Հռչակագրի թեման առկախված է, ընդդիմությունը սպասում է մինչև հարցը «կհասնի» ԱԺ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս մարտի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անգամ իր թիմակիցների համար անակնկալ հայտարարությամբ հանդես եկավ:

Գորիսում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի ժամանակ Փաշինյանը ասաց, որ հանրաքվեի հռչակագրի նախագիծն են պատրաստել․ «Կտրվի նախնական, ընդհանուր գծերով քաղաքական գնահատական մեր վերջին 30 տարվա ընթացքում տեղի ունեցած պրոցեսներին ընդհանրական, փորձ կարվի ախտորոշել՝ ամենաբարդ եւ մեծ խնդիրը որն է եղել, որը նաեւ հիմք կդառնա մեր համազգային պայմանավորվածության, որ դա այլեւս երբեք չի կրկնվի։ Եվ ուրեմն, հիմա ես հրապարակում եմ 2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեի հռչակագրի նախագիծը եւ ասում եմ նաեւ, որ առաջարկներ՝ սրա հետ կապված, մինչեւ մարտի 31-ը կարող են ուղարկվել «Այո» շտաբ»:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ այս հռչակագրի վերաբերյալ շատ քիչ թվով ՔՊ-ականներ են տեղյակ եղել, ու հիմա բոլորի համար անհասկանալի է մնացել, թե ինչ ճակատագիր է սպասվում այդ հռչակագրին: Մեր աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ-ում արտակարգ դրության հայտարարությունից հետո ավելի է խորացել այն անորոշությունը, որն առկա էր այս նախագծի հետ կապված:

Ըստ մեր տեղեկությունների՝ ՀՀ վարչապետի հայտարարած հռչակագիրը, որը վերաբերելու է նաեւ դատական համակարգին, այդքան էլ չի անհանգստացրել դատավորներին: Մեր աղբյուրները փոխանցում են, որ այդ համակարգում ո՛չ ընթերցել են, ո՛չ էլ հետաքրքրվել են դրա ճակատագրով:

Հավելենք, որ, վարչապետի ներկայացրած հռչակագրի նախագծով, պետք է արձանագրել, որ 1995 թվականից մինչեւ 2018 թվականի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը տեղի ունեցած որեւէ համապետական ընտրությունների պաշտոնական արդյունքներ չի ճանաչվում որպես ժողովրդի ազատ կամարտահայտման դրսեւորում։ 1999 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնք զրոյացել են 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությամբ, արտահայտել են ժողովրդի ցանկությունը։

Ըստ նախագծի՝ պետական բարձրաստիճան պաշտոնյաների ապօրինի կուտակած հարստության վերադարձը պետական գանձարան ՀՀ եւ նրա ժողովրդի անքակտելի իրավունքն է: Այդ գործընթացը պետք է տեղի ունենա բացառապես իրավական ճանապարհով՝ ՀՀ-ում արդյունավետ իրավապահ համակարգի, անկախ դատական համակարգի՝ ներառյալ անկախ եւ լեգիտիմ Սահմանադրական դատարանի ձեւավորմամբ:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցերի շուրջ զրուցել է Աժ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի հետ՝ պարզելու համար, թե իրենք արդյոք պատրաստվում են առաջարկություններ ներկայացնել՝ հռչակագրի նախագծի հետ կապված:

-Պարո՛ն Սիմոնյան, իշխանությունները հայտարարել են, որ հանրաքվեի հռչակագրի նախագիծ են պատրաստել ու սպասում են, որպեսզի քաղաքական ուժերը իրենց առաջարկները ներկայացնեն նախագծի հետ կապված:Արդյոք Ձեր խմբակցությունը պատրաստվո՞ւմ է նման առաջարկություններ ներկայացնել:

-Անկեղծ ասած, մենք խմբակցությունում թեթեւ քննարկում ունեցել ենք, բայց այդ փաստաթուղթը իրավական կարգավիճակ չունեցող փաստաթուղթ է, որովհետեւ հռչակագիրը ընդունվում է բացառապես Ազգային Ժողովի կողմից: Հիմա եթե ԱԺ-ում կա նման փաստաթուղթ, ապա մենք այդ ժամանակ կմատծենք դրա փոփոխությունների վրա աշխատելու վերաբերյալ, առաջարկություններ ներկայացնելու մասին: Բայց այս պահին դա ընդամենը հանրահավաքի ժամանակ կարդացված փաստաթուղթ է, որը որեւէ իրավական կարգավիճակ չունի:

-Բայց Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կարող են առաջարկություններն ուղարկել իրենց շտաբ,իրենք այնտեղ կքննարկեն ու կլրացնեն հռչակագրի կետերը:

-Այս պահին իրավաբանական որեւէ գործընթաց չկա, պետք է այդ նախագիծն ուղարկվի խորհրդարան:Եթե կա ինչ-որ մի նախագիծ, ապա այն գալիս է ԱԺ, մենք նախագիծը քննարկում ենք, տալիս ենք կարծիք կամ առաջարկություն ենք ներկայացնում, դեռեւս նման որեւէ գործընթաց չկա: Մենք վաղուց ենք ասել, որ պետք է ապօրինի կուտակած գույքը, որոնք կուտակել են պաշտոնատար անձինք, ապա դա պետք է վերադարձնեն ժողովրդին. մենք դա առաջին օրվանից ասում ենք: Այստեղ մի խնդիր կա. մենք չենք կարող հեղափոխությունից հետո՝ ամեն տարի նման հռչակագիր ընդունենք ու անընդհատ բորբոքենք ժողովրդի կրքերը՝ անցյալին նայելու: Այսինքն՝ մեկ անգամ անենք ու վերջ: Կգա նախագիծը, կքննարկենք, կհասկանանք:

Հ․Գ․Երեկ«Ժողովուրդ»օրաթերթը փորձեց իմքայլականներից պարզել՝ արդյոք այդպիսի նախագիծ կա ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում, թե ոչ: Պարզվեց՝ չկա, իսկ քանի որ ՀՀ-ում մինչեւ ապրիլի 14-ը հայտարարված է արտակարգ դրություն, իսկ «Այո»-ի շտաբը այժմ չի աշխատում, այդ նախագծի ճակատագիրը եւս մնացել է օդում կախված:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս