ԱՐՎԵՍՏԸ ՉԻ ԵՆԹԱՐԿՎՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերով եւ արտակարգ դրությամբ պայմանավորված՝ մշակութային մի շարք հաստատություններ անցել են առցանց գործունեության: Ընդ որում, որոշ մեթոդներ կիրառվում են առաջին անգամ: «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է մշակութային մի քանի օջախների՝ այս օրերի ծրագրերը:

Եվ այսպես, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը մարտի 17-ից ցուցադրում է խաղացանկային ներկայացումների եւ համերգների տեսաձայնագրություններ: Քանի որ հանրապետության բոլոր թատրոններն ու համերգասրահներն այս ընթացքում փակ են, քաղաքացիները հնարավորություն կունենան դիտելու օպերային, բալետային ներկայացումներ, համերգներ, ծանոթանալու հայտնի արտիստների կենսագրական նյութերին։ Թատրոնի ֆեյսբուքյան էջում արդեն իսկ ցուցադրվել է Կ. Խաչատրյանի «Չիպոլինո» բալետային ներկայացումը:
Երեւանի Պատանի հանդիսատեսի թատրոնն առաջարկում է ազատ ժամանակն անցկացնել ներկայացումներ դիտելով: #ՄնաՏանը նախաձեռնության շրջանակներում առաջին անգամ ՊՀԹ-ն հնարավորություն է ընձեռում հանդիսատեսին առցանց տարբերակով դիտել ներկայացումները։ Թատրոնի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերով արդեն հեռարձակվել է «Շունն ու կատուն» ներկայացումը։ Այսօր էլ նախատեսված է «Փայտե մարդը» ներկայացման ցուցադրությունը:
Հովհաննես Թումանյանի թանգարանն էլ առաջարկում է մնալ տանը եւ մասնակցել «Տուն, թեյ, գիրք» ֆոտոմրցույթին: Մասնակցության համար հարկավոր է մնալ տանը, զբաղվել ինքնակրթությամբ, կարդալ գրքեր, խմել համեղ եւ առողջարար թեյ, նկարել գիրքը գեղագիտական մոտեցմամբ եւ ուղարկել լուսանկարը թանգարանին՝ մրցույթին մասնակցելու համար:
Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանն առաջարկում է թանգարանի մշտական ցուցադրությանը հետեւել վիրտուալ շրջայցի միջոցով, ինչպես նաեւ առաջարկում են հայ անվանի արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ Խաչիկ Դաշտենցի 110-ամյա հոբելյանին նվիրված առցանց ցուցադրություն ֆեյսբուքյան հարթակում: Թանգարանը խոստանում է ամեն ֆեյսբուքյան էջում տեղադրել Դաշտենցի կյանքին եւ գործունեությանն առնչվող հետաքրքիր լուսանկարներ` ուղեկցող տեղեկություններով:
Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանն առաջիկա տասնօրյակի ընթացքում համացանցային հարթակներում կներկայանա մի շարք հետաքրքիր նախաձեռնություններով, կկազմակերպվեն վիկտորինաներ, կառաջարկվեն աբովյանական ստեղծագործությունների ընթերցումներ, կներկայացվեն տեսաֆիլմեր:
Սերգեյ Փարաջանովի թանգարանն առաջարկում է վիրտուալ շրջայց թանգարանում:
Ժողովրդական արվեստի կենտրոնը հատուկ հոլովակի միջոցով առաջարկում է «շրջել» Ժողովրդական արվեստի թանգարանում, մինչեւ կրկին կհյուրընկալեն մեզ արդեն իրականում։
Եղիշե Չարենցի տուն-թանգարանը հայտարարում է չելենջ՝ «Հայ գրողները եւ ես» խորագրով: Առաջարկում են տեսանկարահանել ասմունք կամ երգ՝ որեւէ հայ գրողի բանաստեղծության հիման վրա, եւ մարտահրավեր ուղարկել երկու ընկերների, ապա ուղարկել թանգարանին: Վերջինս կտեղադրի այն պաշտոնական էջում:
Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական վաստակավոր անսամբլը ֆեյսբուքյան պաշտոնական էջում պարբերաբար կներկայացնի տեսանյութեր, անսամբլի պատմությանը եւ արտիստների գործունեությանն առնչվող հրապարակումներ ու անսամբլի գործունեությանն առնչվող բացառիկ տեսագրություններ:
Մի շարք հրատարակչություններ առաջարկում են առցանց համակարգով գրքերը հասցնել ընթերցողներին. չէ՞ որ այս ժամանակահատվածը ամենաբարենպաստն է գիրք կարդալու համար, այնպես որ, քաղաքացիները գրքի պակաս եւս չեն ունենա:

ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ

 

 

 

 

3 ՀԱՅ ԱՍՏՂԵՐ, ՈՐՈՆՔ ԵԿԱՆ ԴՐՍԻՑ

«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է մեր շոու-բիզնեսի երեք երգչուհիների, որոնք Հայաստան եկան դրսից, եւ, հետաքրքիր զուգադիպությամբ, նրանցից երկուսը ներկայացրին Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում, իսկ մեկն էլ պատրաստվում է դա անել մայիսին: Կարելի է նկատել ընդհանուր հատկություններ, որոնք միավորում են երեքին էլ՝ համարձակություն եւ ավելորդ կապանքներից զուրկ լինելու միտում:

Եվա Ռիվաս
Եվան ծնվել է Դոնի Ռոստովում:Նա առավելհայտնի դարձավ, երբ Մոսկվայի «Տաշիր» հայկական երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ կատարեց Սայաթ-Նովայի «Թամամ աշխարհ» երգը: Դա հայկական երգի բոլորովին նոր, թարմ մատուցում էր: 2010-ին «Apricote Stone» երգով Եվան ներկայացրեց Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում եւ զբաղեցրել 7-րդ տեղը: Այս երգչուհին մշտապես աչքի է ընկել իր համարձակությամբ, անկաշկանդ կերպարով: Դրսում ապրած լինելու հանգամանքը նպաստել է, որպեսզի նա հանդես գա, օրինակ, կիսամերկ ֆոտոշարքերով, անձնականի մասին անկեղծ խոստովանություններով:

Իվետա Մուկուչյան
Բավական է մեկ անգամ տեսնել Իվետային բեմի վրա, եւ անմիջապես պարզ է դառնում, որ նա Հայաստանում չի մեծացել, հայկական մենթալիտետի կրողը չէ: Իվետան ծնվել է Երեւանում, սակայն 1992-ին տեղափոխվել է Գերմանիա: 2009թ.-ին երգչուհին վերադարձավ Երեւան, 2010թ.-ին մասնակցեց «Շանթ» հեռուստաընկերության «Հայ սուպերսթար» նախագծին եւ զբաղեցրել 5-րդ տեղը: Հենց այս նախագծից էլ սկսվեցին նրա հաջողությունները: 2016-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում «LoveWave» երգով Իվետան ներկայացրեց Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում, որտեղ զբաղեցրեց 7-րդ տեղը: Իվետան աչքի է ընկնում իր բեմական բաց հագուստներով: Նա չի կաշկանդվում բացել ոտքերը կամ կուրծքը: Այս երգչուհին հանգիստ խոսում է նաեւ անձնական կյանքի մասին:

Աթենա Մանուկյան
Աթենան ծնվել է Աթենքում: Եվ չնայած նա հարցազրույցների ժամանակ շեշտում է, որ վաղ տարիքից իր ընտանիքում խոսել են Հայաստանի, հայկական ավանդույթների մասին, նա, այնուամենայնիվ, այլ մենթալիտետի կրող է: Բեմի վրա երգչուհին ցույց է տալիս ներքին ազատություն, որը բնորոշ է, օրինակ, ամերիկյան կամ եվրոպական արտիստներին: Այս տարի Աթենան պատրաստվում է ներկայացնել Հայաստանը «Եվրատեսիլ»-ում:

Ա. ԱՆՏՈՆՅԱՆ

 

 

 

 

ՄՏԱԴԻՐ Է ՀԵՌԱՆԱԼ
Կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին մտադիր է օգտվել իր պայմանագրում առկա այն կետից, որ կարող է յուրաքանչյուր տարվա հունիսին լքել «Բարսելոնան» եւ առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում հեռանալ «կապտանռնագույն» ճամբարից։ Ըստ համաշխարհային մամուլում պտտվող լուերի՝ արգենտինացին երջանիկ չէ Կատալոնիայի մայրաքաղաքում եւ, մեղմ ասած, լավ հարաբերություններ մեջ չի գտնվում «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտումեուի հետ։ El Confidencial-ը տեղեկացնում է, որ «Ոսկե գնդակի» վեցակի դափնեկիրը կմնա հարազատ թիմում միայն այն դեպքում, եթե ակումբ վերադառնա ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը։ Վերջինս «Բարսելոնայի» կազմում է հանդես եկել 2013-ից 2017 թվականներին։

 

 

 

ԿԱՐՈՂ Է ՀԵՌԱՆԱԼ
Իսպանական «Ռեալի» ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլը արդեն այս ամռանը կարող է հեռանալ մադիդյան թիմից։ Իսպանական Marca-ն տեղեկացնում է, որ «Արքայական ակումբի» ղեկավարությունը պատրաստ է անգամ անվճար բաժանվել ուելսցուց՝ հաշվի առնելով վերջինիս պահանջած բարձր աշխատավարձը։ Մադրիդի «Ռեալի» եւ Գարեթ Բեյլի պայմանագիրը ավարտվում է 2022 թվականի ամռանը։ Հարձակվողի տարեկան աշխատավարձը Իսպանիայի մայրաքաղաքում կազմում է 17 մլն եվրո։ Բեյլը այս մրցաշրջանում Լա լիգայի շրջանակներում մասնակցել է 14 խաղի՝ դառնալով 2 գոլի ու նույնքան գոլային փոխանցման հեղինակ։

 

 

 

ԿԱ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ
Անգլիական The Sun-ը տեղեկացնում է, որ ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգան ներկայացնող ակումբների ղեկավարները նոր ծրագիր են մշակում ընթացիկ մրցաշրջանը ավարտին հասցնելու համար։ Ըստ աղբյուրի՝ անգլիական ակումբները համաձայն կլինեն խաղալ փակ դռների հետեւում (դատարկ մարզադաշտերում) միայն այն պայմանով, եթե բոլոր՝ 92 հանդիպումները հեռարձակվեն հեռուստատեսությամբ։ Նշվում է նաեւ, որ հանդիպումները կարող են անցկացվել չեզոք վայրերում։ The Sun-ը տեղեկացնում է, որ նման որոշում կայացնելու դեպքում, ամենայն հավանականությամբ, հանդիպումներ կանցկացվեն Միդլենդում։
Հիշեցենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգան դադարեցված է՝ երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար։ Հիշեցնենք նաեւ, որ երեկ՝ մարտի 17-ին, տեղի ունեցավ ՈՒԵՖԱ-ի եւ կառույցի անդամ 55 ասոցիացիաների նախագահների առցանց կոնֆերանսը, որտեղ որոշում կայացվեց հետաձգել Եվրոպայի 2020 թվականի առաջնությունը՝ հանուն նրա, որ ավարտին հասցվեն ներքին առաջնությունները։

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս