Հայաստանի համայնքներում երթեւեկության կազմակերպման հարցում որոշումներ կկայացնի նաեւ համայնքի ավագանին, իսկ եթե թերանա այս հարցում, ապա պատասխանատվության կենթարկվի։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը ներկայացրել է նոր օրենսդրական նախագիծ՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2019 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2020 թվականի մարտի 5-ը ներառյալ Հայաստանի պետական վիճակագրական հաշվառման է վերցվել զոհերով եւ վիրավորներով 5481 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 386, մարմնական վնասվածքներ ստացել` 7827 մարդ: Նախորդ տարվա ընթացքում արձանագրվել է միայն նյութական վնասով 42 հազար 344 ՃՏՊ: Ի դեպ, այս տվյալները վերաբերում են ամբողջ երկրում գրանցված ճանապարհատրանսպորտային պատահարներին: Ըստ ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի՝ Երեւանում ճանապարհային երթեւեկությունն ապահովող ճանապարհային նշանների համալրվածությունը հարաբերականորեն բավարար մակարդակի վրա է, բայց, ի տարբերություն Երեւանի, մարզային համայնքներում հակառակ պատկերն է:
Իմքայլական պատգամավորի կարծիքով՝ համայնքներում այս ոլորտի ընդհանուր կառավարման եւ վերահսկման խնդիր կա՝ պայմանավորված ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման համար անհրաժեշտ կահավորանքով դրանք հագեցնելու հետ: Մեզ հայտնի դարձավ, որ գործնականում խնդիրներ են առաջանում՝ պայմանավորված «Տեղական իքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի որոշակիության հետ: Օրենքի նշված դրույթը չի պարունակում համայնքում ճանապարհային երթեւեկության արդյունավետ կազմակերպման եւ կառավարման պարտականությունը կրող մարմնի մասին հստակ ամրագրում, ինչը խոչընդոտում է համայնքի ղեկավարի լիազորությունների պատշաճ կատարմանը:
Իսկ Վաղարշակ Հակոբյանի ներկայացրած «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը նպատակ ունի սահմանել համայնքում ճանապարհային երթեւեկության արդյունավետ կազմակերպման եւ կառավարման պարտականության պատասխանատու լիազոր մարմին:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախատեսվում է հետեւյալ փոփոխությունը. ՀՀ կառավարության սահմանած կարգով՝ ճանապարհային ոստիկանության հետ համաձայնեցնելուց հետո կազմում եւ ավագանու հաստատմանն է ներկայացնում՝ համայնքում ճանապարհային երթեւեկության կազմակերպման, ՀՀ ավտոմոբիլային ճանապարհների անվանացանկում ընդգրկված ճանապարհների մաս հանդիսացող տարանցիկ ճանապարհների (բացառությամբ Երեւանի) սխեման եւ կայացնում է որոշումներ` այդ սխեմային համապատասխան անվտանգ երթեւեկության կազմակերպման համար անհրաժեշտ ճանապարհային կահավորանքի ու այլ տեխնիկական միջոցների տեղադրման վերաբերյալ։
Ինքը՝ Վաղարշակ Հակոբյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, անդրադառնալով այս թեմային, ասաց, որ մինչեւ այժմ հստակեցված չէ, թե որ կառույցն է պատասխանատու համայնքային ճանապարհային երթեւեկության կանոնների կատարման, նշանների տեղադրման մասով։ «Այդ պատճառով կատարվել է հստակություն։ Ենթադրենք, ինչ որ դեպք էր տեղի ունենում ճանապարհային նշանի չլինելու պատճառով, որեւէ մեկը պատասխանատվություն չէր կրում, քանի որ օրենքի կարգավորումը, որը մինչեւ այժմ գոյություն ունի, առավել հստակություն չի տալիս, թե որ մասով որ կառույցն է պատասխանատու։ Այս կոնտեքստում մենք լուծում ենք հարցը, եւ հստակեցում է լինելու․ սրանից հետո իր մասով պատասխանատվություն կրելու է ոստիկանությունը, իսկ մյուս մասով՝ համայնքը»,-բացատրեց պատգամավորը։
Մեր այն հարցին՝ քննարկվել է արդյոք նախատեսվող այս փոփոխությունը համայնքների հետ, պատգամավորն արձագանքեց. «Իհարկե չի քննարկվել, բայց համապատասխան մասնագետների հետ միանշանակ քննարկվել է, համայնքների ղեկավարներ կան, որոնց հետ եւս քննարկվել է, ուսումնասիրություն կատարվել է, եւ դրա կոնտեքստում է որոշում կայացվել, որ սա ունի կարեւորություն։ Մենք օրենքով պատիժ չենք սահմանել, մենք օրենքը հստակեցրել ենք, որ գործառույթների պատասխանատվության շրջանակը հստակ լինի»։
Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաեւ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ։ Պարզվեց՝ Վանաձորում խորհրդային տարիներից մնացած կամ 20-25 տարվա հնության ճանապարհային նշաններ կան տեղադրված, որոնք թարմացնելու կարիք ունեն, բայց դրանք փոխելու համար լուրջ ֆինանսական ռեսուրսներ են պետք։ «Պիլոտային կատարվել է մի քանի քաղաքում դեռեւս 2012 թվականին, փոխել են գծանշումներ, լուսացույցների սպասարկում, մի երկու տարի պետությունը ֆինանսավորել է այդ գործառույթները, որից հետո դա մնացել է համայնքների վրա։ Համայնքները բավարար ու մեծ միջոցներ չունեն, որ այդ աշխատանքներն անեն, բնականաբար, եթե լրացուցիչ միջոցներ մենք կարողանան ներգրավվել, ապա շատ ճիշտ գործառույթ է։
Ճանապարհային երթեւեկության հետ կապված մենք հիմա նախագիծ ունենք․ ամբողջ քաղաքի երթեւեկության նշանները եթե թարմացվեն, մոտ 100-200 մլն դրամի միայն նշան պետք կգա քաղաքին, էլ չեմ խոսում մնացած այլ ատիրբուտների մասին»,- նկատեց քաղաքապետը։
Մեր զրուցակցի խոսքով՝ քաղաքում տեղադրված ճանապարհային նշաններ կան, բայց դրանք ժամանակ առ ժամանակ պետք է թարմացվեն։ «Մենք հիմա մրցույթ ունենք հայտարարած, քաղաքի կենտրոնն ուզում ենք թարմացնել, մոտ 30 մլն դրամ պետք է կարողանանք միջոցներ ներգրավել, որ միայն քաղաքի հիմնական հատվածի ճանապարհային նշանները փոփոխության ենթարկենք։ Բայց միջոցների ներգրավում է պետք, հավելյալ ֆինանսական ռեսուրսներ, որպեսզի ամբողջությամբ այդ բեռը դրվի համայնքների վրա»,-հավելեց մեր զրուցակիցը, ապա վստահեցրեց, որ քաղաքապետարանը պարբերաբար պակաս նշանները փոխում է կամ դրանք նորով է թարմացնում։
Բացի այս, պարզվում է, որ Վանաձորը ճանապարհային երթեւեկության համար նախատեսված տեսանկարահանող սարքերով կահավորված չէ. «Մեր համայնքի կողմից անցյալ տարի 30-35 ոչ երթեւեկության կարգավորման, այլ ուղղակի տեսախցիկներ են տեղադրվել, հիմնականում գողությունների, հանցագործությունների կանխարգելման եւ աղբի ոչ պատշաճ վայրերում թափելու դեպքերը բացահայտելու համար, բայց դրանց մեծ մասը մեր անբարեխիղճ քաղաքացիների շնորհիվ վնասվել են եւ հիմա վերականգման փուլում են»։
Սյունէ Համբարձումյան