Ուշագրավ զարգացումներ Թևոսիկի եղբոր սպանության գործով. Իսոյի առաջին հաղթանակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2014 թվականի հունվարի 27-ին Արամի նրբանցքի շենքերից մեկի մուտքի մոտ սպանվել էր քրեական հեղինակություն Թևոս Սաֆարյանի եղբայրը՝ Արթուր Սաֆարյանը: Մեկ ամիս չանցած՝ սպանության գործով կալանավորվել էին Թևոս Սաֆարյանի շրջապատում գտնվող անձինք՝ Իսրայել Սարգսյանը և Տիգրան Ասատրյանը: Վերջինս շուտով ազատ էր արձակվել, իսկ Իսրայել Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվելց սպանությունը կազմակերպելու ու դրան օժանդակելու համար:

Առաջին ատյանի դատարանի վճռով Իսրայել Սարգսյանը դատապարտվել էր 25 տարվա ազատազրկման:  ArmLur.am-ը տեղեկացավ, որ ամիսներ առաջ Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, վճռել է նրան մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը կազմակերպելը) նախատեսված հանցանք կատարելու մեջ, եւ նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում` 11 տարի ժամկետով, որը մասնակիորեն գումարելով Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի դատավճռով նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով (հանցանքը թաքցնելու նպատակով կատարված սպանությունը) նշանակված 17 տարի ժամկետով ազատազրկմանը եւ Սարգսյանի նկատմամբ վերջնական պատիժ սահմանել ազատազրկում` 19 տարի ժամկետով:

ArmLur.am-ի հետ զրույցում Իսրայել Սարգսյանը մայրը՝ Անժելա Բեգինյանը, հայտնեց, որ, ի ուրախություն իրենց, Վճռաբեկ դատարանը գործը վարույթ չի ընդունել, հակառակ դեպքում ստիպված պետք է լինեին ամեն բան սկսել նորից:

Ավելին, մեր զրուցակցի փոխանցմամբ՝ ընթացիկ տարվա փետրվարի 1-ից իրենց բողոքը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում է:

Հիշեցնենք՝ դեպքից անցել է ավելի քան վեց տարի, սակայն մինչ օրս հայտնաբերված չէ Մովսես Ներսիսյանի դին:

Ըստ մեղադրանքի՝ Իսրայել Սարգսյանը Մովսես Ներսիսյանին պատվիրել է Արթուր Սաֆարյանի սպանությունը, ապա հանցագործության հետքերը թաքցնելու համար սպանել Ներսիսյանին ու մարմինը նետել դիտահորը: Սարգսյանը մեղադրվում է նաև ապօրինի զենք, զինամթերք պահելու մեջ: Մովսես Ներսիսյանի դին առայսօր չի հայտնաբերվել, և նախաքննություն իրականացնող մարմինը նրան սպանված է համարել ապացույցների համակցությամբ:

Ըստ գործի նյութերի՝ Իսրայել Սարգսյանն ու Մովսես Ներսիսյանը վերջինիս անհետացման օրը հանդիպել են, և Իսրայել Սարգսյանը Մովսես Ներսիսյանին սպանել, ապա դին Մովսեսի մեքենայով տեղափոխել է Զովունի-Քանաքեռավան ճանապարհի մոտ, որտեղ էլ նետել է կոյուղու դիտահորն, ապա մեքենան տարել ու թողել «Զվարթնոց» օդանավակայանում՝ տպավորություն ստեղծելով, թե Մովսես Ներսիսյանը գնացել է Հայաստանից:

Նշենք, որ դիտահորը, որտեղից, ըստ գործի նյութերի, Իսրայել Սարգսյանը նետել է սպանված Մովսես Ներսիսյանին, գտնվում է Սարգսյանին պատկանող հողատարածքի մոտ: Այստեղ տևական ժամանակ ապարդյուն որոնողական աշխատանքներ են տարվել՝ Ներսիսյանի դիակը հայտնաբերելու ուղղությամբ: Չարենցավան քաղաքից մինչև Աերացիա հասնող կոյուղաջուրը:

Աերացիայում մաքրման է ենթարկվում, ապա թափվում Արաքս գետը: Աերացիայում նույնպես Մովսես Ներսիսյանի դին չի հայտնաբերվել:

Գործի քննության ընթացքում 4 անկենդան շուն և մեկ խոզ է նետվել այն դիտահորը, որից, ըստ գործի նյութերի, Իսրայել Սարգսյանը նետել է սպանված Մովսես Ներսիսյանի դին, և որոնողական աշխատանքների արդյունքում ինչ-որ ոսկորներ են հայտնաբերվել, որոնք, սակայն, չեն պատկանել մարդու:

Իսրայել Սարգսյանը գործի քննության ամբողջ ընթացքում պնդել է, թե Մովսեսին չի սպանել, որ ինքն անձամբ է նրան հորդորել մեկնել Հայաստանից, իսկ Մովսեսը մնացել է:

ՏԱԹԵՒ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ




Լրահոս