Կյանքից հեռացել է սփյուռքահայ նկարիչ, ճարտարապետ Էդման Այվազյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ութսունութ տարեկանում կյանքից հեռացել է նկարիչ, ճարտարապետ Էդման Այվազյանը:

Այս մասին հաղորդագրություն է զետեղվել Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի սոցկայքի պաշտոնական էջում:

«Ցավով հայտնում ենք, որ 88 տարեկան հասակում կյանքից հեռացել է նկարիչ, ճարտարապետ Էդման Այվազյանը: Նա Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի այցելուների կողմից ամենասիրված ցուցանմուշներից մեկի՝ Արամ Խաչատրյանի դիմանկարի հեղինակն է»,-ասված է գրառման մեջ:

Էդման Այվազյանը Ծովանկարիչների թագավորական միության, Լոնդոնի գեղանկարիչների թագավորական ինստիտուտի անդամ էր: Նա ծնվել է Թեհրանում։ 1939-1948 թվականներին սովորել է Թեհրանի Թամադոն միջնակարգ դպրոցում, 1964-1966 թվականներին՝ Հռոմի գեղարվեստի ակադեմիայում:

1958 թվականին Իրանի կողմից մասնակցել է Վենետիկի բիենալեին և արժանացել Արվեստի և մշակույթի նախարարության առաջին մրցանակին։ 1960-1974 թվականներին աշխատել է ճարտարապետության բնագավառում (Գաջերե հյուրանոց, Թոմասյան դպրոց)։ Ստեղծել է Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցու տաճարի պատկերները։

1973 թվականին տեղափոխվել է Լոնդոն: 1980 թվականին գծագրել է Աբդուլազիզ թագավորի անվան օդանավակայանի Մեծ մզկիթի ինտերիերը:

Էդման Այվազյանն անդրադարձել է «Սասունցի Դավիթ» էպոսին, նկարազարդել է Հովհաննես Թումանյանի երկերը, ստեղծել դիմանկարներ, ծովանկարներ։ Այվազյանի ստեղծագործությունները գտնվում են տարբեր եկեղեցիներում, թանգարաններում՝ Լազար պատկերասրահ, Արամ Խաչարտյանի տուն-թանգարան…

2015 թվականին նկարիչը պարգևատրվել է ՀՀ սփյուռքի նախարարության «Արշիլ Գորկի» մեդալով:




Լրահոս