւ կազմակերպման կարգը:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Արայիկ Հունանյանն ասաց. «Դեռ չկա նորություն՝ արդյունագործական որսի հետ կապված, քննարկումներ են տեղի ունենում: Կառավարության որոշմամբ է դա հաստատվելու»։

«Ժողովուրդ» օրաթերթի հարցին՝ սիրողական որսի չափաքանակների պահպանումն ում կողմից է վերահսկվելու, Արայիկ Հունանյանն ասաց՝ պարկի տեսուչների: «Մեր տարածքում մեր տեսուչները պետք է վերահսկեն՝ արդյոք ունեն նախարարությունից համապատասխան թույլտվություն, թե ոչ: Բայց Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնից եւս պետք է մոտենան եւ ստուգեն՝ ունի համապատասխան փաստաթղթերը սիրողական որս իրականացնելու համար, թե ոչ, կամ արդյոք պահպանել են որսի թույլատրելի չափաքանակներն ու տեսակները, թե ոչ»,- ներկայացրեց Արայիկ Հունանյանը:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս