«Ժողովուրդ» օրաթերթին ԴԱՀԿ նախկին պետի ազատումից որոշ հետաքրքիր մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես՝ այն, որ Դավիթ Բեգինյանին որպես ԴԱՀԿ պետի ժամանակավոր պաշտոնակատար 8 ամիս պաշտոնավարելուց հետո առաջարկել են գնալ իր նախկին պաշտոնին եւ դառնալ ԴԱՀԿ պետի տեղակալ: Սակայն վերջինս նեղացել է այդ առաջարկից եւ որոշել ընդհանրապես համակարգից ազատման դիմում գրել եւ հեռանալ: Իսկ ո՞վ է հավակնում դառնալ ԴԱՀԿ պետ:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Արդարադատության նախարարությունում շոշափվում է արդարադատության նախարարի առաջին խորհրդական Դավիթ Գասպարյանի անունը: Վերջինս նախարար Ռուստամ Բադասյանի հարսանիքի քավորն է եւ մինչեւ նախարարությունում աշխատանքի անցնելը զբաղվել է փաստաբանական գործունեությամբ: Ինչպես հայտնի է, 2019 թվականի հուլիսի 19-ին ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել արդարադատության գնդապետ Դավիթ Բեգինյանը: Շուրջ 8 ամիս նա կատարեց ԴԱՀԿ պետի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները եւ, ահա, մարտի 9-ին ազատման դիմում գրեց: Մամուլում հրապարակվեց այն մասին, թե վերջինս արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ է խնդիրներ ունեցել, սակայն իրականում Դավիթ Բեգինյանի ազատումը խիստ նեղացվածության հետ է կապված:
Նշենք, որ Դավիթ Բեգինյանը մինչեւ ԴԱՀԿ պետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելը եղել է ԴԱՀԿ պետի երրորդ տեղակալը: Ու երբ նա նշանակվել է ԴԱՀԿ պետի ժամանակավոր պաշտոնակատար, ԴԱՀԿ պետի երրորդ տեղակալի պաշտոնը թափուր է մնացել:
Իսկ ո՞րն է խնդիրը, որ, այնուամենայնիվ, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը որոշել է ազատվել ԴԱՀԿ պետից` նրա փոխարեն նշանակելով իր քավորին: Այդ ծառայությունից մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Արդարադատության նախարարութունից Դավիթ Բեգինյանին հասկացրել են, որ այս ընթացքում ԴԱՀԿ ոլորտում հեղափոխություն չի արվել, մինչդեռ այդ ոլորտը ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանից հետո պետք է այնպիսի հեղափոխական քայլեր արվեին, որ ներքեւից վերեւ զգային բոլորը:
Բեգինյանը, սակայն, 8 ամիս նշանակված լինելով այդ պաշտոնին, ծառայությունում, ըստ էության, ոչ մի փոփոխություն չի արել:
ԴԱՀԿ ծառայությունից մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Դավիթ Բեգինյանը, 21 տարի աշխատելով ԴԱՀԿ ծառայությունում, երբեւէ աչքի չի ընկել աշխուժությամբ կամ ակտիվությամբ, նա հանգիստ աշխատող է եղել, եւ նրանից այսօր գալ ու պահանջել նոր որակի ակտիվ աշխատանք այդքան էլ իրատեսական չէ: Ահա թե ինչու են Բեգինյանին ասել, որ ԴԱՀԿ պետ չի նշանակվելու: Եւ լավագույն տարբերակը, որ կարող է առաջարկվել, այն է` վերադառնա նախկին ԴԱՀԿ պետի երրորդ տեղակալի պաշտոնին, որը շուրջ 8 ամիս թափուր է մնացել: Եւ Դավիթ Բեգինյանը սա համարել է խիստ վիրավորանք եւ նեղսրտել մտերմիկ շրջապատում, թե գոնե պետ նշանակեն, տանում են հին պաշտոնին: Ու այս պատճառով էլ միանգամից համակարգից դուրս գալու դիմում է գրելու հեռացել՝ այդպես արտահայտելով իր նեղվածությունն ու վրդովմունքը:
«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց Դավիթ Բեգինյանի հետ:
-Պարո՛ն Բեգինյան, Ձեզ ասացին՝ դիմում գրեք գնացե՞ք, թե՞ Դուք եք անձամբ այդ որոշումը կայացրել:
-Իմ որոշումն է եղել, եւ ես որոշել եմ դուրս գալ ծառայությունից:
-Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Դուք նեղացել եք ղեկավար կազմից, որ Ձեզ ասել են, թե պետչեն նշանակելու, այլ կարող են առաջարկել վերադառնալ նախկին ԴԱՀԿ պետի տեղակալի պաշտոնին, ինչըշուրջ 8 ամիս թափուր էր մնացել: Արդյոք ա՞յս պատճառով եք համակարգից ազատման դիմում գրել:
-Չգիտեմ՝ այդ ինֆորմացիան Ձեզ որտեղից, իմ ցանկությունն է եղել դադարեցնել ծառայությունս, այդքանով սահմանափակենք:
-Ձեզ ասել էին, որ հեղափոխություն անեք համակարգում.ի՞նչը խանգարեց անել:
-Ես պետական ծառայող եմ եղել եւ պետական ծառայողի հոգեբանությամբ մոտեցել եմ իմ աշխատանքին:Ինչ վերաբերում է նեղացվածությանը, ապա պետք է ասեմ, որ այս պահին մենքջերմ հարաբերությունների մեջ ենք նախարարի հետ: Ոչ միյան նեղացած չեմ իշխանություններից, այլ նաեւ շնորհակալ եմ այն բարձր վստահության համար, որ 8 ամիսը պաշտոնավարել եմ այդ ծառայությունում:
-Եթե ամեն ինչ այդքան լավ էր, ինչո՞ւ գնացիք համակարգից:
-Ես գտա, որ իմ հետագա պաշտոնավարումը նպատակահարմար չէ: Այսքա՛նը:
Քնար Մանուկյան