ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ պաշտոնական լրահոսից

Երեկ ՀՀ կառավարության շենքում տեղի է ունեցել հրդեհ։ Այն բռնկվել է կառավարության 1-ին մասնաշենքի 4-րդ հարկի աշխատասենյակներից մեկում։ Ժամանել են Երեւանի փրկարարական վարչության փրկարարները։ Հրդեհը կարճ ժամանակում մարվել է։ Այրվել է գրասեղանը, պահարանը, համակարգիչը, տպիչ սարքը, հեռախոսը, շերտավոր վարագույրն ու մանրահատակը, ջերմահարվել է նաեւ պատուհանը. տուժածներ չկան։

 

 

 

ՎԹԱՐՆԵՐ

ՀԱՐՑ. Եթե պատահար է տեղի ունենում, ապա ո՞ր դեպքում կարող է տուժողը հատուցում ստանալ։ 

Անի Երանոսյան (30 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ տուժողի վնասները Բյուրոյի երաշխավորման ֆոնդի հաշվին հատուցվում են այն դեպքերում, երբ`

l վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիր կնքելու պարտականություն ունեցող անձն անհայտ է: Այս դեպքում Բյուրոն երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին հատուցում է միայն տուժած անձանց պատճառված անձնական վնասները,

l վնասը պատճառվել է այն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ, որի վերաբերյալ կնքված չէ ԱՊՊԱ պայմանագիր,

l վնասը պատճառվել է հափշտակված կամ առանց հափշտակության նպատակի ապօրինաբար տիրացած ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ,

l վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիր կնքած ապահովագրական ընկերությունը ճանաչվել է անվճարունակ (սնանկ)։

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տուժողն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործման հետեւանքով անձնական կամ գույքին պատճառված վնասներ կրած ցանկացած անձ է, որը, օրենքի համաձայն, ունի հատուցում ստանալու իրավունք։ Տուժող են համարվում նաեւ վերոնշյալ անձի մահվան դեպքում վնասների հատուցման իրավունք ունեցող անձինք։

 

 

 

ԿՐԹԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե ինչպես է իրականացվում ուսանողի` բուհից բուհ տեղափոխությունը:

Լարիսա Հունանյան (39 տարեկան, տնային տնտեսուհի)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ ուսանողի՝ բուհից բուհ տեղափոխությունը, որի ընթացքում կարող է անցում կատարվել նույն մասնագիտությամբ, մեկ մասնագիտությունից մյուսը կամ փոխվել ուսուցման ձեւը (առկա, հեռակա, հեռավար), իրականացվում է ընդունող բուհի ռեկտորին հասցեագրված ուսանողի անձնական դիմումի համաձայն, որին կցվում է նաեւ սովորած բուհի կողմից տրամադրված ակադեմիական տեղեկանքը: Տեղափոխվող ուսանողի հրամանագրումը կատարում է ընդունող բուհի ռեկտորը ուսանողի դիմումը, միջնակարգ կրթության ավարտական վկայականը եւ ակադեմիական տեղեկանքը ստանալուց հետո (մինչեւ այդ ստուգվում է ակադեմիական տեղեկանքի եւ ստուգման գրքույկի պատճենի համապատասխանությունը):

Ի դեպ, ուսանողի՝ բուհի ներսում տեղափոխությունը, որի ընթացքում կարող է անցում կատարվել մեկ մասնագիտությունից մյուսը կամ փոխվել ուսուցման ձեւը (առկա, հեռակա, հեռավար), իրականացվում է բուհի ռեկտորի հրամանով, ուսանողի անձնական դիմումի համաձայն:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ չի թույլատրվում բակալավրի կրթական ծրագրով առաջին եւ ավարտական կուրսերում ուսանողի տեղափոխությունը: Մագիստրոսի կրթական ծրագրով ուսումնառողների տեղափոխությունը թույլատրվում է առաջին կիսամյակի ավարտից հետո: Չի թույլատրվում նպատակային տեղերում ընդունված ուսանողների տեղափոխումն այլ բուհ կամ այլ մասնագիտությամբ ուսումնառության:

 

 




Լրահոս