Ինչպես հայտնի է, Ռուսաստանի գլխավոր դատախազությունը որոշել է բավարարել Հայաստանի դատախազության՝ 4 ամիս առաջ իրենց ուղարկած միջնորդությունն ու քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Հայաստան արտահանձնել հետախուզվող, Ալրաղացի Լյովիկ մականունով հայտնի Լեւոն Սարգսյանին։ Սակայն այստեղ մի կարեւոր հանգամանք կա՝ Ռուսաստանի գլխավոր դատախազության որոշումը դեռ ուժի մեջ չի մտել։
Հետախուզվող Լեւոն Սարգսյանը կարող է բողոքարկել իրեն արտահանձնելու մասին որոշումը, եւ եթե դատարանը բավարարի այն, Սարգսյանը չի արտահանձնվի։
Այլ խոսքով՝ դեռ վաղ է խոսել Մոսկվայի վերջնական դիրքորոշման մասին, ու ամեն բան կարող է փոխվել ցանկացած պահի, ինչպես դա տեղի ունեցավ Քեթրին Միհրան մականունով Միհրան Պողոսյանի հետ, երբ նա ձերբակալվեց, սակայն հետո ինչ-որ պատճառներով կասեցվեց նրա արտահանձնման գործընթացը։ Ակնհայտ է մեկ բան, որ ՌԴ որոշումից անցել է 11օր, ոստիկանությունը եւ ՀՀ գլխավոր դատախազությունը լռում են:
Իսկ, ահա, Լեւոն Սարգսյանի արտահանձնումը միգուցե ուշանում է, քանի որ նա բողոքարկել է: Իսկ եթե այդպես եղավ, ապա ՀՀ իրավապահները եւս 1.5 ամիս պետք է սպասեն Ալրաղացի Լյովիկին: