ՖՈՏՈ․ ՎԻԴԵՈ․ Ի՞նչն է միավորել օսկարակիր պրոդյուսերին, Արման Նշանյանին և հայկական աստղաբույլին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2019թ.-ին Լոս Անջելեսում՝ Հոլիվուդի Գրաումանի չինական հայտնի թատրոնում, կայացել էր Արման Նշանյանի «Սողոմոնի երգերը» պրեմիերան: Իրական հիմքով ֆիլմի հայաստանյան պրեմիերան նախատեսվում է այս գարնանը:

«Նման ֆիլմ նկարահանելու միտքը ծագեց, երբ իսկապես արվեստասեր, երաժիշտ մի կին՝ Սիրվարդ Կավուկչյանը, ինձ ասաց, որ ունի հետաքրքիր պատմություն: Նա այդ շրջանում աշխատում էր վեպի վրա, որը դեռ չէր հրատարակվել: Վեպը հիմնված է իրական դեպքերի վրա. Սիրվարդ Կավուկչյանի տատիկի պատմությունն է: Պատմության հիմքում հայ եւ թուրք աղջիկների ընկերությունն է, որոնք նախքան Համիդյան ջարդերն ապրում էին կողք կողքի։ Մարդկանց միջեւ չկար անձնական թշնամանք, սակայն երբ սկսվեցին ջարդերը, չէին խնայում նաեւ այն թուրքերին, որոնք հայ ընկեր ունեին, նրանց էլ էին ջարդում։ Այնուամենայնիվ, ընկերները կարողանում են հաղթահարել ստեղծված դժոխքը։ Իրադարձությունները սկսվում են Կոմիտասի ծննդավայրում, ներկայացվում է նրա մանկությունը»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց «Սողոմոնի երգերը» ֆիլմի ռեժիսոր, դերասան Արման Նշանյանը:

Ֆիլմի հիմնական նկարահանումներն իրականացվել են հինականում Հայաստանում, Արցախում եւ Վրաստանում: Ըստ ռեժիսորի՝ թեպետ ֆիլմի հիմքում իրական եւ բարդ պատմություն է, սակայն նկարահանող թիմը նպատակ չի ունեցել արյան տեսարաններով ծանր ֆիլմ ներկայացնելու.

«Գերխնդիր չունեինք արյուն, սպանություն, մահ ցույց տալու կամ հակառակը: Մենք ֆիլմի համար այլ լուծում ենք ստացել: Ցանկություն ունենք, որ «Սողոմոնի երգերը» ֆիլմը ներկայացվի նաեւ դպրոցներում, ծնողները, մանկավարժները գիտակցեն, որ ֆիլմը կարող են դիտել նաեւ ոչ չափահաս հանդիսատեսի հետ: Ի դեպ, ֆիլմի սկզբնական դրվագներում հենց երեխաներ են խաղում` ներկայացնելով Կոմիտասի մանկությունը: Իմ համեստ կարծիքով՝ ոչ միայն ցանկալի է, որ երեխաները դիտեն այս ֆիլմը, այլեւ պարտադիր: Ի վերջո, երեխաները կծանոթանան Կոմիտասին, կիմանան, թե ինչ է արել նա մեր հայկական երաժշտության համար, կտեղեկանան, թե ինչ է կատարվել նախքան 1915 թվականը. խոսքը Համիդյան սարսափելի ջարդերի մասին է, որոնք տեղի են ունեցել 1894-1896 թթ.-ին՝ սուլթան Աբդուլ Համիդ II-ի իշխանության ժամանակաշրջանում: Շատ կարեւոր է իմանալը, որ նախքան 1915-ը, մենք այլ ցեղասպանություն էլ ենք ունեցել»:

Անդրադառնալով դերասանական կազմին՝ Արման Նշանյանը շեշտեց, որ այն բավականին երկար է ընտրվել, անցկացվել են քասթինգներ.
«Մենք չունենք մեկ գլխավոր դերակատար, բոլոր դերակատարներն էլ գլխավոր են: Երկար մտածում էի, թե ով պետք է մարմնավորեր Կոմիտասին, հասկացա, որ պետք է այդ գործը ստանձնի Սամվել Թադեւոսյանը: Ես եւ Սամվելը զրուցում էինք, հետո փորձեցինք հասկանալ՝ արդյոք մեր պատկերացումները համընկնում են, թե ոչ։ Ի վերջո, գնացինք համագործակցելու քայլին։ Կարծում եմ՝ երկուստեք ճիշտ որոշում ենք կայացրել։ Մյուս դժվարությունը կապված էր երեխաների հետ, բայց այդ հարցում կրկին բախտս բերել էր, քանի որ բոլոր երեխաներն իսկապես շատ տաղանդավոր էին»:

Ֆիլմում դերակատարում է ունեցել նաեւ ինքը՝ Արման Նշանյանը. «Շատ էի վախենում, որ պետք է ե՛ւ բեմադրեի, ե՛ւ խաղայի: Նախկինում ներկայացումների շրջանակում նման փորձ ունեցել եմ։ Ի վերջո, հասկացա, որ պետք է իմ կերպարին վերաբերվեմ, ինչպես վերաբերվում եմ մյուս կերպարներին»:

Նշենք, որ ֆիլմի համապրոդյուսերներից է Նիք Վալելոնգան, որը «Օսկար» մրցանակի արժանացած «Կանաչ գիրք» ֆիլմի պրոդյուսերներից է: Արման Նշանյանը, սակայն, դժվարանում է ասել՝ արդյոք «Սողոմոնի երգերը» հավակնում է դառնալ միջազգային ֆիլմ, թե ոչ:

«Ես չեմ փորձել նկարահանել հանճարեղ կամ միջազգային ֆիլմ. փորձել եմ ներկայացնել մի պատմություն, որը շատ կարեւոր է մեր ազգի համար, նկարահանել եմ ազգագրական ֆիլմ: Հուսով եմ, որ աշխարհն էլ կգնահատի այս պատմությունը։ Ուրախ եմ, որ մարդիկ միացել են այս ազգանվեր աշխատանքին՝ գիտակցելով, որ այն կոմերցիոն չէ, փոխարենը գեղավեստական եւ հոգեւոր արժեք է ներկայացնում»,- ամփոփեց Արման Նշանյանը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս