COVID-19 կորոնավիրուսի տարածումը աշխարհին կանգնեցրեց տնտեսական լուրջ ճգնաժամի առջեւ. համաճարակի պատճառով հետաձգվեցին գրեթե բոլոր միջոցառումները, այդ թվում՝ սպորտային հզորագույն իրադարձությունները։ Համաճարակը շատ լուրջ հարված հասցրեց համաշխարհային սպորտին, եւ ամենավատն այն է, որ դեռեւս պարզ չէ՝ երբ կվերադառնան սպորտային թեժ երեկոները։
Ամեն դեպքում, չնայած այս ամենին՝ Խաբիբ Նուրմագոմեդով-Տոնի Ֆերգյուսոն մենամարտը կկայանա։ Ավելի վաղ հեղինակավոր մի շարք պարբերականներ եւ հեռուստաալիքներ պնդում էին, որ բազմիցս հետաձգված մենամարտը կրկին կհետաձգվի, սակայն UFC պաշտոնական կայքը հանդես եկավ հայտարարությամբ եւ հերքեց բոլոր տարածված լուրերը՝ վստահեցնելով, որ մենամարտը կկայանա։
Ապրիլին կայանալիք գլխավոր սպորտային իրադաձությունների շարքում այս մենամարտը միանշանակ դասվում էր, իսկ հիմա ավելի քան սպասված է այն, որովհետեւ մյուս իրադարձությունները դադարեցված են անորոշ ժամանակով։ Իր ակտիվում եւ ոչ մի պարտություն չգրանցած, UFC թեթեւքաշային չեմպիոն Ռուսաստանը ներկայացնող Խաբիբ Նուրմագոմեդովը ամեն ինչ կանի չեմպիոնական տիտղոսը պաշտպանելու համար, իսկ, ահա, Ֆերգյուսոնն էլ իր հերթին կգնա պատմություն կերտելու հետեւից։
Մենամարտի ֆավորիտը միանշանակ համարվում է ռուսաստանցի մարզիկը, սակայն այդ փաստը չի ստիպում հավատալ, որ մենամարտը հեշտ ընթացք կունենա Խաբիբի համար։ Երկու մարզիկների միջեւ արդեն կայացել է հայացքների մենամարտը, եւ, մեղմ ասած, շոուն ստացվել է։ Նուրմագոմեդովը ոտքով հարվածեց ամերիկացու չեմպիոնական գոտուն՝ ակնարկելով, որ մենամարտի օրը նույն կերպ կվարվի արդեն օկտագոնում։ Թոնի Ֆերգյուսոնը համեստաբար լռեց՝ խոստանալով այդ ամենի պատասխանը տալ մենամարտի օրը։
Չնայած նրան, որ UFC-ն հերքել է մենամարտը հետաձգելու մասին լուրերը, միեւնույնն է, սպորտային աշխարհում բոլորը չեն, որ հավատում են մենամարտի կայացմանը։ Ստեղծված իրավիճակի շուրջ իր մեկնաբանությունն է թողել դեռեւս անպարտելի Խաբիբը: «Փակե՛ք մեզ վանդակում եւ կիմանաք չեմպիոնին», – գրել է ռուս մարզիկը իր պաշտոնական էջում։ Ամենայն հավանականությամբ, սպասված մենամարտը կկայանա փակ դռների հետեւում՝ առանց երկրպագուների։
Սպասվելիք մենամարտում շատ են ինտրիգները, որոնցից երեւի թե գլխավորն էլ օկտագոնի սահմաններից դուրս է գտնվում։ Այս զույգի հաղթողը կմրցի իռլանդացի Քոնոր Մաքգրեգորի հետ, ով հաշված վայրկյաններում Դոնալդ Սերոնեին նոկաուտի ենթարկելուց հետո այժմ «ատամները սրած» սպասում է Խաբիբ Նուրմագոմեդովի հաղթանակին։ Այո, հենց իր «ոխերիմ թշնամու» հաղթանակին է սպասում Քոնորը։ Նուրմագոմեդովի հաղթանակը UFC-ի նախագահ Դանե Ուայթին կստիպի կազմակերպել «ջունգլիի երկու առյուծների» ռեւանշը։ Մաքգրեգորը ուղղակի տենչում է Խաբիբի հետ երկրորդ մենամարտին։ Առաջինում իռլանդացին պարտվեց նոկաուտով, եւ հիմա, ըստ նրա, իսկական ժամանակն է ռեւանշվի։
Քոնորը բազմիցս է նշել, որ այդ մենամարտի ժամանակ ամբողջովին պատրաստ չէր եւ անգամ տրամադրված չէր, ինչն էլ պատճառ հանդիսացավ պարտության։ Այժմ Դանե Ուայթը խոստացել է՝ Քոնորը անպայման կմենամարտի Խաբիբի հետ, եթե վերջինս հաղթի Տոնի Ֆերգյուսոնին։
Դե ինչ, UFC-ի շրջանակներում կայանալիք տարվա խոշորագույն մենամարտը կարող է բացել «դարի մենամարտի» դռները։ Տոնի Ֆերգյուսոնը, եթե կարողանա հաղթել Խաբիբին, ապա կդառնա առաջինը, ով պարտության կմատնի 28 մենամարտերից բոլորում հաղթած մարզիկին եւ, ամենայն հավանակնությամբ, հնարավորություն կստանա մրցել Քոնոր Մաքգրեգորի հետ։ Եթե իրավիճակին նայենք ռեալ աչքերով, ապա իրադարձությունների այսպիսի զարգացումը նույնպես ձեռնտու է Քոնորի համար։ Նուրմագոմեդով – Մաքգրեգոր մենամարտը մի օր, այսպես, թե այնպես, կկայանա: Եթե Տոնին հաղթի Խաբիբին եւ գոտին պաշտպանելու մենամարտը անցկացնի իռլանդացու հետ, ապա վերջինս հնարավորություն կստանա Նուրմագոմեդովի հետ մենամարտել UFC թեթեքաշային չեմպիոնի կարգավիճակում։
Տոնի Ֆերգյուսոնը իր կարիերայում անցկացրած 28 մենամարտերից պարտվել է միայն 3-ում։
Խաբիբ Նուրմագոմեդով-Տոնի Ֆերգյուսոն «ջունգլիների արքային» որոշող մենամարտը նախատեսված է անցկացնել ապրիլի 19-ին։
Էդմոն Մարտիրոսյան