Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան օգտատերերից մեկի գրառման տակ, ով առաջարկել էր, որ Սոֆյա Հովսեփյանը վայր դնի մանդատը, մեկնաբանել է կարճ՝ «ուտի»։ Այս գրառումն ու մեկնաբանությունը ֆեյսբուքյան օգտատերերի շրջանում բուռն քննադատության առիթ է դարձել:
Հիշեցնենք, որ Սոֆյա Հովսեփյանը օգտատերերից մեկի գրառման մեկնաբանությունում անդրադառնալով օրերս Գյումրիում տեի ունեցած ողբերգական դեպքին, գրել էր.
«Երբ մարդիկ սովոր չեն իրականությանը նայել և մեղավոր են դարձնում այլոց։ Մենք դասեր չենք քաղում եղած դեպքերից, այլ ողբում ենք, ծնկներիս ծեծում, զոհ դառնում, փոխանակ կանգ առնենք և հասկանանք, թե ամեն մեկս որտեղ ենք անգործ եղել, որ մեզ կամ յուրայինիս վրա ձեռք են բարձրացնում։ Չէ, պատմությունն էլ դաս չէ մեզ համար, ամեն օրն էլ դաս չէ, քանի որ մենք մեզ խաբել ենք սովորեցրել, մենք ուրիշին էլ ենք խաբում։
Երեկ գրեցի արդեն, որ ՀԱԿ, ֆեմ խմբերը և ԼԳԲՏ համայնքը կրկին ակտիվացել է, քանի որ հարց եմ տվել «Արդյոք, բացի այն որ մայրը զոհ էր, ոչ մի մեղք չունի կատարվածի համար, քանի որ իր երեխային ծեծել են պարբերաբար, ինչպես վկայում են հարևանները և նա լռել է»։ Կարծում եմ հասկանում եք ինչ ասել է «մայր»։
Երևանի քաղաքապետ Հակոբ Կարապետյանի մեկնաբանության և թեմայի շուրջ ArmLur.am-ը զրուցել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հետ:
«Ես փորձեցի անձամբ Հակոբ Կարապետյանից պարզաբանել, թե ինչ է ցանկացել ասել, նա հերքելու փոխարեն պահանջեց, որ ես պետք է ներողություն խնդրեմ հանրությունից, որ ես որպես քաղաքական գործիչ հարցադրում եմ արել՝ արդյոք երեխայի մայրը մեղավո՞ր չէ պատահածի մեջ: Կարապետյանը, լինելով Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ, որը քաղաքական պաշտոն չէ, փորձում է ցույց տալ, որ իր մոտեցումը ճիշտ է, իսկ իմ դիրքորոշումը որպես քաղաքական գործչի, սխալ է: Ես գրել եմ պարոն Մարությանին և նա պետք է անձնամբ այս հարցին արձագանքի, ոչ թե ես»,-ասաց նա:
Սոֆյա Հովսեփյանի խոսքով, Հակոբ Կաապետյանը պետք է ներողություն խնդրի ոչ միայն իրենից, այլ մի ամբողջ ժողովրդից, քանի որ նա ժողովուրդի ընտրածն է, իսկ Հակոբ Կարապետյանը նշանակված պաշտոն է զբաղեցնում:
«Թող գիտակցի, որ ինձ վիրավորելով է վիրավորում է նաև իմ ընտրողին»,-հավելեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:
Վերջում նկատենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն առաջին անգամը չէ, որ թիրախավորվում է հենց իր թիմակիցների կողմից, սակայն Հակոբ Կարապետյանի պարագայում եւս նման պահվածքն առաջինը չէ: Սակայն նկատենք, որ վերջինիս մասով այդպես էլ որեւէ նկատողության ականատես չենք լինում:
Լիդա Եղիազարյան