«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ հայրենի իշխանությունները նպատակ ունեին եկող շաբաթը եւս մարզերում սահմանադրական փոփոխությունների հանարաքվեի հետ կապված ակտիվ քարոզչություն իրականացնել, սակայն քանի որ կորոնավիրուսը տարածվեց ՀՀ-ում, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միառժամանակ դադարեցրեց քարոզ իրականացնել, իմքայլականները պետք է առաջիկայում պարզեն, թե որն է լինելու իրենց հետագա անելիքը:
Ըստ մեր տեղեկությունների՝ իշխանությունների պլան Ա-ով պետք է մարզերից ընտրված պատգամավորները մարզերում շարունակեին դռնեդուռ քարոզ անել, իսկ պլան Բ-ով էլ՝ եթե լինեն պատգամավորներ, որոնք պետք է անպայման մասնակցեն խորհրդարանում կայանալիք հանձնաժողովների նիստերին, պետք է վերադառնան Երեւան: Իմքայլականները «Ժողովուրդ» օրաթերթի հետ մասնավոր զրույցներում նշում էին, որիրենցմոտ եւս սպասողական վիճակ է, քանի որ, հնարավոր է, ՀՀ վարչապետը որոշում կայացնի ընդհանրապես դադարեցնել սահմանադրական փոփոխությունների հանարաքվեի քարոզարշավը՝ կապված Հայաստանում կորանավիրուսի տարածման օրեցօր ահագնացող վտանգի հետ, եւ հայրենի պատգամավորները մարզերից վերադառնան Երեւան:
Կարելի է ասել, որ ամեն ինչ կախված է այսօր կառավարությունում սպասվող քննարկումներից ու կայացրած որոշումներից, քանի որ ՀՀ վարչապետն արդեն հայտարարել է, որ իրենք կքննարկեն բոլոր հարցերը եւ որոշում կկայացնեն: Իսկ ինչ վերաբերում է հայրենի օրենսդիրների խորհրդարանական աշխատանքներին, ապա պատգամավորներին հորդորել են չմոռանալ նաեւ իրենց խորհրդարանական աշխատանքների մասին եւ եկող շաբաթ անպայման մասնակցել ԱԺ հանձնաժողովի աշխատանքներին, որպեսզի կարողանան ձեւավորել ԱԺ հերթական նստաշրջանի օրակարգը:
Մեր աղբյուրները փոխանցում են նաեւ, որ քարոզարշավ ընդհանրապես չիրականացնելը կարող է խուճապ առաջացնել ՀՀ-ում, քանի որ դա ցույց կտա, որ իսկապես ՀՀ-ում եւս կորոնավիրուսը մեծ տարածում է գտել, ինչի համար ներքին քննարկում է եղել առայժմ չգնալ այդ ճանապարհով:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ եկող շաբաթ խորհրդարանում սպասվում է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի, պաշտպանության եւ անվտանգության հարցերի, պետական-իրավական հարցերի, տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովների նիստերը:
Նյութը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ