Հայտնի պրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանի քույրն ահազանգում է. ինչ է պատմում նա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս մամուլում հրապարակվեց լուր, ըստ որի՝ հոլիվուդյան պրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանի վերաբերյալ քրեական գործով տուժող Վիտալի Գրիգորյանցի փաստաբան Վարդգես Գևորգյանը  ներկայացրել է սենսացիոն տեղեկություն այն մասին, որ կալանավոր Ստեփան Մարտիրոսյանը փնտրում է վարձու մարդասպան՝ Վիտալի Գրիգորյանցին և Արսեն Միքայելյանին սպանելու համար։

ArmLur.am-ը թեմայի  շուրջ զրուցել է Ստեփան Մարտիրոսյանի քույր Բեսսի Մարտիրոսյանի և Ստեփան Մարտիրոսյանի փաստաբան Կարեն Բատիկյանի հետ։

Մարտիրոսյանի քույրը՝ Բեսսի Մարտիրոսյանը , հայտնեց, որ Վիտալի Գրիգորյանցը և նրա աջակիցները, արդեն մի քանի տարի է եղբոր մասին սուտ տեղեկություններ տարածելով, փորձում են վերջինիս պահել կալանքի տակ, որպեսզի հնարավորություն ստանան բանկից հանված միլիոնավոր դոլարների պակասորդը բարդել եղբոր վրա։ Նրանք կեղծել են Ստեփան Մարտիրոսյանի ռուս փաստաբանների, նոտարների, պատգամավորի ստորագրությունները, նրանց անունից բազմաթիվ կեղծ դիմումներ և գրություններ են գրել, որ Ստեփանը ահաբեկիչ է, սպանություն է պատվիրում, ուզում է փախուստի դիմել բանտից։ Ի վերջո նրանց կեղծիքները 2019թ․ ապրիլին բացահայտվեցին ու հարուցվեց քրեական գործ։

«Այժմ, երբ վերաքննիչ դատարանում բացահայտվելու է այդ ամենը, ինչպես նաև առաջին ատյանի դատարանի ապօրինությունները, նրանց փաստաբան Վարդգես Գևորգյանը նորից հիշել է, որ Ստեփանը դատվել է ու դարձյալ կեղծ տեղեկություն է տարածում, որ եղբայրս մարդասպան է։ Ես ուզում եմ Ձեզ հայտնել, որ եղբորս դատվածությունը եղել է 45 տարի առաջ, երբ նա 17 տարեկան է եղել, նա հանցանք չի գործել, որի համար Գերագույն սովետի նախագահությունը նրան արդարացրել է 1978թ․ նոյեմբերի 22-ին։ Դրա վերաբերյալ կա փաստաթուղթ, որը ես ներկայացնում եմ։

Փաստաբան Գևորգյանը հավանաբար տեղյակ չէ, որ իր կլիենտը ոչ միայն դատվել է, այլ ժամանակին եղել է շատ լուրջ քրեական դեմք։ Վիտալի Գրիգորյանցը եղել է Մոսկվայում գործող Լազանսկի հանցավոր խմբավորման անդամ, այդ խմբավորումը զբաղվել է օտարազգի ուսանողների նկատմամբ զինված կողոպուտներ իրականացնելով։ Հենց զինված կողոպուտի համար Վիտալի Գրիգորյանցը դատվել է 1981թ․ և բանտում նստել է մինչև 1984թ․ ներառյալ։

Այդ խմբավորման անդամներ են եղել նաև հայտնի քրեական դեմքեր Խոդջահմեդ Նուխաևը, Ռուսլան Ատլանգիրևը։ Դե հիմա թող փաստաբան Գևորգյանը համեմատի, թե ով է լուրջ հանցագործ՝ իմ 17 տարեկան եղբայրը, որից մի այլասերված փորձել է խլել ֆոտոապարատը և եղբայրս այն չտալու համար ստիպված լուսանկարել է նրան, թե՞ զենքով մարդու վրա հարձակվող և ունեցվածքը խլող Վիտալի Գրիգորյանցը։ Շատերը գիտեն, թե ինչու է Ռոբերտ Քոչարյանի որդու կնքահայր Վիտալի Գրիգորյանցի ընտրությունը կանգ առել Քոչարյանի դատավարության մասնակից Վարդգես Գևորգյանի վրա, նա ավելի լավ է մտածի այդ մասին, զբաղվի իր մասնագիտական գործով, ոչ թե հարգելի մարդկանց վարկաբեկելով»,-ասաց նա։

Եվ, ահա,  Մարտիրոսյանի փաստաբան Կարեն Բատիկյանը ArmLur.am-ի հետ զրույցում, հայտնեց, որ իրավական առումով Ստեփան Մարտիրոսյանի կողմից սպանություն պատվիրելու հանգամանքը չի կարող իրական լինել։

Նա նշեց, որ իրոք, նախաքննության փուլում ոստիկանությունը 2018թ․ սեպտեմբերի 25-ին նման տեղեկություն է ներկայացրել քննչական մարմնին։ Դրանից հետո անցել է ավելի քան մեկուկես տարի, սակայն Ստեփան Մարտիրոսյանը այդ մասով քրեական հետապնդման չի ենթարկվել։ Դա անհավանական է, երբ իրավապահ համակարգը սպանություն նախապատրաստելու վերաբերյալ տեղեկություն է ստանում ու մինչ օրս նույնիսկ քրեական գործ չի հարուցվել։ Եթե դա եղել է օպերատիվ տեղեկություն, ապա, հավանաբար, ստուգվել և չի հաստատվել, ու այդ պայմաններում դրա մասին լրատվամիջոցով հայտնելն անհասկանալի է։

Բանն այն է, որ օպերատիվ գործը ևս սահմանված ժամկետ ունի, այն անսպառ չէ, ՀՀ ոստիկանապետի մի հրամանի համաձայն՝ օպերատիվ գործը ենթակա է կարճման, եթե տեղեկությունն ակնհայտ անհիմն է։

«Կարծում եմ, որ սպանություն պատվիրելու հանգամանքը հորինվել է, որպեսզի նախկինում կալանքի ժամկետի երկարացման արհեստական հիմք ստեղծվի, իսկ այժմ դարձյալ շրջանառվում է, քանի որ շուտով մեկնարկելու է Ստեփան Մարտիրոսյանի գործով վերաքննիչ բողոքի քննարկումը և տուժող կողմը փորձում է այդ եղանակով «կերտել»հանցագործի կերպար։

Ինչ վերաբերում է Ստեփան Մարտիրոսյանի մեղքը հիմնավորող անհերքելի ապացույցներ լինելու տուժող կողմի պնդումներին, ապա հետաքրքրվողներին հրավիրում եմ դատարան՝ ունկնդրելու այդ ապացույցները և պատկերացում կազմելու առաջին ատյանի դատարանի իրականացրած արդարադատության մասին»,-եզփափակեց նա։

Լիդա Եղիազարյան




Լրահոս