Կովերի գլխաքանակը պակասել է, խոզերինն ու ոչխարներինը՝ ավելացել․ տվյալներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնապես Հայաստանում անասնագլխաքանակը ավելացել է, սակայն կովերի գլխաքանակը մեկ տարվա ընթացքում 2274-ով պակասել է:

Այս տարվա հունվարի 1-ի դրությամբ գյուղատնտեսական կենդանիների ամենամյա համատարած հաշվառումն անցկացվել է հանրապետության բոլոր տնտեսություններում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից: Սակայն փետրվարին «Արմստատ»-ի (խոսքը՝ ՀՀ վիճակագրական կոմիտեի մասին է) կողմից հանրապետության բոլոր մարզերի 300 գյուղական բնակավայրերի 14 հազար 476 գյուղացիական տնտեսություններում անցկացվել են գյուղատնտեսական կենդանիների հաշվառման արդյունքների ստուգաճշտումներ: Ստուգաճշտմամբ ստացված տվյալներով՝ ճշգրտվել են համատարած հաշվառման արդյունքները. խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակն ավելացել է 1 տոկոսով, կովերինը` 0.9 տոկոսով, խոզերինը՝ 1.3 տոկոսով, ոչխարներինը եւ այծերինը` 4.4 տոկոսով, թռչուններինը՝ 1.8 տոկոսով:

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական վիճակագրությունից տեղեկացավ, որ այս տարվա հոնվարի 1-ի դրությամբ Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը կազմել է 579 հազար 256, իսկ 2019-ին՝ 571 հազար 861: Այսինքն՝ մեկ տարվա ընթացում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակն ավելացել է 7395-ով: Բայց նկատենք, որ, 2017 եւ 2018 թվականների համեմատ, գլխաքանակը բավականին նվազել է: Թե ինչպես է հաջողվել Վիճակագրական կոմիտեին 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ նման աճ արձանագրել, հայտնի չէ: Նկատենք, որոլորտի շատ մասնագետներ թերահավատ են Վիճակագրական կոմիտեի արձանագրած որոշ թվային տվյալների առումով: Նրանք կարծում են, որ դրանց մի մասը նկարած է: Հուսանք՝ անասնագլխաքանակի վերաբերյալ թվային տվյալը նկարած չէ:
Բայց արձանագրենք, որ 2017 թվականին խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը կազմել է 655 հազար 800, 2018-ին այն դարձել է 590 հազար 600: Այսինքն՝ միայն 2017 թվականի համեմատ՝ անասնագլխաքանակը պակասել է 76 հազար 544-ով:

Այժմ 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա անասնագլխաքանակի տվյալները բացենք: Այսպես, միայն կովերի գլխաքանակն է մեկ տարվա ընթացքում 2274-ով պակասել: Կովերի գլխաքանակը պակասել է Երեւանում, Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի մարզերում: Ի դեպ, տեղեկացնենք, որկովերի գլխաքանակը 2018 թվականին կազմել է 266 հազար 800, իսկ 2019-ին՝ 253 հազար 990: Փոխարենը12.8 տոկոսով կամ 25 հազար 375-ովաճել է խոզերի գլխաքանակը: Եթե 2018 թվականին խոզերի գլխաքանակը կազմել է 197 հազար 877, ապա այս տարվա հունվարի 1-ի դրությամբ այն 223 հազար 252 է: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ խոզերի գլխաքանակը 50.2 տոկոսով ավելացել է Երեւանում, սակայն 2.7 տոկոսով պակասել է Գեղարքունիքի մարզում, 3.3 տոկոս՝ Սյունիքի մարզում: Նշենք, որվերջին շրջանում խոզաբուծությամբ զբաղվող քաղաքացիների թիվն է ավելացել. հիմնականում Երեւանում, Արարատում, Արմավիրում շատ են այն քաղաքացիները, որոնք ֆերմա են հիմնել եւ խոզաբուծությամբ են զբաղվում: Հավանաբար սա է պատճառը, որ խոզերի քանակն ավելացել է: Մենք այս հարցում չենք սխալվում, քանի որ նրանց թիվը Շիրակի մարզում ավելացել է 2.2 անգամ, իսկ Երեւանում՝ 2 անգամ:

Պաշտոնապես Հայաստանում ոչխարի եւ այծի գլխաքանակը 3.8 տոկոսով կամ 24 հազար 275-ով ավելացել է: Այսինքն՝ այս տարվա հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում ոչխարի եւ այծի գլխաքանակը կազմել է 662 հազար 532, 2019-ին՝ 638 հազար 257, մինչդեռ 2017 թվականին այն կազմել է 727 հազար 100 գլուխ, իսկ 2018-ին` 660 հազար 100: Միայն 1991 թվականին Հայաստանում ոչխարի գլխաքանակը 1 մլն էր:

Ի դեպ, ոչխարի արտահանման հիմնական ուղղություններն են Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Քաթարը, ՔուվեյթիՊետությունը եւ Վրաստանը: Խնդիրն այն է, որ ոչխարների վերարտադրությունը երկար ժամանակ է պահանջում: Նշենք, որ տարիներ առաջ, երբ ոչխարի գլխաքանակը Հայաստանից զանգվածաբար արտահանվեց դեպի հարեւան Իրանի Իսլամական Հանրապետություն, հայկական շուկայում առաջացավ գառան մսի դեֆիցիտ եւ ահռելի գնաճ: Հայաստանում կտրուկ նվազեց ոչխարի գլխաքանակը, իսկ ոչխարաբուծությամբ զբաղվող եզդիներն այդ տարիներին մեծ վնասներ կրեցին: Ի դեպ, այս խնդիրը կարգավորելու նպատակով դեռ տարիներ առաջ արգելվեց Հայաստանից արտահանել էգ գառներ, որպեսզի ոչխարների վերարտադրողականությունը հնարավոր լինի պահել,բայց,ինչպեստեսնում ենք, խնդիրը չկարգավորվեց: Սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս խնդրի լուծման իր տարբերակն առաջարկեց՝ ընդգծելով, որ Հայաստանն ունի գառան եւ ոչխարի մսի արտահանման հսկայական պոտենցիալ: Եւ ՀՀ կառավարության անցած տարվա սեպտեմբերի 19-ի որոշմամբ հաստատվեց «ՀՀ-ում 2019-2023 թվականների ոչխարաբուծության եւ այծաբուծության զարգացման պետական աջակցության» ծրագիրը:

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական տվյալներից տեղեկացավ նաեւ, որ զգալի ավելացել է թռչունների, այս դեպքում՝ հավերի քանակը. 2019-ի հունվարի 1-ի դրությամբ դրանց քանակը կազմել է 4 մլն 568 հազար 83, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 4 մլն 152 հազար 52: Ի դեպ, ածան հավերի քանակը 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 868 հազար 672:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս