ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես ասվում է.
Հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից ակտիվացումը կարող է ունենալ ինչպես արտաքին, այնպես էլ ներքին պատճառներ։ Բացառված չէ, որ այդ միջադեպերով Ադրբեջանի միջոցով Թուրքիան Ռուաստանին ինչ-ինչ ուղերձներ է հղում։ Ռուս-թուրքական հարաբերություններում խնդիրների առաջացման դեպքում մենք միշտ ականատես ենք լինում Ադրբեջանի կողմից ռազմական արկածախնդրության կամ Արցախում, կամ հայ-ադրբեջանական սահմանին։
Ադրբեջանի այս ակտիվացումը կարող է ունենալ նաև ներքին պատճառներ։ Նավթի համաշխարհային գների անկմամբ պայմանավորված Ադրբեջանում սրվել է ներքին իրադրությունը, նավթից ուղղակիոերն կախված երկրում հնարավոր են տնտեսական ցնցումներ ու սոցիալական ընդվզումներ։ Իսկ նման դեպքերում Ադրբեջանը ավանդաբար դիմում է ռազմական գործողությունների միջոցով հասարակությանը ներքին խնդիրներից շեղելու մարտավարությանը։
ՀԱՊԿ-ի լռությունը հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող միջադեպերի առնչությամբ օրինաչափ է ու ավանդական։ Նույնիսկ դժվավարանում եմ հիշել, թե վերջին անգամ ՀԱՊԿ-ը երբ է գոնե դատապարտող հայտարարության մակարդակով դիրքորոշում արտահայտել Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունների առթիվ։ Այն դեպքում, երբ ՀԱՊԿ-ը Հայաստանի անվտանգությունն ապահովելու պայմանագրային պարտավորություններ ունի։ Սա հերթական անգամ վկայում է այն իրողության մասին, որ ՀԱՊԿ-ն իրականում անգործունակ, անկեսնունակ, իռացիոնալ դաշինք է։ Ամեն անգամ Հայաստանի տարածքը գնդակոծելով կամ հայ զինծառայողի կրակելով Ադրբեջանը ցույց է տալիս ՀԱՊԿ-ի անգործությունը։
Այսինքն՝ իրականում Հայաստանին ուղղված այս կրակոցներն անուղղակիորեն ուղղված են նաև ՀԱՊԿ-ին ու դրանով հանդերձ Ռուսաստանին։ ՀԱՊԿ-ի անդեմությամբ Ադրբեջանը անուղղակիորեն ցույց է տալիս նաև, որ այդ ռազմաքաղաքական դաշինքում ինքն իրականում ավելի շատ դաշնակիցներ ունի, քան դաշինքի նոմինալ անդամ Հայաստանը։
Նման միջադեպերը ու ՀԱՊԿ-ի լռությունը պետք է քննարկման առարկա դառնան Հայաստանի հանրային–քաղաքական օրակարգում։ Կյանքը ցույց է տալիս, որ այդ կառույցը որևէ գործնմական նշանակություն ու դերակատարում չունի Հայաստանի անվտանգության ապահովման գործում։
Առաջ են գալիս հարցեր, որոնց պետք է պատասխանեն ոչ միայն Հայաստանի իշխանությունները, այլ նաև քաղաքական համակագի մասնակիցները, կուսակցությունները։ Սակայն հասկանալի պատճառներով մեր քաղաքական ուժերը որևէ դիրքորոշում չեն արտահայտում այս կարևորագույն խնդրի վերաբերյալ՝ ըստ ամենայնի չցանկանալով հարուցել Ռուաստանի դժգոհությունը։ Այդպես եղել է նախկինում, այդպես է նաև այսօր։ Այն դեպքում, երբ քաղաքական համակարգում այս հարցի շուրջ խորքային քննարկումները կարող էին անուղղակիորեն աջակցել նաև իշխանություններին, որն այս կամ այն որոշումը կայացնելիս կարող էր հղում անել քաղաքական ուժերի դիրքոշումներին։
Իշխանությունը սակայն այս հարցում միայնակ է, քանի որ ցավոք, մեր քաղաքական ուժերի համար ավելի կարևոր է ոչ թե պետական շահը, այլ Ռուսաստանի համապատասխան շրջանակներին դուր գալու կամ նրանց զայրույթը չհարուցելու մղումը։
Եթե ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հիմնավորումն այն է, որ այդպիսով խորացվում են ռազմական կապերը Ռուսաստանի հետ, ապա դա թույլ հիմնավարում է։ Ռուսաստանի հետ մեր ռազմական համագործակցությունը այսպես թե այնպես զարգանում է երկկողմ մակարդակում ու ՀԱՊԿ-ի կարիքը այդ հարցում գործնականում չկա։ Այլ հարց է, որ Ռուսաստանի համար է կարևոր Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին՝ կառույցին կշիռ հաղորդելու,Հարավային Կովկասի երկրներից կառույցում ներկայացված պետություն ունենալու իմաստով։ Այդ դեպքում Հայաստանը, Հայաստանի իշխանությունը պետք է Ռուաստանի այդ ցանկությունը բավարարելու դիմաց, ասենք այսպես, բարձրացնի մեր անդմակացության գինը և համապատասխան ձևաչափերում հասնի նրան, որ ՀԱՊԿ–ը գոնե հայտարարությունների մակարդակով զսպի Ադրբեջանի ռազմական ոտնձգությունները Հայաստանի տարածքի նկատմամբ։
Բայց այս միջադեպերը բացահայտում են մեկ այլ, իմ կարծիքով դրական իրողություն։ Եթե նախկինում հայ–արդբեջանական սահմանին կատարվող ամեն մի միջադեպից հետո մեր ներքին կյանքում քննարկման առարկա էր դառնում ՀԱՊԿ-ի լռության հարցը, ՀԱՊԿ-ին դիմել-չդիմելու խնդիը, ապա հիմա կարծեք թե այդ մասին գրեթե չի խոսվում։
Դա դրական է այն առումով, որ մենք վերջնականապես եկել ենք այն կարևոր եզրահանգմանը, որ մեր անվտանգության ապահովման հարցում պետք է ապավինենք միայն ու բացառապես մեր զինված ուժերին և որ որևէ դաշինք չի ապահովելու մեր անվտանգությունը։ Սա նաև մտածողության կարևոր փոփոխություն է, ուրիշներին ապավինելու մոլորության վերացում, ինչը շատ դրական եմ համարում։