Ինձ համար ամբողջ տարին տոն է․ Յանա Դանիելյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քանի որ սկսվել է կանանց նվիրված միամսյակը, «Ժողովուրդ» օրաթերթը զուտ կանացի թեմաներով զրուցել է հաղորդավարուհի, դերասանուհի Յանա Դանիելյանի հետ: Նա խոսել է հաջողակ կին լինելու իր բանաձեւի, հասարակական, քաղաքական կյանքում կնոջ դերի մասին:

-Յանա՛, նախ՝ ստանդարտ մի հարց՝ ի՞նչ են ցանկանում կանայք:

-Երջանկություն. ամեն կին յուրովի է գտնում դա: Երջանկությունը բոլորի համար միանշանակ դրսեւորում չունի: Կինը երջանիկ է, երբ գտնում է իր տեղը:

-Ի՞նչն է կնոջը ուժ տալիս:

-Ապագայի հուսալի տեսլականը: Շատ կանայք իրենց ուժը գտնում են երեխաների մեջ: Անձամբ իմ ուժը իմ ընտանիքի մեջ է: Ինձ ուժ է տալիս սերը, որն իմ կյանքում ամենուրեք է: Սերը բնության, հայրենիքի, աշխատանքի, ընտանիքի մեջ է…Պետք է բաց պահես սիրտդ ու միտքդ, որպեսզի սերը մտնի ներս:

-Որքանո՞վ եք կարեւորում կանանց ներգրավվածությունը հայաստանյան քաղաքական եւ հասարակական կյանքում:

-Շատ եմ կարեւորում. կինը շատ դեպքերում ավելի ուժեղ է, սառնասիրտ, ի դեպ, նաեւ, ըստ հոգեբանների, ավելի քիչ է հակված կաշառվելուն, քան տղամարդիկ: Կանանց նուրբ արտաքինին, տեսքին խաբվել պետք չէ: Նրանք մեծ կամքի տեր մարդիկ են: Ուրախ եմ, որ ունենք շատ լավ կին գործիչներ, եւ է՛լ ավելի ուրախ կլինեմ, եթե նրանց շարքերը համալրվեն:

-Ի՞նչն է կնոջը դարձնում խոցելի:
-Ընտանիքը:

-Եվ վերջին հարցը՝ ի՞նչ նշանակություն ունի Ձեզ համար կանանց նվիրված միամսյակը:

-Անկեղծ ասած՝ դրան երբեւէ մեծ ուշադրություն չեմ դարձրել: Ինձ համար միամսյակը առանձնակի կարեւորություն չունի: Ես երջանիկ կին եմ, քանի որ տարվա 12 ամիսներին շրջապատված եմ սիրով, ուշադրության կենտրոնում եմ, այնպես որ, ինձ համար ամբողջ տարին տոն է: Բոլոր կանանց, որոնք հատուկ սպասում են միամսյակին, որպեսզի ուշադրության արժանանան, խորհուրդ կտամ, որ սիրեն ու գնահատեն իրենք իրենց ամեն օր:

Անի Անտոնյան




Լրահոս