Անգլիական «Լիվերպուլը» եւ այս պահին դադարեցված մյուս առաջնությունները կմնան առանց չեմպիոնների, եթե այնուամենայնիվ դրանք չեղարկվեն: Այս մասին հայտնել է ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը.
«Ես լսել եմ այնպիսի կեղծ լուրեր, որ ՈՒԵՖԱ-ն խորհուրդ է տվել առաջնությունների ղեկավարներին այս պահին ավարտել լիգաներն ու չեմպիոն հռչակել ներկայիս առաջատարներին: Ես կարող եմ ասել, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Մեր նպատակն է առաջնությունները հասցնել ավարտին եւ մենք ոչ մի ասոցիացիայի եւ լիգայի նման բան չենք առաջարկել»:
Այսպիսով, «Լիվերպուլը», որը Անգլիայի Պրեմիեր լիգայի ավարտից 9 տուր առաջ երկրորդ տեղում գտնվող «Մանչեստեր Սիթիից» առաջ է 25 միավորով, կարող է զրկվել վերջին 30 տարվա մեջ իր առաջին չեմպիոնությունից:
Հիշեցնենք, որ երեկ`մարտի 17-ին ՈւԵՖԱ-ի ղեկավարների եւ կառույցի անդամ 55 ասոցիացիաների նախագահների առցանց կոնֆերանսի ընթացքում որոշում կայացվեց հետաձգել Եվրոպայի 2020 թվականի առաջնությունը` դադարացեված լիգաները ավարտին հասցնելու նպատակով:
Հիշեցնենք նաեւ,որ նմանատիպ հայտարարությամբ էր հանդես եկել նաեւ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիալեսը եւ նշել, որ առաջնության չեղարկման պարագայում «Բարսելոնան», ով Լա Լիգայի ներկայիս առաջատարն է չի հռչակվի չեմպիոն, քանի որ դա արդար չի լինի:
Էդմոն Մարտիրոսյան