Մարտի 19-ին ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի կունենա «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» նախագծի քննարկում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս նախագիծը օրենսդիրները մեկ անգամ եւս փորձել են ներառել ԱԺ հերթական նստաշրջան, սակայն այն մերժվել է, եւ փաթեթի քվեարկությունը հետաձգվել էերկամսյա ժամկետով:
Հունվարի 16-ի անհաջող փորձից հետո իմքայլական պատգամավորները այն կրկին ներառել են խորհրդարանի համապատասխան հանձնաժողովի օրակարգ: Նախագծի հեղինակներն ենԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը Մերի Գալստյանից հետաքրքրվեց, թե ինչն է պատճառը, որ երկու ամսով հետաձգվել էր նախագծի քննարկումը: Մեր հարցին ի պատասխան՝ Մերի Գալստյանն ասաց. «Այն օրակարգում է, պետք է քննարկվի եւ, այո, պետք է քննարկվի: Քվեարկությունը, չգիտեմ, այդ օրը կլինի, թե ոչ, բայց հանձնաժողովի նիստի օրակարգում քննարկվելու է: Քանի որ կառավարությունից խմբագրական եւ տեխնիկական բնույթի առաջարկություններ եւ փոփոխություններ էինք ստացել, ժամանակ էր պետք, որպեսզի դրանք քննարկվեին եւ ներառվեն»:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կսահմանվի վարչական պատասխանատվություն «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքով սահմանված պահանջների խախտման համար, իսկ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք պարունակող արգելված գործողությունների համար՝ քրեական պատասխանատվություն: Բացի այս, եթե նախագիծն ընդունվի, ապա տեղական ինքնակառավարման մարմինները կստանձնեն լիազորություններ՝ կենդանիների հաշվառման, վաճառքի, թույլտվությունների տրամադրման, ինչպես նաեւ համայնքի տարածքում թափառող կենդանիների խնդրի լուծման ուղղությամբ:
Պարզվում է, որ նախագծի հեղինակներն ուսումնասիրել են մի շարք երկրների փորձը ոլորտում, մասնավորապես՝ Ավստրիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի, Ռուսաստանի, Լատվիայի, Էոստոնիայի եւ մի շարք այլ երկրներում կենդանիների բարեկեցության հիմնական սկզբունքները, կենդանիների բնակակոն վարքի պահանջմունքները կարգավորող իրավական նորմերը, վերահսկողության եւ պատասխանատվության մեխանիզմները: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ նաեւ, որ կվերահսկվի տերերի կողմից տնային կենդանիներին, հատկապես՝ շներին լքելու դեպքերը, որը իր հերթին կնպաստի թափառող շների գլխաքանակի նվազեցմանը:
Սյունէ Համբարձումյան