ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԸ ԿՀԵՂԱՓՈԽԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

COVID-19 կորոնավիրուսի տարածման հետեւանքով եվրոպական գրեթե բոլոր առաջնություններում դադար է։ Չկան ֆուտբոլային խոշոր հանդիպումներ, որոնք դեռ երկար ժամանակ կարող է չլինեն։ Հստակ չէ նույնիսկ այն՝ արդյոք կշարունակվեն դադարեցված առաջնությունները, թե ոչ։

Կորոնավիրուսային ճգնաժամը թակեց համաշխարհային ֆուտբոլի դուռը։  Կարծում ենք՝ կորոնավիրուսից հետո ֆուտբոլում  թեկուզ ժամանակավոր կվերանան միլիոններն ու աստղաբաշխական աշխատավարձերը։ Արդեն իսկ մի շարք ակումբներ հանդես են եկել հայտարարությամբ, որ այս շրջանում ֆուտբոլիստներին կա՛մ չեն տրամադրելու իրենց պայմանագրով սահմանված աշխատավարձերը, կա՛մ տրամադրելու են սահմանվածից շատ ավելի քիչ։ Համաշխարհային այս ճգնաժամը միանշանակ իր մեծ ազդեցությունը կթողնի նաեւ «միլիոնների խաղի»՝ ֆուտբոլի վրա։ Եկենք լինենք անկեղծ. այս խաղում ամեն ինչ  արդեն հատել է անկարելիի սահմանը։ Եթե մեկ ֆուտբոլային ակումբ ընդամենը 2 ֆուտբոլիստի համար վճարում է 400մլն եվրո, ապա  դա արդեն սահմանաչափի գերազանցում է։ Մեր օրերի ֆուտբոլում միջին կարգի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 50-ից 70մլն եվրո, որը նույնպես չի կարող տեղավորվել մարդկային տրամաբանության մեջ։ COVID-19 կորոնավիրուսը տարածվեց ողջ աշխարհով  եւ պատճառ դարձավ, որ հետաձգվեն  ֆուտբոլային գերխոշոր  առաջնություններն ու մրցաշարերը։ Բառիս բուն իմաստով ֆուտբոլային  գերատեսչություններն ու դրանց ղեկավարները այս առաջնությունների հետաձգման պատճառով միլիարդների տույժ են կրում։ Ֆուտբոլային ակումբները այս պարագայում երեւի թե կլինեն ամենատուժածները, որովեհտեւ նրանցից շատերը ուղղակիորեն չեն կարողանա համաձայնության գալ ֆուտբոլիստների հետ եւ ստիպված կլինեն վճարել պայմանագրով սահմանված նրանց  գումարները կամ խզել պայմանագիրը  ֆուտբոլիստի հետ, ինչն էլ, ամեն դեպքում, կարող է շատ ավելի վատ անդրադառնալ թիմի վրա։ Իտալական պարբերականները պնդում են, որ Ա սերիայի ակումբները, այնուամենայիվ, կգնան աշխատավարձերի կրճատման, որից ամենաշատը կտուժի Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն, ով Իտալիայի առաջնությունում ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է։ «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկրի տարեկան աշխատավարձը «Ծեր սինյորայի» կազմում 31 միլոն եվրո է։ Եթե թուրինյան թիմը գնա կրճատումների, ապա Ռոնալդուն կզրկվի իր աշխատավարձի ավելի քան 33%-ից։ Գերմանական «Բորուսիա Մյունխենգլադբախը» ու Բրեմենի «Վերդերը», ինչպես նաեւ ֆրանսիական «Լիոնը» արդեն գնացել են ֆուտբոլիստների աշխատավարձերի կրճատման։ Մամուլում տարածված  լուրերի համաձայն՝ այդպես կվարվեն դեռեւս շատ ակումբներ սնանկ չճանաչվելու համար, իսկ գրանդները կմնան կանգուն, սակայն տրանսֆերային շուկայում ակտիվ քաղաքականություն վարել չեն կարողանա։ Առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում սպասվում է երկու գերխոշոր գործարք՝ «Մանչեստեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի տեղափոխությունը «Ռեալ» եւ ՊՍԺ-ի աստղային հարձակվող Նեյմարի վերադարձը կատալոնական «Բարսելոնա»։ Եթե Պոգբայի տրանսֆերային արժեքը ինչ-որ առումներով կարելի է պատկերացնել, ապա Նեյմարինը՝ ոչ։ Եկեք չբացառենք,որ տնտեսական այս ճգնաժամը կարող է  Պոգբայի տրանսֆերային արժեքը նվազեցնել 100մլն եվրոյից, իսկ Նեյմարինը՝ 200մլն եվրոյից։ Կարելի ասել՝ ճգնաժամի պատճառով ֆուտբոլը ֆինանսապես «կմաքրվի», եւ շատ ակումբներ կրկին կդառնան հավասարազոր մրցակիցներ։ Ինչո՞ւ  ոչ, վերջապես Ֆրանսիայում կարող  է ավարտվել փարիզյան գերիշխանությունը, Իտալիայում՝ թուրինյանը, իսկ Իսպանիայում «Ռեալից» ու «Բարսելոնայից» զատ չեմպիոնության համար կպայքարեն նաեւ այլ ակումբներ։ Դե ինչ, մեր օրերի ժանտախտի վերանալուց հետո ինչպես աշխարհը, այնպես էլ ֆուտբոլը հարկավոր կլինի բաժանել երկու մասի՝ կորոնավիրուսից առաջ եւ հետո։

Փոփոխություններ, այսպես, թե այնպես, կլինեն. թեկուզ ժամանակավոր, բայց շատ ակումբներ կզտվեն, ֆուտբոլիստների համար կվճարվեն տրամաբանական գումարներ, եւ ֆուտբոլիստների աշխատավարձերը չեն գերազանցի ակումբի բյուջեն։

 ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

 

 

ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵԼ Է ՎԱՐԿԱՆԻՇԸ

Միջազգային հեղինակավոր Fitch վարկանիշային գործակալությունը (Fitch Ratings) վերահաստատել է «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկին նախորդ երկու տարիներին շնորհած «Երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի» B+ վարկանիշը` կայուն հեռանկարով (long-termIssuer Default Rating IDR): Fitch վարկանիշային գործակալության զեկույցում նշված է, որ բանկը նման գնահատականի է արժանացել՝ շնորհիվ ներքին ֆինանսական կենսունակության: Վերահաստատված վարկանիշը սահմանելիս Fitch-ը հաշվի է առել նաեւ բանկի բացարձակ առաջատար դիրքը Հայաստանի գյուղատնտեսության ֆինանսավորման ոլորտում: Fitch-ի կողմից հրապարակված հաշվետվությունում նաեւ ընգծվում է, որ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկը վերջին տարիներին բարելավել է ակտիվների որակը, որը մշտապես գտնվում է բանկի ուշադրության կենտրոնում: Բանկը վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից:

 

 

 

ԿԲ-Ն ԴԱԴԱՐԵՑՐԵՑ

Հայաստանի Հանրապետությունում առկա իրավիճակով պայմանավորված՝ սույն թվականի մարտի 23-ից ՀՀ կենտրոնական բանկը դադարեցնում է քաղաքացիներից եւ իրավաբանական անձանցից թղթային տարբերակով դիմումների եւ գրությունների ընդունումը։

Քաղաքացիները եւ իրավաբանական անձինք դիմումները եւ գրությունները կարող են ՀՀ կենտրոնական բանկ ներկայացնել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով կամ ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական էլեկտրոնային կայքի միջոցով: Կենտրոնական բանկի կողմից պատասխան գրությունները կուղարկվեն դիմումներում եւ գրություններում նշված էլեկտրոնային հասցեներին։ Իրավիճակի կարգավորման, փոփոխման դեպքում ՀՀ կենտրոնական բանկը հանդես կգա նոր հայտարարությամբ։

 

 

 




Լրահոս