ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԸ 10 ՄԼՆ ԴՐԱՄԻՑ ԿԴԱՌՆԱ 50 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի կառավարությունը մտադիր է հարկային արտոնություն սահմանել կոնյակ ու կոնյակի սպիրտ արտադրող ընկերությունների գործունեության առաջին երկու տարիների համար, քանի որ խաղողի մթերումից մինչեւ կոնյակի առաջին արտադրության ստացումը տեւում է 2 տարի: Այսինքն՝ սահմանված տարեկան տուրքի գումարը 10 մլն դրամից կնվազեցվի. այն կսահմանվի 50 հազար դրամ։

Որոշման նախագիծը նախօրեին կառավարության նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այն քննարկվելուց հետո հանվել է օրակարգից, հետ է ուղարկվել նախարարություն՝ լրամշակումների։ Սակայն այս նախագծի շուրջ կառավարության անդամների կարծիքներն իրար հակասել են: Նրանց կարծիքներին ծանոթանալուց հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զայրացել է՝ նկատելով, որ նախագիծը մինչեւ կառավարություն բերելը բավարար քննարկված չի եղել, ապա հրահանգել է այն նախարարությունում  լրացուցիչ  քննարկել:

Իսկ մինչ այդ, տեղեկացնենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն են դիմել գինու արտադրությամբ զբաղվող մի շարք տնտեսավարողներ, որոնք ցանկանում են զբաղվել նաեւ կոնյակի սպիրտի արտադրությամբ, ինչպես նաեւ մեղրի հումքով ալկոհոլային խմիչքների արտադրության գործունեություն սկսել ցանկացող տնտեսավարողներ։ Բայց ՀՀ գործող օրենսդրությամբ՝ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրության եւ մինչեւ 100 հազար լիտր (100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով) արտադրանքի իրացման իրավունք ձեռք բերելու համար սահմանված տարեկան տուրքի դրույքաչափը կազմում է 10 մլն դրամ։ Պարզվում է՝ սահմանված տարեկան պետական տուրքի դրույքաչափը լուրջ խոչընդոտ է հանդիսանում այն տնտեսվարողների համար, որոնք ցանկանում են զբաղվել կոնյակի սպիրտի արտադրության գործունեությամբ, քանի որ կոնյակի սպիրտի արտադրության եւ հնացման ժամկետը պետք է կազմի առնվազն 3 տարի։

Մյուս կողմից՝ մեղրից թորված 40 տոկոս եւ ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրության իրավունք ձեռք բերելու համար սահմանված տարեկան տուրքի դրույքաչափը կազմում է 15 մլն դրամ, որը լուրջ խոչընդոտ է հանդիսանում տնտեսվարողների համար, որպեսզի նշված ապրանքների արտադրության գործունեություն սկսեն։

Այս պատճառով կառավարությունը մտադիր է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Գործունեության իրականացման ծանուցման մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում, ինչի արդյունքում «խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրություն առանց իրացման իրավունքի» գործունեության տեսակով իրավունքի ձեռքբերման համար կսահմանվի 50 հազար դրամ տարեկան պետական տուրք։ Ի դեպ, ըստ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի՝ եթե այդ ընթացքում տնտեսվարողը որոշի գոնե 1 շիշ կոնյակ վաճառել, ապա պետք է վճարի 10 մլն դրամ պետական տուրք: Բացի այս, մեղրից թորված 40 տոկոս եւ ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրության գործունեության իրականացման իրավունք ձեռք բերելու համար կսահամնվի 50, իսկ մեղրից ստացված այլ ալկոհոլային խմիչքների համար 25 հազար դրամ տարեկան պետական տուրք։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ակնկալում է, որ կավելանա կոնյակի սպիրտների արտադրությամբ զբաղվող տնտեսավարողների քանակը։ Բացի այդ, հնարավորություն կտրվի տնտեսավարողներին զբաղվելու մեղրի հումքով ալկոհոլային խմիչքների արտադրությամբ, կավելանան պետական բյուջեի մուտքերը, տնտեսվարողների եկամուտներն ու շրջանառու միջոցները, որոնք կուղղվեն արտադրության զարգացմանն ու ընդլայնմանը:

Ի դեպ, ՀՀ վարչապետը էկոնոմիկայի նախարարին հրահանգել է վերահսկել կոնյակի տեղական արտադրությունը, քանի որ տնտեսվարողներ են եղել, որոնք տարիներ շարունակ կոնյակի սպիրտ են ներկրել ու այն վաճառել տեղական արտադրանքի անվան տակ: Բայց, ըստ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի, ստեղծվել է արտադրողների ռեեստր, որտեղ արտացոլվելու է մթերված խաղողի ծավալը եւ համեմատվելու է ստացված արտադրանքի ծավալի հետ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

 

187-Ն ԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԾՐԱԳՐԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ

Փոքր եւ միջին «Խելացի» անասնաշենքերի  կառուցման կամ վերակառուցման եւ դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության ծրագրին շահառուների մասնակցության գործընթացը կպարզեցվի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ  ծրագրին մասնակցության նպատակով այս տարվա հունվարի 31-ի դրությամբ ներկայացվել է 207 դիմում, կնքվել է 27 պայմանագիր, իսկ 2 տնտեսվարողի տրամադրվել  է փոխհատուցում՝ 14.5 մլն դրամի չափով: Մեզ հայտնի դարձավ, որ կատարվել է տեղազննություն 207 տնտեսություններում, որոնցից միայն 187-ն են համապատասխանել ծրագրի չափանիշներին:

Նշենք, որ այս ծրագիրը մեկնարկել է 2019 թվականի ապրիլ ամսից:  Ծրագրի շրջանակներում առաջարկվում է անկապ բոքսային պահվածքով անասնաշենքերի կառուցման եւ դրանց տեխնոլոգիական ապահովման 2 տարբերակ՝ թեթեւ կոնստրուկցիայով եւ այլ տիպի անասնաշենքեր: Անասնաշենքերի կառուցման եւ վերակառուցման համար ծրագրով առաջարկվում է 3 մոդել:

1-ին մոդելը՝  130-280 քառակուսի մետր արտադրական տարածքով, նախատեսված է անկապ պահվածքով առնվազն 10-15 գլուխ կենդանու համար, կառուցման եւ տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են շուրջ 11 մլն դրամ: 2-րդ մոդելը՝ 281-450 քառակուսի մետր արտադրական տարածքով, նախատեսված է անկապ պահվածքով առնվազն 20-25 գլուխ կենդանու համար: Այս դեպքում ծախսերը գնահատվում են շուրջ 23 մլն դրամ։ Իսկ, ահա, 3-րդ մոդելը՝ 451 եւ ավելի քառակուսի մետր արտադրական տարածքով, նախատեսված է անկապ պահվածքով առնվազն 40-45 գլուխ կենդանու համար, ծախսերը գնահատվում են շուրջ 35 մլն դրամ։

Սակայն որոշ ֆերմերներ պատրաստ չեն այս ծրագրից օգտվել։ Նրանց խոսքով՝ այդ գործընթացը սկսելու համար նախ պետք է գումար ունենալ, որը ֆերմերը չունի, պետք է գնա բանկից վարկ վերցնի, որ հետո պետությունը սուբսիդավորի: Դա խնդիր է: Կամ էլ պետք է տունը գրավադրի, բայց այս դեպքում եւս խնդիր կա, քանի որ ֆերմերն ազատ միջոցներ չունի: Բանկերը միայն գրավի առկայության դեպքում են վարկ տրամադրում, իսկ ֆերմերը չունի գրավադրելու ենթակա գույք:

Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

ՊԵՏԻՆ ՉԵԶՈՔԱՑՆՈՒՄ ԵՆ

Ոստիկանության Իջեւանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ, Գանձաքար գյուղի 37-ամյա բնակիչ  Գերասիմ Մարդանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 1-ին մասով («Խոշտանգումը») մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. հոկտեմբերի 4-ին ոստիկանության Իջեւանի բաժնի շենքում խոշտանգել է Իջեւանի տարածաշրջանի Այգեհովիտ գյուղի բնակիչ Ժորա Սիմոնյանին: Գ. Մարդանյանի  նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում չապացուցվեց խոշտանգման համար Գ. Մարդանյանի մեղավորությունը: 2019թ. փետրվարի 6-ին Բերդ քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը վճռեց Գ. Մարդանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 1-ին մասով արդարացնել եւ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել, Գ. Մարդանյանի պաշտոնավարության ժամանակավոր դադարեցումը վերացնել: Դատախազ Վարդգես Սարգսյանը եւ Ժորա Սիմոնյանի ներկայացուցիչ, փաստաբան Արա Ղարագյոզյանն այդ դատավճի դեմ Վերաքննիչ բողոք են ներկայացրել: 2020թ. մարտի  19-ին  քրեական գործերով վերաքննիչ դատարանում, դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ,  կայացավ դատական հերթական նիստը, որի ընթացքում Գերասիմ Մարդանյանի պաշտպան, փաստաբան Ռոբերտ Ալիխանյանը շարունակեց իր պաշտպանական ընդարձակ ճառը։

Նա փաստերով ապացուցեց, որ Գերասիմ Մարդանյանին  առաջադրված խոշտանգման մեղադրանքը հիմնազուրկ է, բացակայում է ենթադրյալ հանցագործության կատարման շարժառիթը, տուժող Ժորա Սիմոնյանի եւ նրա հարազատների ցուցմունքներում բազմաթիվ էական հակասություններ կան։  Նախագահող դատավորը Գերասիմ Մարդանյանին, ով չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը,  հարցրեց, թե ինչով է պայմանավորված, որ Ժորա Սիմոնյանի ընտանիքը իրեն մեղադրում է  խոշտանգման մեջ։ Գ. Մարդանյանը պատասխանեց, որ  Սիմոնյանների ընտանիքը զբաղվում էր ապօրինի անտառհատումներով, ինքը մերժել է դեպքի օրը Սիմոնյաններին պատկանող  բեռնատարը ոստիկանության բաժնից բաց թողնելու նրանց խնդրանքը, խոչընդոտել է նրանց ապօրինի գործունեությանը, այդ պատճառով նրանք,  մեղադրանք առաջադրելով, փորձել են իրեն չեզոքացնել։ Դատախազ Վարդգես Սարգսյանը եւ փաստաբան Ռոբերտ Ալիխանյանը հանդես եկան հայտարարություններով։ Վերաքննիչ դատարանն այս գործով  որոշումը  կհրապարակի մարտի 25-ին՝ ժամը 11-ին։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 

 




Լրահոս