ՌՈ ՊԵՏԻ ՀԱՎԱՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, բանակում որոշ ժամանակ արձանագրված անկառավարելի իրավիճակի մասով Պաշտպանության նախարարության համապատասխան վարչությունների պաշտոնատար անձինք ազատվեցին պաշտոնից: Մասնավորապես, պաշտոնից ազատվեց ռազմական ոստիկանապետ Արթուր Բաղդասարյանը, եւ նրա փոխարեն ՌՈ պետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց ՌՈ օպերատիվ գծով պետի տեղակալ Ալեքսանդր Աղաջանյանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Պաշտպանության նախարարությունում ՌՈ պետի նշանակման հարցում քննարկվում է եւս մեկ թեկնածուի անուն:

Նախ այն մասին, թե ինչպես Ալեքսանդր Աղաջանյանը հայտնվեց Ռազմական ոստիկանությունում: Ըստ մամուլի հրապարակումների՝ նա ՌՈ-ում հայտնվել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի շնորհիվ, ինչը Արթուր Բաղդասարյանի սրտով չի եղել, բայց նշանակումը եղավ: Եվ, ահա, փետրվարի 29-ից Ռազմական ոստիկանության աշխատակիցներն անակնկալ ստուգումներ էին իրականացրել զորամասերում՝ օպերացիոն համակարգերով բջջային հեռախոսների (սմարթֆոնների) հայտնաբերման ուղղությամբ: Մինչ այս պահը հայտնաբերվել եւ արձանագրվել է հազարից ավելի հեռախոս: Ստուգայցերին զուգահեռ՝ զինվորական իրավապահ մարմիների ներկայացուցիչները մի շարք զորամասերում բացատրական աշխատանքներ են իրականացրել Զինված ուժերում քրեական ենթամշակույթի դեմ պայքարի, միջանձնային հարաբերություններում զինծառայողների իրավագիտակցության բարձրացման ուղղությամբ: Ու մինչ Ալեքսանդր Աղաջանյանը աշխատանքներ է իրականացնում ու փորձում ամեն ինչ անել ՌՈ պետի պաշտոնին մնալու համար, ՊՆ-ում ՌՈ պետի նշանակման հարցում քննարկվում է եւս մեկ թեկնածուի անուն: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ՊՆ-ում ՌՈ պետի պաշտոնում քննարկվում է նաեւ Փրկարար ծառայության նախկին տնօրեն Արտակ Նահապետյանի անունը: Իսկ ո՞վ է Արտակ Նահապետյանը: 2019 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արտակ Նահապետյանին ազատել էր Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից։ Ըստ մամուլի՝ Նահապետյանի ազատման պատճառը աշխատակիցների բունտն էր։ Բանն այն է, որ 2019 թվականին ԱԻՆ-ում իսկական արտակարգ իրավիճակ էր, բազմաթիվ աշխատակիցներ բողոքում էին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանից՝ համարելով նրան թույլ ղեկավար։ Բողոքողների մեջ Նահապետյանի բազմաթիվ աշխատակիցներ կային։ Ասում էին՝ հենց դրանով է պայմանավորված վերջինիս պաշտոնանկությունը, քանի որ նախարարը համարել էր, որ Արտակ Նահապետյանը չի կարողացել զսպել իր աշխատակիցներին, սաբոտաժ էր անում։ Նկատենք, որ Արտակ Նահապետյանը Փրկարար ծառայության պետ էր նշանակվել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ ԱԻՆ նախարար նշանակվելուց հետո։ Տոնոյանը Նահապետյանին ԱԻՆ էր տարել ՊՆ-ից, որտեղ Տոնոյանը երկար տարիներ փոխնախարար էր: Նահապետյանի կենսագրությունում կարդում ենք՝ 1994թ. ծառայել է Զինված ուժերում, աշխատանքային գործունեությունը սկսել է որպես դասակի հրամանատար, հասել գնդապետի։ Եվ, ահա, չի բացառվում, որ ՌՈ պետ նշանակվի հենց Արտակ Նահապետյանը, քանի որ պաշտպանության նախարարի մտերիմն է:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Փրկարար ծառայության նախկին տնօրեն Արտակ Նահապետյանի հետ՝ հասկանալու համար, թե նրան առաջարկ եղել է ՌՈ պետի պաշտոնում նշանակվելու հարցում. «Ես բացարձակ նման խոսակցություններ չեմ ունեցել, ես ազատվել եմ Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից, հիմա հանգստանում եմ, ոչ մի բանով չեմ զբաղվում, նման խոսակցությունների չեմ մասնակցում: Դավիթ Տոնոյանի մտերիմը չեմ, մենք ծառայել ենք, ինքը եղել է իմ վերադասը, ես՝ իր ենթական: Այսքա՛նը»: Մեր այն հարցին՝ եթե առաջարկ լինի ՌՈ պետի պաշտոնում նշանակվելու, կհամաձայնի, թե ոչ, Արտակ Նահապետյանն ասաց. «Ես ծառայությունից ազատվելուց գրել եմ՝ եթե գերագույն հրամանատարը ազատել է ինձ պաշտոնից, եթե հարկ կհամարի ցանկացած պաշտոնի, եթե հրաման կտան, ապա ես ծառայել եմ 25 տարի, նորից կշարունակեմ ծառայել»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՈՐՊԵՍ ՄԵՂԱԴՐՅԱԼ
ՀՀ ԱԱԾ-ն, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում ձեռք բերված ապացույցների համակցությամբ, որոշում է կայացրել՝ հերթական պաշտոնյային որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ 2014-2015թթ. ընկած ժամանակահատվածում ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների նկատմամբ մաքսային հսկողություն իրականացնող ՀՀ ֆինանսների նախարարության վարչություններից մեկի պետը, վերադասի հետ համատեղ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, մաքսային տեսուչին ցուցում է տվել անտեսել «կարմիր ուղի» ընթացակարգով ՀՀ ներկրված հովանավորվող ընկերության բեռները զննելու պարտադիր պայմանը։ Տնտեսվարող ընկերության ներկայացուցիչները Իսպանիայից եւ Իտալիայից պարբերաբար Հայաստան տեղափոխված նշված երկրների արտադրության կերամիկական երեսպատման սալիկները հայտարարագրել են որպես շինարարական գիպս՝ նվազեցնելով մաքսային արժեքը։ Որոշում է կայացվել՝ ՀՀ ֆինանսների նախարարի հիշյալ պաշտոնյային ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով որպես մեղադրյալ ներգրավելու մասին։

 

 

 

2 ՄԼՆ ԴՐԱՄ
2020թ. մարտի 14-ին ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքում գտնվող բնակարաններից մեկի վրա հարձակում է տեղի ունեցել, ծեծել են տանտիրուհուն եւ ձեռքից գումար հափշտակել: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (Ավազակություն) 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերի հատկանիշներով: 2020թ. մարտի 14-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը ապօրինի մուտք է գործել Ստեփանավան քաղաքի եկեղեցու փողոցում գտնվող նշված բնակարան, որտեղ հարձակվել է տանը միայնակ գտնվող կնոջ վրա, ձեռքերով հարվածել նրա դեմքին եւ մարմնական վնասվածքներ պատճառելով՝ նրա ձեռքից հափշտակել է պայուսակը, որի մեջ եղել է խոշոր չափերով՝ շուրջ 2.000.000 դրամ կանխիկ գումար, եւ դիմել փախուստի:

 

 

 

22 ՏՈՒԺԱԾ
Երեկ Լոռու մարզում ավտոբուս է վթարի ենթարկվել։ Նոր Խաչակապ գյուղի «Գլորիա» կարի ֆաբրիկայի 22 տուժած աշխատակիցներին Սպիտակից տեղափոխող «ՊԱԶ» ավտոբուսը բախվել է «OPEL» մակնիշի ավտոմեքենային, ապա շրջվել։ Վթարի հետեւանքով Սպիտակի եւ Վանաձորի բժշկական կենտրոններ են տեղափոխվել ընդհանուր առմամբ 22 տուժած: Սպիտակի բժշկական կենտրոնից հայտնել են, որ իրենց մոտ են տեղափոխվել գրեթե բոլոր վիրավորները՝ ընդհանուր 21 տուժած՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, հիմնականում՝ կոտրվածքներով: Նրանք բոլորն անցել են բուժզննում, մի մասին՝ նախնական տվյալներով՝ 12 հոգու, հոսպիտալացնելու որոշում է կայացվել: Ծանր վիճակում գտնվող տուժածներ չեն եղել։ 1 հոգի էլ տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն։

 

 

ԴԱՏԱՎՈՐԸ ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ Է
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախաքննական մարմինը հարցաքննության է հրավիրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթեւիկ Գրիգորյանին իր աշխատասենյակի կրակոցի մասով հարուցված քրեական գործով:
Ինչպես հայտնի է, 2020 թվականի հունվարի 21-ին՝ արձակուրդից վերադառնալուց հետո, դատավոր Գրիգորյանը հայտնաբերել էր, որ իր աշխատասենյակի պատուհանին կրակել են: Սա աննախադեպ բան էր, քանի որ երբեւէ որեւէ դատարանի վրա կրակոց չէր եղել մեր երկրում: Եւ այս փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ՝ ՀՀ քրեական օրնսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի հրազեն պահելու կամ կրելու համար), եւ գործը ուղարկվել էր ՀՀ քննչական կոմիտե:
ArmLur.am-ը դատավորից հետաքրքրվել էր` անձնական, թե մասնագիտական վրեժխնդրության հետեւանք կարող է լինել իր աշխատասենյակի ապակու ուղղությամբ արձակված կրակոցը, նա հայտնել էր, թե արձակուրդում է եղել, եւ չի կարծում, որ անձնավորված բան կարող է լինել:
Ինչեւէ, կատարվածից անցել է 1,5 ամիս, եւ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը դեռեւս չի բացահայտել, թե ով կամ ովքեր են միտումնավոր կամ պատահական կրակել դատավորի պատուհանին: Նախաքննական մարմինը միայն հարցաքննության է հրավիրել տարբեր անձանց, ինչպես նաեւ դատավոր Տաթեւիկ Գրիգորյանին:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը պարզել դատավոր Տաթեւիկ Գրիգորյանից, որը հայտնեց, որ նախաքննություն է ընթանում, եւ որեւէ բան հայտնել չի կարող` հորդորելով դիմել նախաքննական մարմին:
Ի դեպ, դատավորը նաեւ հավելեց, որ շարունակում է իր բնականոն աշխատանքը, եւ կատարվածից հետո որեւէ անվտանգության միջոցառումներ չեն իրականացվել, քանի որ դրա անհրաժեշտությունը չի տեսնում: Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց նաեւ ՀՀ քննչական կոմիտեի լրատվական բաժին, որտեղից ի պատասխան՝ հայտնեցին, որ գործով նախաքննությունը շարունակվում է, եւ քրեական գործով մեղադրյալ չկա: Ասել է թե՝ անցել է 1,5 ամիս, եւ իրավապահները չեն կարողանում բացահայտել, թե ով կամ ովքեր են կրակել դատավորի աշխատասենյակի ուղղությամբ` կոտրելով ապակին:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս